Որքա՞ն ժամանակ է կորոնավիրուսով հիվանդը վարակիչ մնում - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Որքա՞ն ժամանակ է կորոնավիրուսով հիվանդը վարակիչ մնում




COVID-19-ով վարակված անձը կարող է վարակիչ մնալ 10, իսկ որոշ դեպքերում` հիվանդության առաջին ախտանիշների ի հայտ գալուց հետո 20 օրվա ընթացքում: Նման կարծիք է հայտնել Ռուսաստանի գլխավոր ինֆեկցիոնիստ Վլադիմիր Չուլանովը, փոխանցում է «Ռոսիյսկայա գազետա»-ն:

Վիրուսի` շրջակա միջավայր արտազատման տեւողությունը մեծապես կախված է հիվանդության ընթացքի ծանրությունից: Կարծիք կա, որ հիվանդության մեղմ եւ միջին ընթացքով դեպքերում վիրուսն արտազատվում է հիվանդության առաջացման պահից սկսած 10 օր: Հիվանդության ծանր ընթացքի դեպքում վարակիչ լինելու ժամանակահատվածը կրկնապատկվում է:

Մասնագետների կարծիքով` կորոնավիրուսի ախտորոշման թեստերը կարող են դրական արդյունք տալ մինչեւ 2 ամիս, սակայն դա չի նշանակում, որ մարդը դեռ վարակիչ է:

«Հետազոտությունները կարող են վիրուսի հետքեր կամ բեկորներ արձանագրել, սակայն այս դեպքում մարդուց վարակվել այլեւս հնարավոր չէ: Սակայն երբ հայտնվում են հիվանդության առաջին ախտանիշները, կարեւոր է ինքնամեկուսացում պահպանել` ուրիշներին չվարակելու համար, եւ այդ մասին հայտնել մասնագետին: Հիվանդությունը շատ դեպքերում ընթանում է սովորական ՍՇՎՎ-ի նման»,- ասել է Չուլանովը:

Կորոնավիրուսային վարակի հիմնական ախտանշաններն են 37.5 աստիճանից բարձր ջերմությունը, (գրանցվել է դեպքերի 90 տոկոսի ժամանակ), թուլությունն ու հոգնածությունը, չոր հազը, ծանր շնչառությունը, գլխացավը, կոկորդի ցավը: Վարակվածների ավելի քան 50 տոկոսը կորցնում է համի եւ հոտառության զգացողությունները: Եվ միայն 10 տոկոսի մոտ լուծ է գրանցվում: