Կարո Հովհաննիսյանը՝ Լուսե–Վան զույգի, «Սարի աղջիկ» սերիալում քարոզվող արժեքների և իր բիզնեսը հայրիկին հանձնելու մասին. Tert.am Life - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Կարո Հովհաննիսյանը՝ Լուսե–Վան զույգի, «Սարի աղջիկ» սերիալում քարոզվող արժեքների և իր բիզնեսը հայրիկին հանձնելու մասին. Tert.am Life



Tert.am Life-ը գրում է.

Դերասան Կարո Հովհաննիսյանը երկար դադարից հետո կրկին հեռուստաէկրանին է և նկարահանվում է «Սարի աղջիկ» հեռուստասերիալում: Tert.am Life-ի հետ զրույցում Կարոն պատմել է դադարի, նոր նախագծի, իր կերպարի և գործընկերների հետ հարաբերությունների մասին:

Կարոյի խոսքով՝ մինչև երկար դադարն առաջարկներ ուներ, ուղղակի այդ շրջանում հիմնում էր իր սեփական բիզնեսը և որոշել էր 1-2 տարի ժամանակը դրան տրամադրել:

«Հետո սկսվեց կորոնավիրուսը, բիզնեսս կորուստներ կրեց, նախորդ տարի որոշեցի՝ վերադառնալու ժամանակն է: Հիմա բիզնեսով հայրիկս է զբաղվում, որովհետև նկարահանումների հետ չեմ հասցնում դրան ժամանակ տրամադրել: Նման երկար դադար նախկինում չէի ունեցել, բայց դերասանին, երբեմն, պետք են փոքր դադարներ, որպեսզի հեռուստադիտողին չհոգնեցինի: Թեև երկար դադար եմ ունեցել, մոռացվելու խնդիր չի եղել, որովհետև հեռուստադիտողը հիշում է իր մեջ տպավորված կերպարներին: Մինչև հիմա մարդիկ, երբեմն, ինձ հիշում են որպես Էդմոն՝ չնայած այդ կերպարը «Վերադարձ» սերիալում խաղացել եմ մոտ 10 տարի առաջ: Նախագծի հրավերը ստանալու նախորդող շրջանում ինձ շատ էին հարցնում՝ չե՞ս ուզում նկարահանվել, կարոտս շատացել էր: Նախագծի առաջարկը եղավ ու սիրով ընդունեցի»,- պատմեց նա:



Դերասանն ընդգծեց, որ երկար դադարից հետո աշխատանքային վիճակի մեջ լինելու խնդիր կար, բայց այնպես չէ, որ կաշկանդված էր: «Առաջին նկարահանումների ժամանակ մի փոքր անսովոր վիճակ էր, բայց այդ վիճակն արագ անցավ, որովհետև ես նորից վերադարձա իմ ամենասիրելի գործին, մեր թիմը հրաշալի է աշխատում: Երկու խումբ ունենք, աշխատում են՝ մեկը մյուսին լրացնելով, ներդնում են լավագույնը, նրանց հետ աշխատելը հաճույք է: Պարբերաբար հեռուստադիտողներից հաղորդագրություններ եմ ստանում, որ ուրախ են ինձ եթերում տեսնել, նման հաղորդագրություններ ստանում էի դադարի ընթացքում»,- ասաց նա:

Կարոն վերհիշեց, որ «Սարի աղջիկ» հեռուստասերիալի պրոդյուսեր Դիանա Գրիգորյանի հետ աշխատել էին տարիներ առաջ «Դժվար ապրուստ» հեռուստասերիալի շրջանակում: 



Կարոն շեշտեց, որ հեռուստադիտողը հաճախ կարող է քննադատել իրենց կերպարների քայլերը՝ ասելով, որ քարոզվող արժեքները սխալ են:

Դերասանը նաև ասաց, որ ուրախ է նորից աշխատել գործընկերների հետ: «Նրանց հետ ավելի հաճելի ու հետաքրքիր մթնոլորտ էր ստեղծվել: Ունեմ նաև նոր գործընկերներ, շատ շուտ ինտեգրվեցինք, ինչը, կարծում եմ, ճիշտ ղեկավարումից է: Իմ հիմնական գործընկերներից մեկի՝ Լուսեի դերակատար Աիդայի համար սերիալը դեբյուտային է: Լուսե-Վան զույգը շատ է սիրվել, որովհետև նրանք շատ փորձությունների միջով են անցնում և դեռ անցնելու։ Ամեն ինչ առջևում է՝ չնայած նկարահանումների հանգուցալուծմանն ենք մոտենում, բայց ոչ ավարտին: Աիդայի հետ աշխատելը շատ հետաքրքիր է, փորձում եմ իմ իմացածով օգտակար լինել նրան, ընթացքում տեսնում եմ նրա աճը, ոչ ոք չի կարող միանգամից իդեալական լինել: Եթե ինչ-որ թերացումներ լինում են, փորձում եմ խորհուրդներ տալ: Բոլորս էլ թերացումներ ունենում ենք, կապ չունի՝ նոր ես նկարահանվում, թե՞ արդեն փորձ ունես»,- եզրափակեց դերասանը:



Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում