«2020-ին սպասելիքներս մեծ էին ու դրական, բայց ի՞նչ ստացանք...». Անուշկա Մարգարյանը` Ամանորը չնշելու, ներքին ու արտաքին փոփոխությունների մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«2020-ին սպասելիքներս մեծ էին ու դրական, բայց ի՞նչ ստացանք...». Անուշկա Մարգարյանը` Ամանորը չնշելու, ներքին ու արտաքին փոփոխությունների մասին




Դերասանուհի Անուշկա Մարգարյանը, որն այս շրջանում նկարահանվում է «Սարի աղջիկը» հեռուստասերիալում, ասում է` թվերի նշանակությանը հավատում է, թեեւ 2021-ի հետ աշխատում է սպասելիներ չկապել.

«Սպասելիքներ առանձնապես չունեմ: 2020-ին սպասելիքներս մեծ էին ու դրական, բայց ի՞նչ ստացանք... Ավելի շատ փորձում եմ դասեր քաղել, ոչինչ հենց այնպես չի լինում: Այս ամենը պատասխան է մեզ, հուսով եմ` բոլորս դասեր կքաղենք ու կփոխենք ինքներս մեզ` դառնալով ավելի լավը»,-NEWS.am STYLE-ի հետ զրույցում անկեղծացավ դերասանուհին:



«Գուցե տարօրինակ հնչի, բայց վերջին մի քանի տարին զգացել եմ, որ ինչ-որ ահավոր բան է լինելու: Մարդիկ սարսափելի չարացել են, ու դա զգում եմ ամեն պահի... Սկսել են գնահատել միայն նյութականը, ոչ մի հոգեւոր արժեք չի մնացել, ատում են իրար` սիրելու փոխարեն: Սա տիեզերքի պատասխանն է մեզ: Հավատքն իսպառ վերացել է, պետք է ուշքի գալ, արթնանալ...»,-համոզված է դերասանուհին:



Վերջին շրջանում Անուշկան դիմել է արտաքին փոփոխության` վերածվելով կարմրահերի, սակայն նշում է` տվյալ ոճափոփոխությունն իր դեպքում կապ չունի ներքինը փոխելու հետ: Ասում է` եթե չաշխատի ներաշխարհի վրա, ոչ մի կերպարանափոխություն չի ազդի տրամադրության վրա:

«Ոճային փոփոխությունը «Սարի աղջիկը» սերիալի կերպարիս համար էր: Երկար տարիներ ցանկացել եմ մազերս այդ երանգի ներկել, բայց վախեցել եմ: Նոր կերպարը ստիմուլ էր, բացի այդ` կերպարանափոխվելու կարիք կար: Իսկ կյանքում գույներ ավելացնելու համար արտաքին փոփոխություններն ինձ չեն օգնի, եթե ներսումս ոչինչ չփոխեմ...»:



Անուշկան, ինչպես շատերը, անհամբերությամբ է սպասում 2020-ին հրաժեշտ տալուն, բայց Ամանորն այս տարի հատուկ ձեւով չի դիմավորելու.



«Տոնածառ չենք դրել ու չենք դնելու, չնայած խոստովանեմ` եթե տանը բալիկներ լինեին, միանշանակ կդնեի: Երեխաներին պետք է զերծ պահել նեգատիվից»,-ասում է նա ու հավելում,-«Ոչինչ չենք պատրաստել, նշելու տրամադրություն, առհասարակ, կարծում եմ` ոչ ոք չունի: Կեսգիշերին ընտանիքիս հետ, ուղղակի, կճանապարհենք այս տարին ու կդիմավորենք նորը: Իսկ միակ երազանքս այս տարի խաղաղությունն է»: