Հեղափոխության արդյունքում իշխանությունից զրկված «էլիտան» փորձում է հասնել ռևանշի, հայտարարել է Նիկոլ Փաշինյանը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հեղափոխության արդյունքում իշխանությունից զրկված «էլիտան» փորձում է հասնել ռևանշի, հայտարարել է Նիկոլ Փաշինյանը



ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Երկրում հաստատված քաղաքական իրավիճակի նկարագրությունը հետեւյալն է. 

1. 2018 թվականի հեղափոխության արդյունքում Հայաստանում իշխանությունից զրկված «էլիտան» փորձում է հասնել ռեւանշի: Ընդ որում՝ խոսքն ամենեւին միայն քաղաքական «էլիտայի» մասին չէ, այլ բոլոր նրանց, ովքեր մինչեւ 2018 թվականը ունեցել են արտոնություններ, 2018 թվականից հետո՝ չունեն: 

2. Ժողովուրդը, որ 2018 թվականի հեղափոխությունից հետո զգացել է իր իշխանություն լինելու հանգամանքը, չի ուզում կորցնել այդ կարգավիճակը, մանավանդ հիմա, երբ օգտվելով հանգամանքից, որ իշխանությունն առավել կենտրոնացած է արտաքին անվտանգության խնդիրների սպասարկմամբ, ոմանք գործի են դրել «եթե հանրահավաքի չգաս, աշխատանքից կազատվես» տրամաբանությունը: 

Այսպիսով՝ իրական հակադրությունը ոչ թե կառավարության եւ ընդդիմության միջեւ է, այլ 2018 թվականին արտոնություններից զրկված «էլիտայի» եւ ժողովրդի: Բայց բոլոր դեպքերում վճռորոշ խոսքը ասելու է ժողովուրդը, որովհետեւ եթե ժողովուրդը իր խոսքն ասի՝ «էլիտաները» ոչինչ անել չեն կարող: 

Ես իհարկե, ամեն ինչ անելու եմ, որ ժողովուրդը իր խոսքն ասելու հնարավորությունը չկորցնի եւ ասի այդ խոսքը: Բայց այս պահին մեզ համար առաջնահերթությունը Հայաստանի եւ Արցախի արտաքին անվտանգության ապահովումն է եւ նշված գործողություններում արտաքին անվտանգությունը որեւէ կերպ չպետք է հարցականի տակ դրվի: