Դիանա Մխիթարյանը՝ Կարեն Ասլանյանի հետ աշխատանքի, նոր մասնագիտություն սովորելու և կրկին աշխատելու ցանկության մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Դիանա Մխիթարյանը՝ Կարեն Ասլանյանի հետ աշխատանքի, նոր մասնագիտություն սովորելու և կրկին աշխատելու ցանկության մասին



Tert.am Life-ը գրում է.

Երիտասարդ երգչուհի, դերասանուհի Դիանա Մխիթարյանը լսարանին հայտնի դարձավ «Անհասցե ծնվածները» հեռուստասերիալից, որը դեռևս նրա միակ դերասանական փորձն է եղել։ Այս շրջանում Դիանան չի ներկայանում որպես դերասանուհի: Tert.am Life-ի հետ զրույցում նա պատմել է ներկայիս զբաղվածության, առաջիկա ծրագրերի, նոր մասնագիտություն ձեռք բերելու և Կարեն Ասլանյանի հետ համագործակցության մասին:

Դիանան որոշել է իրեն փորձել մեկ այլ բնագավառում և համալսարան է ընդունվել․ «Սովորում եմ կառավարում, բանկային գործ, առաջին կուրսի ուսանող եմ: Մանկուց սիրել եմ բանկային գործը, միշտ երազել եմ իմանալ, սովորել, աշխատել, բայց հանգամանքներն այլ կերպ են դասավորվել: Որոշեցի փորձել, գուցե, հետագայում աշխատեմ այդ մասնագիտությամբ: Համալսարանում դասերը շատ հետաքրքիր են անցնում, ինքս բնավորությամբ այնպիսին եմ, որ եթե ինչ-որ առարկա ինձ դուր չգա, չեմ սովորի: Քանի որ սիրում եմ մասնագիտությունը, ամեն ինչ ավելի հեշտ է տրվում ինձ»:




Նրա խոսքով՝ երգով ևս զբաղվում է, հաճախում է վոկալի դասերի: 

Երիտասարդ երգչուհին նկատեց, որ բացի երգը, նկարահանումները և բանկային գործը, սիրում է ժամանակ անցկացնել նաև խոհանոցում: «Սիրում եմ ազատ ժամանակ խոհանոցում լինել, կարծում եմ՝ յուրաքանչյուր աղջիկ էլ խոհանոցի հանդեպ սեր ունի: Սիրում եմ տարբեր ուտեստներ, խմորեղեններ պատրաստել: Երբ համացանցում ինչ-որ հետաքրքիր բաղադրատոմս եմ տեսնում, անպայման փորձում եմ՝ համե՞ղ է ստացվում, թե՞ ոչ: Իմ պատրաստած ուտեստները մայրս է փորձում, կարծիք հայտնում, նա շատ համեղ քաղցրավենիքներ է պատրաստում, նրանից եմ սովորում»,- ասաց դերասանուհին:



Դիանան նաև շեշտեց, որ հայտնի դառնալուց հետո իր կյանքում շատ փոփոխություններ չկան: 

Հարցին՝ չի՞ ցանկանում կրկին նկարահանվել, Դիանան պատասխանեց. «Ուզում եմ նորից նկարահանվել, գիտեմ, որ առաջարկներ եղել են, բայց այդ հարցերով զբաղվում է իմ պրոդյուսեր, դերասան Կարեն Ասլանյանը: Նա է որոշում՝ որն է ճիշտ, որը՝ սխալ»: Այսպիսով` Դիանան պատասխանեց նաև վերջերս շրջանառվող խոսակցություններին, թե ինքն ու Կարենը դադարել են համագործակցել․ «Շարունակում ենք համագործակցել, ուղղակի համատեղ նոր նախագծեր այս ընթացքում չենք ներկայացրել, չգիտեմ՝ հետագայում կլինե՞ն, թե՞ ոչ, այդ հարցերով ևս Կարենն է զբաղվում»:


Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում