Տաղանդավոր երիտասարդներ և ճիշտ աշխատանք. Ազատոճայինների ոսկե սերունդը զարգացնում է հաջողությունը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Տաղանդավոր երիտասարդներ և ճիշտ աշխատանք. Ազատոճայինների ոսկե սերունդը զարգացնում է հաջողությունը




Դեկտեմբերի 18-ին Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ավարտվեց ըմբշամարտի աշխարհի անհատակա գավաթի խաղարկությունը: Ինչպես հայտնի է, ազատ ոճի ըմբշամարըի Հայաստանի հավաքականը հիանալի ելույթ ունեցավ մրցաշարում՝ նվաճելով մեկ ոսկե, մեկ արծաթե, մեկ բրոնզե մեդալ:

Հատկանշական է ,որ Վազգեն Թևանյանը, Արսեն Հարությունյանն ու Արման Անդրեասյանը գրեթե հասակակիցներ են, 2016թ.-ի պատանիների Եվրոպայի առաջնությունում երեքն էլ մրցանակակիր էին դարձել, ընդ որում Անդրեասյանը ոսկե մեդալ էր նվաճել, իսկ Թևանյանն ու Հարությունյանը պարտվել էին եզրափակչում: Բացի այդ, նույն առաջնությունում մրցանակակիր էին դարձել Ռազմիկ Պապիկյանը, Մհեր Մարկոսյանը, Աառքել Մովսիսյանը… Դրանից ևս մեկ տարի առաջ Թևանյանն ու Հարությունյանը Եվրոպայի առաջնությունից չեմպիոնական ոսկիով էին տուն վերադարձել: Հենց 2015թ.-ի Եվրոպայի առաջնությունն էլ կարելի է համարել այն հենակետը, որից սկիզբ առավ հայկական ազատ ոճի ըմբշամարտի վերելքը:

Պատահական չէ, որ դեռևս երիտասարդների մրցումներին մասնակցելու իրավունք ունեցող այս երեք ըմբիշները Բելգրադում կանգնեցին պատվո պատվանդանին, Պապիկյանին էլ ընդամենը մեկ քայլ չբավականացրեց նույնն անելու համար: Ազատ ճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականներում վերջին տարիներին շատ խելամիտ աշխատանք է տարվում՝ տաղանդավոր եիտասարդներին մեծահասակների ասպարեզում ընդգրկելու համար: Առաջին հերթին արդյունավետ են սկսել աշխատել դպրոցները՝ Օլիմպիական հերթափոխի քոլեջը, Արտաշատի Ռազմիկ Գոլեցյանի անվան մարզադպրոցը, Վանաձորի մարզադպրոցը, փորձում է հետ չմնալ նաև Գյումրին: Պատանեկան և երիտասարդական հավաքականներում արդյունավետ են աշխատում Արշակ Հայրապետյանն ու Ավետիք Վարդանյանը, ազգային հավաքականում էլ Հաբեթնակ Կուրղինյանն ու Էդգար Ենոքյանը կարողանում են արդյունավետ կատարել սերնդափոխությունը:

Այս ամենի հետ միասին, ազատ ոճի ըմբշամարտում մեծ թվով տաղանդավոր մարզիկներ են ի հայտ եկել՝ առաջին հերթին թեթև և միջին քաշային կարգերում, բարձրացել է մրցակցությունը: Հենց դրա շնորհիվ հայ պատանիները սկսել են ամեբարձր կարգի մեդալներով վերադառնալ աշխարհի ու Եվրոպայի առաջնություններից: Դա թույլ է տալիս քաշային կարգերի առաջատարներին ավելի մրցունակ լինել, շուտ մուտք գործել մեծահասակների ասպարեզ. Արման Անդրեասյանը 2018թ.-ի Հայաստանի առաջնությունում շատ մոտ էր չեմպիոնակա կոչմանը, փորձառու Վալտեր Մարգարյանի հետ գոտեմարտում նրան շատ քիչ չհերիքեց հաղթանակի հասնելու համար: Հարությունյանն ու Թևանյանն էլ երկար ժամանակ շատ 61 կգ քաշային կարգում էին հանդես գալիս և մրցակցում էին իրար հետ (2018թ.-ին Գնել Մեջլումյանի անվան հուշամրցաշարի եզրափակչում Թևանյանը հաղթեց Հարությունյանին):

Ի վերջո, արդյունավետ աշխատանքը սկսեց տալ իր պտուղները 2019թ.-ին, երբ Արսեն Հարությունյանը փայլուն կերպով նվաճեց 61 կգ քաշային կարգի Եվրոպայի չեմպիոնի կոչումը: Ընդ որում, որքան նման է այս երկու ըմբիշների անցած ճանապարհը, այնքան տարբեր է նրանց բնավորությունը, ինչը երևում է նաև գորգում. Արսենը՝ ակտիվ, կրակոտ, անընդհատ պայքրաի նետվող, Վազգենն ավելի համբերատար, հանգիստ, մրցակցին մինչև վերջ ուսումնասիրող:

Այս անգամ Հարությունյանը հանդես եկավ օլիմպիական՝ 57 կգ քաշային կարգում: Նախնական գոտմարտերում արդեն զգացվում էր, որ Հարությունյանը պատրաստ է այս քաշային կարգում օլիմպիական ուղեգիր նվաճելուն: Ճիշտ է, եզրափակչում Զաուր Ուգուևի հետ գոտեմարտը Արսենը պարտվեց 53 վայրկյանում, բայց Ուգուևին պարտվելն այսօրվա դրությամբ ամոթալի չէ. ռուսաստանցին իսկապես ուժեղագույնն է այս քաշային կարգում, նրա դեմ այս պահին շատ դժվար է, բայց Հարությունյանը հենց նման գոտեմարտերի շնորհիվ էլ կարող է ուժեղանալ և ապագայում արդեն ոսկե մեդալի համար էլ իսկական կռիվ տալ:

65 կգ քաշային կարգում Վազգեն Թևանյանի հաղթանակը, իսկապես, արդեն հասունացել էր: Դեռևս 2019թ.-ի Եվրոպայի առաջնությունում Թևանյանը ցույց տվեց, որ կարող է ամենաուժեղների դեմ պայքարել. ադրբեջանցի օլիմպիական չեմպիոն Հաջի Ալիևը մեծ դժվարությամբ հաղթեց Վազգենին. այս առաջնությունում արդեն Ալիևը պարտվեց եզրափակչի ճանապարհին Իսմայիլ Մուսուկաևին, մինչդեռ Թևանյանը Հունգարիան ներկայացնող ռուսաստանցուն ոչ մի շանս չտվեց եզրափակչում: Կասկած չկա, որ Վազգենը կարող էր նույն կերպ գոտեմարտել նաև Ալիևի հետ, միգուցե նաև Գաջիմուրադ Ռաշիդովի հետ: Վերջինս գործող աշխարհի չեմպիոնն է, այս խաղերում պարտվեց Ալիևին հենց առաջին փուլում, բայց խանգարեց վնասվածքը: Ինչևիցե, Թևանյանը ցույց տվեց, որ ոչ միայն կարող է օլիմպիական ուղեգիր նվաճել, այլև Տոկիոյում էլ պայքարել մեդալների համար, իհարկե, եթե շարունակի նույն կերպ մոտենալ գործին:

Արման Անդրեասյանը հանդես է գալիս ոչ օլիմպիական 70 կգ քաշային կարգում, բայց բացառված չէ, որ ապագայում տեղափոխվի 74 կգ քաշային կարգ: Անդրեասյանին այս խաղերում որոշ չափով մարզական բախտը ուղեկցեց. Նա երեք տպավորիչ հաղթանակ տարավ, հանդես եկավ իր ուժերի սահմաններում, լավ պայքարեց Լեհաստանը ներկայացնող Մագոմեդմուրադ Գաջիևի հետ, սակայն փորձի պակասը խանգարեց վերջինիս հաղթելուն: Բայց ռուսաստանցի Չեմրեն Վալիևի ստացած վնասվածքը թույլ տվեց Գաջիևին մտնել եզրափակիչ, իսկ Անդրեասյանին՝ պայքարել բրոնզե մեդալի համար: Վճռորոշ գոտեմարտում Վալիևը գորգ դուրս չեկավ, Անդրեասյանը մեդալը նվաճեց առանց պայքարի. պետք է նշել, որ մեկ տարի առաջ երիտասարդների աշխարհի առաջնությունում Անդրեասյանը պարտվել էր Վալիևին 0-10 հաշվով:

Ինչ մնում է մյուս ըմբիշներին, ապա կարելի է առանձնացնել 61 կգ քաշային Ռազմիկ Պապիկյանին և 74 կգ քաշային Հրայր Ալիխանյանին: Երկուսն էլ մի քանի տպավորիչ գոտեմարտեր անցկացրին, բայց պարտվեցին բացահայտ ֆավորիտներին: Մեդալներ նվաճելուն մի փոքր խանգարեց փորձի պակասը, բայց այդ բացը կարելի է ապագայում լրացնել:

2000-ականների սկզբից ի վեր՝ ազատ ոճի ըմբշամարտի հայկական դպրոցը խորը քնի մեջ էր: Այժմ այն արթնացել է և սկսել է պտուղներ տալ. երիտասարդ տաղանդավոր ըմբիշներն ու գրագետ աշխատանքը կարող են նոր նվաճումներ բերել հայկական ըմբշամարտին: Մնում է չբավարարվել ձեռք բերածով և շարունակել կատարելագործել մարզիկների վարպետությունը: