Արենա Զեյնալյանը՝ ընտրյալի, 2021-ն ԱՄՆ-ում դիմավորելու, կորոնավիրուսի «անակնկալների» ու 2020-ի մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Արենա Զեյնալյանը՝ ընտրյալի, 2021-ն ԱՄՆ-ում դիմավորելու, կորոնավիրուսի «անակնկալների» ու 2020-ի մասին




NEWS.am STYLE-yը գրում է.

«Միսս Հայուհի 2018» տիտղոսակիր, Women’s Club նախագծի ամենասիրելի կերպարներից մեկը՝ Արենա Զեյնալյանն, այս Նոր տարին դիմավորել է ԱՄՆ-ում: Պարզվում է՝ կորոնավիրուսի պատճառով մոդելը փետրվարից մինչ օրս չի կարողացել վերադառնալ Երեւան: Ու թեեւ Արենան սրտնեղում է, որ, գրեթե, մեկ տարի չի հանդիպել, նույնիսկ, Թեհրանում բնակվող ընտանիքի անդամներին՝ կորոնավիրուսն, այնուամենայնիվ, հետաքրքիր ճակատագիր էր նախատեսել հայ գեղեցկուհու համար: Հենց ԱՄՆ-ում մնալու շնորհիվ Արենան գտել է իր կյանքի կեսին, Ամանորն էլ անցկացրել է սիրելիի ու նրա հարազատների հետ:

NEWS.am STYLE-ի հետ զրույցում մոդելն առաջին անգամ խոսել է անձնական կյանքի փոփոխության մասին, անդրադարձել նաեւ 2020-ին՝ իր բոլոր տհաճ «անակնկալներով», խոսել Women’s Club-ի վերջին թողարկումներում իր բացակայության եւ 2021-ից իր սպասելիքների մասին:

«Ընտրյալս ԱՄՆ-ից է, բայց հայ է: Մենք ընտանիքներով միշտ մտերիմ ենք եղել, իսկ այստեղ մեր շփումն ու ընկերությունն ամրապնդվեց, ավելի լավ սկսեցինք միմյանց ճանաչել ու ավելի մտերմացանք: Ամանորն այս տարի անցկացրել եմ ընկերոջս, նրա ընկերների եւ զարմիկների հետ: Հետաքրքիր օր էր, միեւնույն ժամանակ՝ մի քիչ տարօրինակ ինձ համար, որովհետեւ ընտանիքիցս հեռու եմ գտնվում: Առաջին անգամ էի ԱՄՆ-ում դիմավորում Նոր տարին, հուսամ՝ այն լավը կլինի: Իհարկե, այս Ամանորը, ամեն դեպքում, չուներ տոնական համ ու հոտ՝ պայմանավորված նախորդ տարվա իրադարձությունների հետ»,-ասում է Արենան եւ անդրադառնալով 2020-ին՝ հավելում.

«Շատ դժվար տարի էր, թեեւ թիվը գեղեցիկ էր, եւ բոլորս էլ, երեւի, կարծում էինք, որ տարին էլ նույնքան գեղեցիկ պիտի լիներ՝ ծնունդներ, հարսանիքներ, տոներ, բայց այն այլ կերպ ընթացավ, հատկապես, հայերի համար... Ես՝ ինքս, մեծ դաս քաղեցի՝ դա այն է, որ մարդ պետք է գնահատի իր ներկան, պիտի ապրի, սիրի իր շրջապատը, գնահատի պահն ու փառք տա Աստծուն կյանքի համար: Պետք չէ հետաձգել ամենափոքր բանն անգամ, օրինակ՝ հարազատին զանգահարելը՝ մտածելով, թե դա կարելի է անել թեկուզ վաղը կամ մյուս օրը... Ամեն պահն ու ամեն մարդու ներկայությունը պետք է գնահատել ու շնորհակալ լինել Աստծուն, որ տվյալ մարդը կա, ողջ է ու առողջ»:


Անդրադառնալով իր այսօրվա գործունեությանն ու ԱՄՆ-ում բնակվելուն՝ Արենան նշեց.

«Կորոնավիրուսը շատ է ազդել իմ գործունեության ու կյանքի վրա: Ես, առհասարակ, չէի նախատեսել, որ պիտի գամ ԱՄՆ ու մնամ, ամեն ինչ խառնվեց իրար, եւ դա մի կողմ դրած, այն ինձ նաեւ հետաքրքիր արկածներ բերեց. այստեղ մնալն ինձ, օրինակ, սեր տվեց (ժպտում է): Բայց ԱՄՆ-ն դեռ շարունակում է ինձ համար անապատի պես մնալ (ծիծաղում է), այնուամոնայնիվ, որոշեցի մնալ այստեղ. եթե այդ շրջանում վերադառնայի Երեւան, ինձ համար ավելի վատ կլիներ. Ընտանիքս Թեհրանում է ապրում, նրանք չէին կարող գալ Հայաստան, եւ ես լրիվ մենակ էի մնալու, բացի այդ՝ մոդելային ասպարեզն էլ չէր աշխատում, այսինքն՝ գործունեությունս էլ, միեւնույն է, կանգ էր առնելու... մի խոսքով, դա պատճառ դարձավ, որ որոշեմ մնալ ԱՄՆ-ում, ինչ-որ տեղ փորձեմ դուրս գալ նաեւ իմ հարմարավետության գոտուց, ու հուսով եմ՝ ճիշտ որոշում եմ կայացրել: Կփորձեմ նաեւ աշխատանքս այստեղ ծավալել, ի վերջո, Ամերիկան մեծ երկիր է ու հնարավորություններով լի: Այս շրջանում զբաղված եմ իմ ոսկերչական զարդերի դիզայնով եւ արտադրանքով: Դեռ շատ գործեր չունենք, բայց կարծում եմ՝ այն, ինչ արել ենք, յուրահատուկ է ու եզակի: Հուսով եմ՝ շուտով կորոնավիրուսը կմնա անցյալում, եւ կկարողանամ անցնել նաեւ մոդելային գործունեությանս»:

Արենայի խոսքով՝ ԱՄՆ-ում կարոտը հաճախ է զգացնել տալիս.

«Այստեղ շարունակ իմ երեւանյան հուշերով եմ ապրում, օրերն եմ հաշվում, թե երբ կկարողանամ վերադառնալ… Բացի այդ՝ շատ եմ կարոտել ընտանիքիս անդամներին»:


Ինչ վերաբերում է Women's Club-ի իր կերպարին եւ հնարավոր համագործակցության շարունակությանը՝ մոդելը նշեց.

«Եթե նախագիծը շարունակվի եւ ես կարողանամ ֆիզիկապես ներկա լինել Հայաստանում, սիրով կշարունակեմ մասնակցությունս: Հայաստանից իմ բացակայության պատճառով էր, որ վերջին հաղորդումներին ես չէի նկարահանվում: Հուսով եմ՝ նախագիծը կշարունակվի ու ամեն ինչ լավ կլինի: Իսկ հեռուստադիտողից անչափ շնորհակալ եմ, որ իմ կերպարն այդքան հավանել էր: Ճիշտն ասած՝ մեկ-մեկ կարոտում եմ իմ՝ ռուսերեն արտահայտություններին, բայց այստեղ չգիտեմ՝ ում հետ կարող եմ խոսել այդպես (ծիծաղում է): Երբեմն վերընթերցում եմ տեքստերս ու սկսում ծիծաղել. շատ եմ կարոտել… Իրականում, շատ թեժ աշխատանք էինք տանում, հաճախ շատ էի հոգնում, մտածում էի՝ շատ դժվար է, չեմ կարողանա տեքստերը ժամանակին սովորել, բայց հիմա երանի եմ տալիս այդ օրերին… Որքան լավն էր այդ մթնոլորտը, մեր հանդիսատեսը… Ուրախ եմ, որ ապրել եմ այդ օրերը»:

Իսկ 2021-ից Արենան մի բան է խնդրում՝ վերադարձ առօրյա կյանքին.

«Աղոթում եմ, որ առողջ տարի լինի, երազում եմ հանդիպել ընտանիքիս, որոնց շատ եմ կարոտել: Հայաստանի համար եմ անդադար մտածում, հուսով եմ՝ իրավիճակը դեպի լավը կգնա: Աշխարհն այնպիսին է դարձել, որ ամենափոքր բանը երազանք է հիմա: Ես երազում եմ, որ բոլորս վերադառնանք մեր նախկին ապրելակերպին, շատ բան չեմ ուզում…»:


Նյութի աղբյուրը այստեղ :