«Մոտ 40 կմ անցնել եմ վիրավոր ոտքով». բռնցքամարտիկ Լեո Պապյանն ապաքինվում է - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Մոտ 40 կմ անցնել եմ վիրավոր ոտքով». բռնցքամարտիկ Լեո Պապյանն ապաքինվում է



Armeniasputnik.am-ը գրում է․ 

Պատերազմի առաջին օրերից շատ հայ մարզիկների և մարզիչների հետ առաջնագիծ մեկնած բռնցքամարտիկ Լեո Պապյանը Sputnik Արմենիային պատմել է իր վիրավորվելու մասին և ասել, թե մարզական վիճակն ինչպես է օգնել իրեն կռվի դաշտում։

 Հայաստանի բռնցքամարտի հավաքականի անդամ Լեո Պապյանը հոկտեմբերի 10–ին Արցախում վիրավորվելուց հետո քիչ–քիչ ապաքինվում է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում մարզիկն ասում է, որ արդեն լավ է զգում իրեն։



Վիրավորվելու առաջին պահերին Լեո Պապյանին շատ էր անհանգստացնում` արդյո՞ք ստացած բեկորային վնասվածքը կխանգարի բռնցքամարտիկի իր կարիերային։

«Առաջին հարցը, որ ես տվեցի բժշկին, իմ սպորտային ապագայի հետ էր կապված։ Առանց բռնցքամարտի ինձ չեմ պատկերացնում։ Ուզում էի հասկանալ` արդյոք ոտքիս վնասվածքը խնդիր չի առաջացնի մարզվելու համար։ Շատ ուրախացա, երբ բժիշկն ասեց, որ շատ շուտով կկարողանամ մարզվել, ու վնասվածքը չի խանգարի իմ կարիերային»։

Բռնցքամարտիկը պատմում է, թե ինչպես է մարզվելու ընթացքում ձեռք բերած ֆիզիկական ամրությունն օգնել իրեն մարտի դաշտում։

«Դե մարզիկները տարին 12 ամիս մարզվում ու նախապատրաստվում են տարբեր մրցումների։ Ֆիզիկական լավ պատրաստականությունը ինձ շատ պետք եկավ։ Ոտքից բեկորային վիրավորում ստանալուց հետո մոտ 40 կմ անցա ոտքով: Որ հիմա մտածում եմ, դա շատերի համար անհնարին կլիներ»,- հիշում է Պապյանը։

Մարզիկներին մրցումների նախապատրաստելիս մարզիչները մեծ ուշադրություն են դարձնում հոգեբանական պատրաստականության վրա, ու պարզվում է, որ այս գործոնն էլ հայ բռնցքամարտիկին օգնել է անսասան մնալ ռազմի դաշտում։ «Դե կռիվ է, որտեղ ցավոք առանց վիրավորների կամ զոհերի չի լինում։ Երբ մեր տղաներից որևէ մեկը վիրավորվում էր, մենք առանց ընկճվելու կենտրոնանում էինք նրան առաջին օգնություն ցույց տալու վրա ու միաժամանակ մարտ էինք վարում։ Չեմ կարող ասել, թե դա ինչ ուժ է, որը ծնվում է հայ զինվորի մոտ ու դարձնում նրան մի քանի անգամ ավելի հզոր ու անպարտելի»,- ասում է Պապյանն ու հավելում, որ հոգեբանորեն պատրաստ մարդը երբեք չի ընկրկի ոսոխի դեմ` գիտակցելով, որ թիկունքում իր տունն ու ընտանիքն է։

Նշենք, որ 69 կգ քաշային կարգում Լեո Պապյանը մեկ անգամ չէ, որ ներկայացրել է Հայաստանը տարբեր կարգի մրցումներում։ Ռինգում, հիմա էլ մարտի դաշտում հայ բռնցքամարտիկը միշտ էլ ձգտել է հասնել առավելագույն լավ արդյունքի։

«Ե՛վ ռինգում, և՛ մարտի դաշտում պետք է կարողանաս օգտագործել քո հոգու ու մարմնի հնարավորությունները, զգաս հակառակորդի թույլ կողմերն ու հասնես նպատակիդ»,- ասում է Պապյանը։



Տեղեկացանք, որ Լեո Պապյանից բացի առջնագծում վիրավորվել է նաև 81 կգ քաշային կարգի բռնցքամարտիկ Սոս Քոչարյանը։ Մարտի դաշտում է եղել նաև Տոկիոյում կայանալիք օլիմպիական խաղերի բռնցքամարտի մրցաշարում իր տեղն այս պահին ապահովված միակ բռնցքամարտիկը՝ Կորյուն Սողոմոնյանը։

Նյութի աղբյուրը այստեղ ։