Ռոզի Ավետիսովան՝ պատերազմական շրջանում նկարահանվելու և իր ապրումների մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ռոզի Ավետիսովան՝ պատերազմական շրջանում նկարահանվելու և իր ապրումների մասին



Tert.am Life-ը գրում է.

Դերասանուհի Ռոզի Ավետիսովան երկար դադարից հետո նկարահանվում է բազմասերիանոց «Սարի աղջիկ» հեռուստասերիալում: Tert.am Life-ի հետ զրույցում նա պատմել է պատերազմական շրջանում հեռուստասերիալի թիմին միանալու, իր ապրումների, նոր ներկայացման մասին:

Դերասանուհու խոսքով՝ դեռ անորոշ իրավիճակում է, պատերազմական շրջանը չի հաղթահարել: «Մեր ունեցած զոհերի կորուստը հաղթահարելու համար երկար ժամանակ է պետք, ինչպես 90-ականների կորուստները, որոնք մինչև նոր պատերազմն էլ հիշում էինք: Ծանր է գիտակցել, որ երիտասարդ սերունդը զոհվեց, իսկ սպասված հաղթանակը չկա: Կարելի է ասել, որ դրանով ցավը կրկնապատկվեց: Իմ հարազատներից, ընկերներից շատերը ռազմաճակատում են եղել, ընկերներիցս Կարենը եղբոր հետ որպես կամավոր Արցախ էր մեկնել, երկուսն էլ, ցավոք, զոհվեցին»,- ասաց նա:



Անդրադառնալով իր ներկայիս հոգեվիճակին՝ Ռոզին ասաց. «Ես չհանձնվող տեսակ եմ, անկումային շատ իրավիճակներ հաղթահարելուց հետո առաջընթաց եմ ապրել: Բնականաբար, ի տարբերություն շատ հարազատներ կորցրած մարդկանց, ինձ համար ավելի հեշտ է կողքից խոսել, բայց պետք է փորձել հաղթահարել այս շրջանը: Բարդ է, խոսքը մարդկային կյանքերի մասին է, որոնք անդառնալի են, բայց պետք է փորձել: Ժպտալը, իհարկե, դժվար է դարձել, առիթներ եմ փնտրում ժպտալու համար, որոնք շատ քիչ են, բայց լինում են»:

Հոկտեմբերից դերասանուհին միացել է «Սարի աղջիկ» հեռուստասերիալի թիմին. ըստ նրա՝ նկարահանվելու հրավերը ստացել է Դիանա Գրիգորյանից:

«Թեև սիրում եմ դադարներ, կարոտել էի տեսախցիկը. վաղուց չէի նկարահանվել: Երկմտում էի երկարատև նախագծում ներգրավվել, վերջին երկու տարում նման նախագծերում ընդգրկված չեմ եղել, բայց կարոտն ինձ բերեց այս նախագիծ: Առհասարակ, միշտ կարոտում եմ աշխատանքս և չեմ հագենում դրանից,- ասաց նա և հավելեց, որ նկարահանվում էին Հայաստանի ու Արցախի համար բարդ շրջանում,- Նկարահանումների ընթացքում ինչ-որ առումով կտրվում էինք իրականությունից, բայց ընդմիջումներին վերցնում էինք հեռախոսներն ու հետևում լուրերին: Որքան էլ աշխատանքը քեզ կտրում է իրականությունից, երբ պատկերացնում ես, թե ինչ է կատարվում սահմանին, շատ բարդ է նկարահանվել»:



Դերասանուհին նկատեց, որ հիմա մասնագիտական առումով իրեն լավ է զգում, քանի որ զբաղվածություն ունի և՛ հեռուստատեսային նախագծում, և ներկայացման մեջ: «Ընդգրկված եմ Սուրեն Սաֆարյանի «Սեր» ներկայացման մեջ, որի առաջնախաղը նոյեմբերի վերջին էր, երեկ ևս խաղում էինք: Սիրային մելոդրամա է՝ 90-ականների Հայաստանի և սիրառատ մի զույգի մասին: Խաղում ենք «Նաիրի» կինոթատրոնի բեմում՝ ես և Սուրեն Սաֆարյանը, կուլիս չունենալը չի խանգարում: Ամբողջ աշխարհում ընդունված է, երբ ներկայացումը խաղում են փողոցում, շքամուտքում, սրճարանում, մետրոյում: Հայաստանում այդ մշակույթը նոր է ձևավորվում»,- ասաց դերասանուհին:


Նյութի աղբյուրը այստեղ :