Խստորեն դատապարտում ենք այսօր Բաքվում Ադրբեջանի ղեկավարի հնչեցրած սադրիչ հայտարարությունները․ Մանե Գեւորգյան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Խստորեն դատապարտում ենք այսօր Բաքվում Ադրբեջանի ղեկավարի հնչեցրած սադրիչ հայտարարությունները․ Մանե Գեւորգյան




Սպառնալիքի դիրքերից հայ ժողովրդի հետ խոսելը դատապարտելի է եւ չի կարող բերել Հարավային Կովկասում տեւական կայունության: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասել է վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գեւորգյանն՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Բաքվում այսօր հնչեցրած հայտարարություններին:

«Խստորեն դատապարտում ենք այսօր Բաքվում Ադրբեջանի ղեկավարի հնչեցրած սադրիչ հայտարարությունները: Հայաստանի հանդեպ տարածքային նկրտումների վերաբերյալ բարձրաձայնումը լրջագույն կասկածի տակ է դնում Ադրբեջանի պատրաստակամությունը խաղաղության հաստատման հարցում եւ նպատակաուղղված վտանգում է տարածաշրջանային խաղաղությունը եւ անվտանգությունը:

Ադրբեջանի նախագահի այն պնդումները, որ Ադրբեջանը ռազմական ճանապարհով լուծել է ղարաբաղյան խնդիրը, եւս մեկ անգամ ի ցույց են դնում, թե ով է պատերազմի եւ ուժի կիրառման նախաձեռնողը եւ ով է տարածաշրջանը փորձում տանել հետագա ապակայունացման եւ փորձության ճանապարհով: Այս հայտարարությունները առավել քան այժմեական են դարձնում արցախահայության ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումը՝ որպես արցախահայության նկատմամբ ադրբեջանական ցեղասպան նոր նկրտումները կանխելու միջոց:

Այս հայտարարությունները հակասում են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ոգուն եւ դրույթներին: Սպառնալիքի դիրքերից հայ ժողովրդի հետ խոսելը դատապարտելի է եւ չի կարող բերել Հարավային Կովկասում տեւական կայունության: Խիստ դատապարտելի է նաեւ Հայոց ցեղասպանության ճարտարապետների՝ երիտթուրքական գաղափարախոսների փառաբանումը Թուրքիայի նախագահի կողմից։ Նման դրսեւորումները կասկածի տակ են դնում Թուրքիայի հայտարարությունները՝ այդ թվում տարածաշրջանային խաղաղության եւ կայունության հաստատմանը նպաստելու պատրաստակամության վերաբերյալ»,- ասել է վարչապետի մամուլի քարտուղարը։

Նշենք, որ Բաքվի ռազմական շքերթի ընթացքում Ալիեւը Երեւանը, Սեւանը եւ Զանգեզուրը «ադրբեջանական տարածքներ» էր անվանել, իսկ Էրդողանն ասել էր, թե այս օրը «Էնվեր փաշայի, Նուրի փաշայի եւ Կովկասի իսլամական բանակի զինվորների հոգու լուսավորման օրն է»: