«208» կանչող զինվորը մի քանի օրով տուն է վերադարձել․ ահա, թե ինչ է պատմում նա
«208» կանչող զինվորը մի քանի օրով տուն է վերադարձել
400 օր անց, մի քանի օրով Նաիրի Ամիրյանն իջել է դիրքից: Զինծառայության մեկ տարին դեռ չէր լրացել, Արցախում պայթեց պատերազմը:
Հայկանդուխտ Ղազարյան, Աշտարակի Սուրբ Աստվածածին եկեղեցու աշխատակից — Ո՞նց չեմ ճանաչում, այն կտրված ձայնով տղան:
Նաիրի Ամիրյան, 44-օրյա պատերազմի մասնակից — Նշանաթիվ՝ 208, հիշում եմ, որ ձայնս դուրս չէր գալիս:
Երբեմն այնքան էր կտրվում ձայնը, նշանաթիվը հաշվարկի տղաներն էին հնչեցնում: Պատերազմի աղմուկը խզել էր զինվորների ձայնը, բայց նահանջի առիթ չէր տվել: Նրանց կյանք ու կռիվը քաղաքի, հայրենիքի, ընտանիքի համար էր:
Շենքը հարուստ է հերոսներով՝ պատշգամբից ժպիտով նշում են պատերազմից տուն եկած զինվորին դիմավորող հարևանները: Նրանցից մեկն Ազգային հերոս Գեղազնիկ Միքայելյանի այրին է: Նաիրին ամեն օր հերոսի հայացքի ուղեկցությամբ է դպրոց գնացել:
Նաիրի Ամիրյանն Արցախյան ազատամարտի դասը լավ էր սովորել. նրա կռիվը ռազմաճակատի ամենաթեժ՝ Մեխակավանի ուղղությամբ էր: Ժամկետայինը մի քանի ժամ է, ինչ տանն է, անպայման գնալու է Եռաբլուր, որտեղ հանգչում է ամենամոտ ընկերներից Ալբերտ Հովհաննիսյանը:
Նաիրի Ամիրյան — Հարազատի նման եմ եղել, միշտ սիրել եմ: Շատ եմ հարգել, դաստիարակված էր:
Հայացքը հաջողության խորհրդանիշին՝ մայրը 44 օր աղոթել է ռազմաճակատում կռվող որդու ու նրա ընկերների համար:
Արմինե Ամիրյան, Նաիրի Ամիրյանի մայրը — Հավատով սպասել եմ, որ Նաիրիս կենդանի է մնալու, դրանից զորեղ ուժ չկա:
Նաիրին պատերազմի մասին չի սիրում շատ խոսել: ԱյԹի ինժեներ կուզեր դառնալ: Իրենց պայքարի մասին երգեր են գրվել, դեռ չի լսել: