Արտաշես Մխիթարյանը՝ «Սարի աղջիկ» սերիալում իր դերի և թատրոնի մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Արտաշես Մխիթարյանը՝ «Սարի աղջիկ» սերիալում իր դերի և թատրոնի մասին



Tert.am Life-ը գրում է.

Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի փոխտնօրեն, դերասան Արտաշես Մխիթարյանն այս շրջանում նկարահանվում է «Սարի աղջիկ» հեռուստասերիալում: Tert.am Life-ի հետ զրույցում նա խոսել է սերիալի, հեռուստադիտողին չձանձրացնելու, թատրոնի մասին:

«Դիանա Գրիգորյանի հետ աշխատել էի նրա նախագծերից մեկում՝ «Նռան հատիկ» հեռուստասերիալում, այս անգամ հրավեր ստացա երկու կերպարի համար, կենտրոնացանք Ռոբի կերպարի վրա: Մոտ մեկ տարի բազմասերիանոց սերիալում չէի նկարահանվել, այս նախագծից առաջ նկարահանվել եմ «Անատոլիական պատմություն» նախագծում: Սա իմ մասնագիտությունն է, ես պետք է լինեմ տեսախցիկի առջև, որպեսզի պահպանեմ աշխատանքային վիճակս, նոր բաներ բացահայտեմ, մասնագիտությանս մեջ ավելիին հասնեմ»,- ասաց նա:



Դերասանի խոսքով՝ նկարահանվելու առաջարկներն ընդունում է հաշվի առնելով սցենարը: «Առհասարակ նախագիծն աշխատանքային առումով պետք է հետաքրքիր լինի, որպեսզի գրավի ինձ: Պետք է պրպտելու տեղ ունենամ, բարդ իրավիճակների առջև կանգնեմ, հաղթահարեմ դրանք: Ռոբի կերպարն ինձ համար հետաքրքիր է, որովհետև մեկ գծով չի շարժվում: Տպավորություն է, թե բացասական կերպար է, բայց նա բացասական լինելու համար պատճառներ ունի, նաև դրական կողմեր ունի»,- նկատեց դերասանը:



Արտաշեսն ասաց, որ դերասանական անձնակազմին ծանոթ է նախորդ նախագծերից, թատրոնից: 

Անդրադառնալով թատրոնին՝ դերասանն ասաց, որ Դրամատիկական թատրոնը մոտ մեկ տարի է՝ վերանորոգման մեջ է: «Այդ ընթացքում փորձեր ունեցել ենք, նույնիսկ պանդեմիայի շրջանում փորձերը չեն դադարեցվել: Նախատեսում ենք փետրվարին նորից ընդունել մեր սիրելի հանդիսատեսին՝ պահպանելով հակահամաճարակային բոլոր կանոնները: Դերասան Հրաչյա Հարությունյանն է նոր ներկայացում պատրաստում, կա նաև ներկայացում, որտեղ ես եմ ընդգրկված, բայց մանրամասներ ասել չեմ ցանկանում: Հուսով եմ, որ կորոնավիրուսն այս անգամ մեզ չի խանգարի: Կարոտել եմ հանդիսատեսի հետ շփումը, որը շատ բարդ, միևնույն ժամանակ, շատ հետաքրքիր է, տա Աստված, այն վերականգնվի»,- նկատեց դերասանը: