«Մեծ ցանկություն ունենք, որ մեր երեխաները հայրենիքում մեծանան, բայց ստիպված մտածում ենք արտագաղթելու մասին». Հասմիկ Կարապետյան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Մեծ ցանկություն ունենք, որ մեր երեխաները հայրենիքում մեծանան, բայց ստիպված մտածում ենք արտագաղթելու մասին». Հասմիկ Կարապետյան



Tert.am Life-ը գրում է.

Երգչուհի Հասմիկ Կարապետյանը պատերազմական շրջանը հոգեբանորեն չի հաղթահարել մինչև հիմա: Tert.am Life-ի հետ զրույցում նա խոսել է իր ապրումների, մարդկանց չարանալու, ստիպված արտագաղթելու մասին մտածելու և երեխաներին բացասական առօրյայից հեռու պահելու մասին:

«Պատերազմական շրջանը դեռ չեմ հաղթահարել, որովհետև կարծում եմ՝ պատերազմը դեռ չի ավարտվել, շարունակվում է: Ամենացավալին այն է, որ բացի տարածքները, թշնամուն տրվեցին նաև այդ տարածքներում գտնվող պատմամշակութային կոթողները, եկեղեցիները: Նույնիսկ չգիտենք, թե դրանց ճակատագիրն ինչ կլինի: Շատ ծանր եմ տանում այս ամենը, սարսափելի անորոշության մեջ եմ, չգիտեմ, թե ինչ է լինելու: Ցավում եմ, որ մեր ժողովուրդն ունի նմանատիպ կարմա: Չեմ կարծում, որ մեզ կարելի է երջանիկ ժողովուրդ համարել, որովհետև անընդհատ ծանր իրադարձություններ են տեղի ունենում մեզ հետ»,- ասաց նա:



Հասմիկը նկատեց, որ հայ լինելն արդեն իսկ բարդ է:

Երգչուհին նաև նշեց, որ պատերազմական շրջանում կարողացել է երեխաներին հեռու պահել բացասական լուրերից. «Նրանք երջանիկ են այնքանով, որ դեռ փոքր են ու չեն զգացել, թե ինչ է կատարվում: Որքան էլ ինձ համար ծանր էր, որպես մայրիկ, փորձել եմ լիարժեք ապահովել նրանց ուրախ ժամանցը, որ իրենց լավ զգան»:

Այս ընթացքում շատերը մտածում են արտագաղթելու մասին, Հասմիկը բացառություն չէ. «Շատերն այս օրերին խոսում են արտագաղթի մասին, հիմա կարող եմ ասել, որ ճիշտ են անում: Ես ու ամուսինս բացառում էինք հայրենիքից գնալը, հիմա էլ մեծ ցանկություն ունենք, որ մեր երեխաները հայրենիքում մեծանան, բայց և ստիպված մտածում ենք արտագաղթելու մասին, որովհետև հայրենիքում ես դեռ լույս չեմ տեսնում: Դեռ չեմ մտածում, թե ուր կարելի է գնալ, բայց կգնանք այնպիսի երկիր, որտեղ կկարողանանք լավ ապագա կառուցել մեր երեխաների համար: Այնպիսի զգացողություն է, կարծես քո երկրում քեզ անտեր զգաս, հենարան չունենաս: Միգուցե հենց այս ամենն է դրդել, որ սկսել եմ մտածել հայրենիքից գոնե ժամանակավոր գնալու մասին»:



Չնայած այս շրջանի բոլոր խնդիրներին՝ Հասմիկն աշխատանքային նորություն ունի: Խոսելով իր և Դեր Հովայի նոր զուգերգի տեսահոլովակի նկարահանումների մասին՝ նա ասաց, որ նկարահանման մի մասն իրականացրել են մինչև պատերազմը:

«Առաջին օրը նկարահանեցինք, հետո սկսվեց պատերազմն ու նկարահանումները դադարեցրինք, քանի որ ոչ տրամադրություն կար, ոչ էլ ոգևորվածություն: Ժամանակն անցավ, սպասում էինք, թե ինչ կլինի: Ամանորից առաջ վերսկսեցինք նկարահանումները,- ասաց նա ու հավելեց, որ տեսահոլովակը նկարահանվել է նաև երկրպագուների նվիրաբերած միջոցներով,- Այդ մարդիկ գումար են տրամադրել, մենք տեսահոլովակ չնկարահանելու իրավունք չունենք, որքան էլ մեր ուղեղն այլ բաներով է զբաղված: Երևի, պետք է շարունակենք ապրել, որ հետագայում քայլ առ քայլ փորձենք այս խավարից դուրս գալ: Յուրաքանչյուր գիշերից հետո արև է լինում, մութն ու լույսը հաջորդում են իրար: Ինչքան էլ ընկած լինես, պետք է թափ տաս ծնկներդ ու առաջ շարժվես, ուղղակի պետք է ուժ գտնել»:


Նյութի աղբյուրը այստեղ :