Լրահոս

Երաժիշտ Սերգեյ Այվազյանը՝ իր անցած ճանապարհի, արտիստների հետ աշխատանքի եւ առաջիկա ծրագրերի մասին




NEWS.am STYLE-ը գրում է.

Դաշնակահար Սերգեյ Այվազյանը երաժշտության հետ կապվել է դեռևս մանկական տարիներից։ Ինչպես իր մայրն է պատմում՝ «դեռ մեկ տարեկանից սկսած դաշնամուրը հետաքրքրել է Սերգեյին»։

Նա մեծացել է արվեստագետների ընտանիքում․ պապիկը՝ նկարիչ-բանաստեղծ, տատիկը՝ օպերային երգչուհի, հայրը՝ երաժիշտ։ Երաժշտությունը նրա հոգու հայելին է, որն արտացոլում է իր ապրումներն ու զգացածը։

NEWS.am STYLE-ի հետ զրույցում Սերգեյը խոսել է իր անցած ճանապարհից, երաժշտությունից եւ ապագա ծրագրերից։

Սերգեյ, մասնագիտության ընտրության հարցում, երբեմն մեզ ուղորդում են մեր ծնողները կամ մենք ինքներս ենք ընտրություն կատարում։ Ձեր դեպքում ո՞ր տարբերակն է եղել։
Մասնագիտության ընտրության հարցում ծնողներս իրենց դերն ունեցել են։ Հայրս, տեսնելով երաժշտության հանդեպ իմ սերն ու ունակությունը, փոքրուց աշխատել է ինձ հետ, մինչեւ կգնայի երաժշտական դպրոց։ Մեծանալով արվեստագետների ընտանիքում՝ թերեւս չէի կարող այլ մասնագիտության մասին մտածել։ Այն գենետիկորեն է փոխանցվել ինձ։ Երաժտությունն իմ մեջ ապրել է մանկուց։ Հիշում եմ՝ ինչպես էի ոգեւորվում, երբ հայրիկիս կամ պապիկիս ընկերները հավաքվում էին մեր տանը ու սկսում նվագել։ Մինչև հիմա էլ այդ ավանդույթը պահպանվել է։ Երբեք չեմ պատկերացրել ինձ այլ ոլորտում։



Ո՞րն էր առաջին լուրջ բեմելը, եւ արդյոք դա նմա՞ն էր այն բեմելին, որը մինչ այդ պատկերացնում էիք:
Առաջին անգամ բեմ բարձրացել եմ 7 տարեկանում, երբ սովորում էի «Ստեփան Ջրբաշյանի անվան» երաժշտական դպրոցում։ Ինչպես գիտենք, երաժշտական դպրոցներում գեղեցիկ ավանդույթ կար։ Ամեն կիսամյակը մեկ, աշակերտներին ոգեւորելու համար, հաշվետու համերգներ էին կազմակերպում, որպեսզի սաները սովորեին բեմին։ Սուտ կլինի, եթե ասեմ՝ այդ ժամանակ ինչ-որ բան եմ զգացել։ Ինձ համար առաջին մեծ բեմելը եղել է «Կարեն Դեմիրճյանի անվան» մարզահամերգային համալիրում։ Եթե չեմ սխալվում, 2010 թվականին Սիլվա Հակոբյանի մենահամերգն էր, երբ 10000 հոգու առջեւ բեմ բարձրացա։ Սկզբի մի քանի րոպեն անբացատրելի էր, պատասխանատվությունը շատ մեծ էր, քանի որ քո պահվածքից ու նվագից էր կախված մյուս բոլոր երաժիշտների աշխատանքը։ Առաջին 10-15 րոպեն անհանգստություն, ներշնչանք ու հուզմունք էի զգում, հետո մոռացա ամեն ինչ եւ մտածեցի միայն երաժշտության մասին։

Իսկ ինչո՞ւ հենց դաշնամուրն ընտրեցիք։
Դաշնամուրն ինձ հետաքրքել է դեռ մեկ տարեկանից, երբ չէի քնում ու դաշնամուրի ստեղների հետ էի խաղում։ Ինձ հետաքրքիր էր թե՛ գործիքի ձայնը, թե՛ սեւ ու սպիտակ ստեղները։ Դաշնամուրի հանդեպ սերն առաջացել է նաեւ հայրիկիս շնորհիվ։ Ուրիշ այլ երաժշտական գործիքների չեմ տիրապետում, բայց փորձել եմ փողային գործիքներ, պարզապես, իմ իմանալու համար։

Ամեն երաժշտական գործիք ունի իր բնավորությունն ու տրամադրությունը։ Ձեզ մոտ դաշնամուրն ի՞նչ զգացողություններ է արթնացնում։
Տարբեր։ Կախված է, թե ինչ ապրումների մեջ ես այդ րոպեին։ Բայց եթե մեկ բառով բնութագրեմ, թե ինչ եմ զգում նվագելիս, ապա կասեմ ներդաշնակություն։

Հիմա ո՞րտեղ եք նվագում եւ ստեղծագործում։
Այս պահին պատրաստվում ենք փետրվարի 5-ին Էրիկի կայանալիք մենահամերգին, որի երաժշտական խմբի ղեկավարը ես եմ։ Շատ մեծ կարոտով սկսում ենք աշխատել ու նորից ստեղծագործել։ Վերջին մի քանի ամիսները մեզ այնպես են ցավեցրել, որ հիմա ժամանակն է գործել, շարունակել ապրել, զարգանալ ու ուժեղանալ։ Պետք է կարողանանք ժողովրդին ոգեշնչել, որ նորից սիրահարվեն, նորից հայրենիքի ու սիրո մասին երգեր երգեն։



Գիտեմ շատ արտիստների հետ եք աշխատել եւ աշխատում։ Կնշե՞ք նրանց եւ հետաքրքիր է, խստապահա՞նջ եք երկուստեք։
Աշխատում եմ Քրիստինե Պեպելյանի, Էրիկի, Սիլվա Հակոբյանի, Գաբի Գալոյանի, Ռուզան Ավետիքյանի եւ այլ արտիստների հետ։ Համերգային շրջագայությամբ եղել ենք՝ Ավստրալիայում, ԱՄՆ-ում, Եվրոպայում ու Ռուսաստանում։ Առհասարակ բնույթով պահանջկոտ եմ, որովհետեւ եթե երաժշտական խմբի պատասխանատվությունն ինձ վրա է, ապա մինչև իրենց գալն էլ ես ամեն բան պատրաստում եմ։ Բնականաբար հեշտ չի արտիստի հետ աշխատելը։ Ստեղծագործական փոքրիկ վեճեր լինում են, քանի որ առանց դրա լավ ելույթ չի կարող լինել։




Ավելի շատ նվագում եք հայկական ֆոլկ երաժշտություն։ Ի՞նչով է ձեզ գրավել ֆոլկ երաժշտությունը եւ ի՞նչ նշանակություն ունի ձեզ համար դասականը։
Այն ինչ հիմա նվագում եմ այդ ամենի հիմքում ընկած է դասականը, որովհետեւ առանց դասականի ֆոլկ երաժշտությունը ու աշխարհի բոլոր երաժշտական ոճերը չէին լինի։ Դասականով ենք մենք կրթվում եւ ամեն տեսակի երաժշտության մեջ կան դասականի մելիզմները։ Դասական երաժշտությունն ինձ համար աստվածային է, որի մեջ կա անբացադրելի էմոցիա։

Դասական երաժշտությունը մեկ կամ մի քանի բառով նկարագրել չես կարող։
Ո՞ր մեծանուն կոմպոզիտորի ստեղծագործություններն են ձեզ հոգեհարազատ։

Հայ կոմպոզիտորներից ինձ ավելի հոգեհարազատ են Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները, որոնք թե՛ կատարելիս, թե՛ լսելիս զգում ես դասականի էներգիան։
Ինչ հեգեվիճակում էլ լինեմ կամ եթե ուզում եմ կտրվել իրականությունից, ապա նախընտրում եմ լսել Արամ Խաչատրյանի գործերից։



Հեղինակած ստեղծագործություններ ունե՞ք, հիմնականում ինչի՞ մասին են ձեր ստեղծագործություները, ի՞նչ տրամադրություն ունեն։
Հեղինակած ստեղծագործություններ շատ քիչ ունեմ։ Առաջին գործս եղել է մի քանի տարի առաջ։ Գրել եմ Սոֆի Մխեյանի «Երազում» երգի երաժշտությունը, որը սիրո մասին է։ Եւս մեկ ստեղծագործություն կա, որը դեռ հեգեվիճակս թույլ չի տալիս ներկայացնել այն, քանի որ դեռ պատրաստ չեմ ապրել այն, ինչ ապրել եմ այդ երաժշտությունը գրելիս։

Ինչի՞ց եք սովորաբար ոգեշնչվում ստեղծագործելիս։
Սիրուց, որն ինձ համար լայն հասկացողություն ունի։

Ի՞նչ նոր ծրագրեր ունեք առաջիկայում։
Դե արդեն նշեցի, որ հիմա պատրաստվում ենք համերգի։ Բացի այդ 2020-ին շատ համերգներ ու շրջագայություններ կային, որոնք չեղարկվեցին։ Կփորձենք այն իրականացնել այս տարի․ շրջագայություններ, համերգներ, նոր ստեղծագործություններ եւ այլն։ Ցանկություն կա, որ այս տարի ոչ միայն հանդես գամ որպես երաժիշտ կամ երաժշտական խմբի ղեկավար, այլ որպես մենակատար։



Նյութի աղբյուրը այստեղ :