Արցախյան պատերազմում հերոսացած Լեւոն Մանթաշյանի հեղինակային երգը` ծառայակից ընկերոջ եւ Nemra խմբի կատարմամբ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Արցախյան պատերազմում հերոսացած Լեւոն Մանթաշյանի հեղինակային երգը` ծառայակից ընկերոջ եւ Nemra խմբի կատարմամբ


Nemra խմբի անդամները, համագործակցելով ժամկետային զինծառայող Խաչիկ Գրիգորյանի հետ, իրականացրել են Խաչիկի անմահացած ընկերոջ` Արցախյան պատերազմում հերոսաար զոհված Լեւոն Մանթաշյանի երազանքը` ներակայացնելով նրա հեղինակային երգը նոր գործիքավորմամբ եւ կատարմամբ:

«Մեր սիրած խմբի երգի տողը, որ միասին դիտակետում փորագրեցինք փայտի վրա, դարձավ քեզանից հետո իմ հոգեվիճակը. “Lost connection in my head”»... Պատերազմում անմահացած ընկերոջն ուղղված Խաչիկի նամակի այս խոսքերն առիթ հանդիսացան հայտնի հայկական ռոք խմբի ու նրա ծանոթության։ «Ծանոթանալով Խաչիկի հետ, որը վիրավորում ստանալով՝ կարճ ժամանակով Երեւանում է բուժման նպատակով, եւ նրանից իմանալով, որ իր ընկերը՝ Լեւոնն, անչափ տաղանդավոր էր, նվագում էր կիթառ, երգում էր եւ նաեւ երգեր ուներ գրած, անմիջապես որոշեցինք, որ պետք է օգնենք Խաչիկին իրագործել Լեւոնի երազանքներից մեկն ու ձայնագրել նրա երգը:

Շատ ռիսկային էր այն որոշումը, որ հենց Խաչիկը պետք է երգի, քանի որ նախկինում երբեք չէր փորձել երգել, ձայնագրվել, բայց, բարեբախտաբար, պարզվեց, որ Խաչիկը շատ լավ ձայնային եւ արտիստիկ տվյալներ ունի: Բացահայտեցինք մեզ համար երկու նոր տաղանդի: Ցանկանում ենք ձեզ հետ կիսվել Լեւոն Մանթաշյանի այս հիասքանչ երգով, որը կատարեց Խաչիկ Գրիգորյանը, իսկ մենք փորձեցինք մեր գործիքավորմամբ օգնել եւ իրագործել այս ամենը: Խաչիկը վաղը պետք է նորից մեկ տարով վերադառնա սահման, շատ ուրախ ենք, որ հասցրեցինք այս կարճ ժամանակում իրականացնել մեր մտածածը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել Nemra խմբի մենակատար եւ կիթառահար Վան Եղիազարյանը:
 

«Տեսահոլովակին մասնակցեց նաեւ Լեւոնի եղբայրը՝ Տիգրան Մանթաշյան, որին շատ շնորհակալ ենք, որ չնայած այդքան դժվարության ու խորը վշտի մասնակցեց մեզ հետ ամբողջ ընթացքին եւ օգնեց մեզ հավերժացնել Լեւոնի երգը»,- տեղեկացրել է երաժիշտը: