Նելլին՝ Ամանորի, պատերազմական շրջանի և փոխված կյանքի մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Նելլին՝ Ամանորի, պատերազմական շրջանի և փոխված կյանքի մասին




Երգչուհի Նելլի Պողոսյանի և ֆուտբոլիստ Րաֆֆի Սաֆարյանի ընտանիքի համար համար անցնող տարին բարդ է եղել, քանի որ առաջնագծում է եղել Նելլի քրոջ ամուսինը: Ընտանիքը նույնիսկ բարդ օրերին միջոցառումներ է կազմակերպել, որոնց շրջանակներում իրենց թիմակիցների հետ օգնություն են տրամադրել Արցախից եկած ավելի քան 300 ընտանիքի: Tert.am Life-ի հետ զրույցում Նելլին ասաց, որ, ինչպես բոլորը, իրենք էլ պատերազմական շրջանում շատ սթրեսային վիճակում են եղել, իսկ Ամանորը նշել են այնքանով, որ երեխաների հեքիաթը չեն խլել:

«Մոտ մեկ ամիս առաջ երեխաներիս ամանորյա լուսանկարն էի հրապարակել և գրել, որ չեմ ուզում խլել նրանց մանկությունը, նրանց սթրեսի ենթարկել, քանի որ երեխաները մեղավոր չեն, ուզում են ուրախանալ: Ամանոր ասվածը հարաբերական է, ոչ մեկս տոնախմբություն չենք արել, բայց գոնե տոնածառ ու Ձմեռ պապ մեր երեխաները պետք է ունենային, որովհետև ամբողջ տարին նրանք այդ պահին էին սպասում: Մենք տոնախմբություն չենք արել, բայց մանկական տոնը պետք է ապահովեինք»,- ասաց նա:



Անդրադառնալով պատերազմական օրերին՝ Նելլին ասաց. «Միակ հանգստացնող հանգամանքն այն էր, որ պատերազմի օրերին ես, ամուսինս, մեր շրջապատն առանձնացրել էինք բյուջե, որի շնորհիվ հոկտեմբերի 1-ից 300-ից ավելի արցախցու տեղավորել ենք, մոտ մեկ ամիս ապահովել սննդով: Դա ոչ միայն մեր, այլև մեր թիմակիցների աշխատանքի արդյունքն էր: Այդ ամենը պատերազմական շրջանը հաղթահարելու լավագույն տարբերակն էր: Հիմա ընտանիքների մեծ մասն Արցախ է վերադարձել, այստեղ մնացել են մեկական ընտանիքներ Հադրութից, Բերձորից և Ստեփանակերտից: Նրանց հիմա ապահովել ենք աշխատանքով, որպեսզի կարողանան հոգալ իրենց ընտանիքների առօրյա ծախսերը: Նաև այդ ընտանիքները պետության կողմից են որոշակի գումար ստանում»:

Պատերազմի ամենաթեժ օրերին ընտանիքը բիզնես է սկսել, որի շնորհիվ աշխատանքով է ապահովել արցախցի կանանց: «Շատ եմ լսել, որ արցախցիներն այս կամ այն բանը շատ համեղ են պատրաստում և ունեն բաղադրատոմսի իրենց տարբերակը: Ես Արցախում բարեկամներ չունեի, որ պահածոներ պատրաստեին իրենց ձևով և ես համտեսեի: Օրինակ՝ նրանք դդումի մուրաբան պատրաստում են լիմոնով, ընկույզով, վանիլի մեջ եփված սերկևիլ են պատրաստում, մեղրով ու ընկույզով գաթա: Մեր ամառանոցը ժամանակավոր արտադրամասի վերածեցինք, որտեղ արտադրում ենք պահածոներ, պատրաստում են արցախցի կանայք: Մեր նպատակն էր ցույց տալ, որ արցախցի կինը նույնիսկ այդ դժվար ժամանակահատվածում կարող է ուժեղ լինել, ստեղծել նորը: Նրանց տղամարդիկ առաջնագծում էին, բայց նրանք պատերազմի ամենաթեժ օրերին առավոտյան աշխատանքի էին գալիս»,- նշեց երգչուհին:



Նելլի խոսքով՝ պատերազմի առաջին օրերից առաջնագծում է եղել քրոջ ամուսինը: «Քրոջս ամուսինը սահմանին էր մինչև պատերազմի ավարտը, բնականաբար, մեր ընտանիքում էլ անհանգիստ, մտահոգ վիճակ էր, շաբաթներ շարունակ ապրում էինք մեկ զանգով: Սակայն եթե նույնիսկ սահմանին ոչ մի հարազատ չունենայի, կանհանգստանայի նույն կերպ, որովհետև մեկի հայրը բոլորիս հայրն է, մեկի եղբայրը բոլորիս եղբայրն է, սգացել ենք բոլոր զոհերի համար, ուրախացել՝ բոլոր փրկվածների համար,- ասաց նա և հավելեց, որ 90-ականներին տեղեկությունները շատ դանդաղ էին հասնում իրենց, ինչ-որ մեկն Արցախից գալիս էր, իրենք էլ հետաքրքրվում էին՝ պարտվո՞ւմ ենք, թե՞ հաղթում, հիմա ամեն բան այլ էր,- Երևի այս սերունդն ավելի դաժան ապրեց, որովհետև հիմա ամեն ինչ արագ հասանելի է: Երեխաներս ամեն ինչ հասկանում էին, ամեն օր հարցնում էին՝ հնարավո՞ր է իրենց հայրիկն էլ գնա, պատերազմի ժամանակ մարդիկ մահանո՞ւմ են: Բնականաբար ոչինչ ասել չէի կարող, քանի որ նրանց հայրը հասարակության անդամ է, հայ է ու հնարավոր է՝ գնար: Փորձել ենք երեխաներին ամեն կերպ շեղել, թեև տեսնում էին, որ նեղսրտած ենք, հուզված: Ինչպես 90-ականները հետք թողեցին մեր մեջ, այնպես էլ այս տարիներն են հետք թողնելու նոր սերնդի մեջ: Ես մինչև հիմա հիշում եմ հացի հերթերը, այդ հացի բույրը, կաթի փոշին: Աստված տա, որ այս ամենը հետք չթողնի այս սերնդի հոգեկան աշխարհի վրա»:

Երգչուհին նկատեց, որ պետք է փորձենք առաջ շարժվել: «Պետք է փորձենք շարունակել ապրել բոլոր չապրած կյանքերի փոխարեն: Տարին ավարտվեց, ես կցանկանամ, որ փորձենք հաղթահարել անցնող տարվա բոլոր իրադարձությունները, ոտքի կանգնենք: Շատ եմ լսում, որ ասում են՝ Հայաստանում ապագա չկա, լքում են երկիրը: Եթե ես մեր տանը խոսեմ արտագաղթելու մասին, ամուսինս ուղղակի կսպանի բոլորիս՝ չնայած մեր տանը երբեք կռիվ չի եղել: Նա ասում է՝ ի՞նչ է նշանակում թողնել-գնալ, թույլերն են գնում»,- ընդգծեց Նելլին:



Նյութի աղբյուրը այստեղ :