Լրահոս

20 փաստ Աթենա Մանուկյանի մասին




NEWS.am STYLE-ի «20 փաստ» խորագիրը տեւական դադարից հետո վերադառնում է: 2021-ի մեր առաջին հերոսուհին հունահայ երգչուհի Աթենա Մանուկյանն է: Ի՞նչ գիտեն հետեւորդները Աթենայի մասին… Դե, որ նա ունի հայկական եւ հունական արմատներ, ապրում է Աթենքում, իր գործունեությամբ հայտնի է նաեւ եվրոպական մի շարք երկրներում, միջազգային մրցույթների մասնակից է, իսկ 2020-ին դարձել է «Դեպի Եվրատեսիլ» նախագծի հաղթողը: Մենք որոշեցինք նոր փաստեր պարզել երգչուհու ընտանիքի եւ նախասիրությունների մասին:

Աթենա, ի՞նչ ես անում արթնանալուց անմիջապես հետո:

Սկզբում գրկում եմ շնիկիս՝ Բալուին, լվացվում եմ, մաքրում ատամներս, հետո ստուգում բջջայինս:

Քո ամենասիրելի ուտեստը…

Չեմ կարող միայն մեկը թվարկել. դե սկսենք՝ սիրում եմ լավաշով սպաս, խինկալի, մուսակա եւ բրոկոլիով պատրաստված ամեն ինչ:

Ովքե՞ր են ընտանիքիդ անդամները:

Հայրս՝ Արամ Մանուկյանը, մայրս՝ Բեթին, եղբայրս՝ Վանգելիսը, որին, պարզապես, Վագ եմ ասում, եւ, իհարկե, ունեմ երկու գեղեցիկ շնիկ՝ Բալուն եւ Թորը:

Տարվա ո՞ր եղանակն ես ամենից շատ սիրում:

Ես կասեի՝ գարունը, որովհետեւ այն միակ սեզոնն է, որն իր մեջ ներառում է տարբեր եղանակների ներդաշնակությունը՝ ոչ շատ շոգ է, ոչ շատ ցուրտ, եւ ամենուրեք ծաղիկներ կարող ես տեսնել: Բացի այդ՝ ես հենց գարնանն եմ ծնվել (ծիծաղում է):

Ունե՞ս ֆոբիաներ:

Այո, վախենում եմ սարդերից, ինչպես «Հարի Փոթեր» ֆիլմից Ռոնը:



Քո հասակն ու քաշը…

Հասակս 165 սմ է, քաշս՝ 57 կգ:

Ի՞նչը կամ ովքե՞ր են քեզ ոգեշնչում:

Ինձ կարող են ոգեշնչել ամենօրյա փոքրիկ բաները, որոնք ինձ հիշեցնում են, թե որքան օրհնված եմ ես: Իհարկե, ինձ շատ են ոգեշնչում նաեւ երկրպագուներս. նրանք ինձ առաջ գնալու ուժ են տալիս, եւ ես նրանց շատ եմ սիրում:

Ո՞րն է քո ամենասիրելի ֆիլմը:

«Հարի Փոթերը»: Ո՞վ կգա միասին դիտենք:

Քո սիրելի գիրքը…

Կրկին՝ «Հարի Փոթեր»:

Ո՞րն է, ըստ քեզ, «Եվրատեսիլ» մրցույթի ամենալավ կողմը:

«Եվրատեսիլը» պատվավոր մրցույթ է, որը միավորում է մարդկանց եւ երաժշտությունը: Այն Եվրոպայում բնակվող մարդկանց հնարավորություն է տալիս շփվելու, միմյանց հետ կիսելու իրենց երաժշտությունն ու մշակույթը: Կարծում եմ՝ հենց դա է ամենալավ կողմը:

Մրցույթի տարբեր տարիների հայ մասնակիցներից ո՞ւմ ելույթն ես ամենից շատ հավանել:

«Ես իմ հայ հողից եկա բերեմ

Հովը սարերի, լույսը արեւի...

You wanna be with me,
You think and dream of me
Come qele, move qele».

Հայերեն ո՞ր բառն ես ամենից շատ սիրում եւ օգտագործում:

«Շատ շնորհակալություն»:

Ո՞ր գույնն է քեզ լավագույնս բնորոշում:

Վարդագույնը:

Նշիր, ըստ քեզ, քո բնավորության 3 դրական, 3 բացասական գծերը:

Դրական գծերս են՝ դրական լինելը, առատաձեռնությունը, սիրելիներին օգնելու մշտական պատրաստակամությունը:

Բացասական գծերն են՝ համառությունս, միշտ քաղցած լինելը, պերֆեկցիոնիստ լինելը… Շատ պերֆեկցիոնիստ եմ:

Կյանքիդ ո՞ր օրերը կցանկանայիր ջնջել հիշողությունիցդ:

Կարծում եմ՝ կյանքում ամենավատ օրերը կապված են սիրելիների կորստի հետ: Այդպիսով, իմ բոլոր վատ հիշողությունները կապված են սիրելիներիս կորցնելու հետ` պապիկիս, ընկերներիցս երկուսին… Միշտ աղոթում եմ եւ կաղոթեմ նրանց համար, եւ ես համոզված եմ՝ նրանք մեր մասին հոգ են տանում:



Տղամարդկանց մեջ արտաքին եւ ներքին ո՞ր հատկանիշներն ես ամենից շատ գնահատում:

Ինձ համար կարեւոր է կոնտակտը, այնպես որ՝ աչքերը, ժպիտը, հումորի զգացումը, քայլվածքը, խոսքը, ոճը…

Ո՞ւմ հետ ես, սովորաբար, կիսում գաղտնիքներդ:

Ես երբեք չեմ պատմում իմ գաղտնիքները…

Ինչպիսի՞ հարցադրումներ չես սիրում:

Չեմ սիրում, երբ հարցնում են անձնականիս մասին:

Շա՞տ իրականացված երազանքներ ունես:

Այն ամենը, ինչին հասել եմ այսօր, ինձ համար երազանք էր:

Իսկ այսօր ի՞նչ անձնական երազանքներ ունես:

Կցանկանայի ունենալ շատ ձայնասկավառակներ, որոնք ավելի լավ կպատմեին իմ մասին, եւ հիշվել՝ որպես մի արտիստ, որը զրոյից սկսելով հասել է շատ բաների:

Ի դեպ, այսօր լույս է տեսնելու իմ նոր սինգլը, որը կոչվում է You Should Know: Այն հեղինակել եմ հենց ես, իսկ տեսահոլովոկի պրեմիերան կկայանա հունվարի 22-ին: