Նշվել են 2021 թվականի գլխավոր ռիսկերը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Նշվել են 2021 թվականի գլխավոր ռիսկերը




Eurasia Group քոնսալթինգային ընկերությունը նշել է գլխավոր ռիսկերը, որոնց, նրա կարծիքով, աշխարհը կբախվի 2021 թվականին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Վարկանիշում առաջին հորիզոնականը զբաղեցրել է «բաժանված Ամերիկան». փորձագետների խոսքով՝ դարաշրջան է սկսվում, երբ ԱՄՆ քաղաքացիների գրեթե կեսը պետության ղեկավարին կհամարի ոչ լեգիտիմ: Ընկերությունը նշում է, որ ընտրությունների արդյունքները ճանաչելուց ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի հրաժարվելը ԱՄՆ պատմության մեջ եզակի արարք է, որն ընդգծում է, թե ամերիկան որքան պառակտված է:

Վերլուծաբանների տեսանկյամբ՝ իր նշանակությամբ երկրորդ ռիսկը կորոնավիրուսի ձգձգվող համավարակն է: Ընդգծվում է, որ շարունակվող համավարակը սպառնալու է ոչ միայն մարդկանց կյանքին, այլեւ քաղաքական կայունությանը եւ համաշխարհային տնտեսությանը: Պատվաստանյութի բաշխումը կհանգեցնի հարուստների եւ աղքատների բաժանման, ինչը շատ երկրներում անկարգություններ կհրահրի:

Մասնագետները վարկանիշի երրորդ տեղը հատկացրել են կլիմայի փոփոխության դեմ պայքարին՝ նշելով, որ այս ոլորտում գլոբալ համագործակցությունը կփոխարինվի մրցակցությամբ:

Վերլուծաբանները տարվա առանցքային ռիսկերի թվում են ներառել նաեւ Չինաստանի եւ ԱՄՆ հարաբերություններում լարվածության մեծացումը, մյուս երկրներին գաղտնի տեղեկությունների փոխանցման դժվարությունները, կիբեռտարածքում հակամարտության առաջացման հավանականությունը, որը կհանգեցնի աննախադեպ տեխնոլոգիական եւ աշխարհաքաղաքական ռիսկերի ի հայտ գալուն: Դրանից բացի, փորձագետներն առանձնացրել են Թուրքիայի տնտեսության խնդիրները, որոնք կվատթարացնեն երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վիճակը, նավթի ցածր գների պատճառով Մերձավոր Արեւելքի երկրների տնտեսությունների թուլացումը, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ապագա հրաժարականը եւ Լատինական Ամերիկայում սոցիալական ու տնտեսական ճգնաժամերը՝ որոշ երկրներում ընտրությունների եւ համավարակի պատճառով: