«Միսս Տիեզերք»-ում Հայաստանի ներկայացուցիչ Մոնիկա Գրիգորյանը` 10 տարեկանում հորը կորցնելու, նախկին անհամարձակության եւ ամաչկոտությունը հաղթահարելու մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Միսս Տիեզերք»-ում Հայաստանի ներկայացուցիչ Մոնիկա Գրիգորյանը` 10 տարեկանում հորը կորցնելու, նախկին անհամարձակության եւ ամաչկոտությունը հաղթահարելու մասին




«Միսս Տիեզերք 2020» մրցույթին (նախորդ տարի չանցկացվելու պաճառով մրցույթն ունի նույն անունը) Հայաստանը կներկայացնի 21-ամյա Մոնիկա Գրիգորյանը: Մոնիկան ծնունդով Վանաձորից է, երկու տարի է` բնակվում է Երեւանում, սովորում է Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում: Մոնիկան հասարկությանը հայտնի է «Միսս Աշխարհ Արմենիա 2019» մրցույթից, որից հետո էլ սկսել է պրոֆեսիոնալ մակարդակով զբաղվել մոդելինգով: Մոնիկայի` «Միսս Տիեզերք»-ում Հայաստանը ներկայացնելու որոշումը եղել է «Միսս Արմենիա» համահայական մշակութային հիմնադրամի նախագահ, «Միսս Հայաստան 1998», «Միսս ԱՊՀ 1999» Գոհար Հարությունյանինը:

«Քանի որ անցած տարի համաճարակ էր եւ շատ երկրների ազգային տնօրեններ հնարավորություն չունեցան իրենց երկրներում ազգային մրցույթ անցկացնելու, մեզ հնարավորություն տվեցին մեր ընտրությամբ առաջարկելու թեկնածուի: Մոնիկային առաջադրելը եղել է իմ կողմից միանձնյա որոշում, բայց հիմնվել եմ այն բանի վրա, որ նա «Միսս Աշխարհ Արմենիա 2019»-ի վիցե միսսն էր, բացի այդ` Մոնիկան շատ սիրված է եղել հասարակության կողմից, նաեւ այն, որ նա պատրաստվում էր միջազգային մրցույթի մասնակցել Վիետնամում եւ նախապարաստական աշխատանքներ էր կատաում. ամենապատրաստված թեկնածուն այս պահին Մոնիկան էր»,-այսօր` մարտի 30-ին կայացած մամուլի ասուլիսին նշեց Գոհարը:

«Ինձ համար նաեւ շատ կարեւոր էր, որ ես մասնակցի հետ հեշտ աշխատեմ, մենք ամեն բան շատ հեշտությամբ ենք կատարում»,- հավելեց նա:



Ինչ վերաբերում է Մոնիկային` նա մեծ ոգեւորությամբ է ընդունել հեղինակավոր մրցույթում Հայաստանի ներկայաուցիչը լինելու առաջարկը. «Մեկ տարվա դադարից հետո վախ կար, բայց ինձ ավելի պատրաստ էի զգում մասնակցելու, ու շատ մեծ պատասխանատվությամբ ու ոգեւորությամբ ընդունեցի առաջարկը, եւ այժմ պատրաստվում եմ մրցույթին: Բնականաբար, լարվածություն կա, որովհետեւ շատ մեծ պատասխանատվություն է դրված ինձ վրա, ժամանակը շատ քիչ է, նոր ենք սկսում պատրաստվել, բայց փորձում ենք ամեն ինչին դրական տեսանկյունից նայել, որ բարձր տրամադրությամբ մեկնեմ մրցույթին»,- նշեց Մոնիկան:



Անդրադառնալով Հայաստանի համար ծանր տարվան` Գոհարը ընդգծեց. «Ես հասկացա մի բան, որ այն վիշտը, որը մենք ունենք, ժամկետ չունի. չի գալու մի օր, որ ասենք` այս պահից սկսած կարող ենք ուրախանալ, զվարճանալ... Ծնկի եկած վիճակից կարող ենք դուրս գալ միայն, երբ բոլորը սկսեն աշխատել եւ իրենց ոլորտները զարգացնեն: Շատ դժվար է, բայց մեր երկրի անունը պետք է բարձրաձայնել, հատկապես` միջազգային հարթակներում: Պետք է ցույց տալ, որ մենք ուժեղ ենք, մենք գեղեցիկ ենք ու հաղթող ենք»:

Խոսելով մեր մասնակցի զգեստների եւ բեմական կերպարի մասին` Գոհարը նշեց. «Դեռեւս անցած տարվանից պամանավորվածություն կար «Տերյան» մշակույթի կենտրոնի հետ, դիզայներ Լիլիթ Մելիքյանը սիրով կարում է մեր հայկական տարազը. ներկայացնելու ենք Արցախի տարազը: Ինչ վերաբերում է երեկոյան հագուստին` դիզայներները պատրաստակամ են, բայց մենք չունենք այդ նյութերը, որպեսզի «Միսս Տիեզերքի» բեմին համապատասխան զգեստ կարվի: Չնայած` ես ցանկանում էի, որ այդ հարթակը տրամադրեինք հայ դիզայների, ցավոք, չստացվեց, զգեստը կարելու է ֆիլիպինուհի, որը ապրում է Ֆլորիդայում եւ շատ մեծ փորձ ունի հենց մրցութային զգեստների ստեղծման մեջ: Ի դեպ, բացի դեֆիլեի դասընթացներից` Մոնիկան անցնում է առցանց հարցազրույցի նախապատրաստություն Նյու Յորքի մասնագետի հետ, որովհետեւ մրցույթում ամենաառաջնային չափանիշը հանրային խոսքի վարպետությունն է»:



Գոհարը նաեւ նկատեց, որ հաճախ հանրությունը սխալ պատկերացումներ է կազմում, թե ինչպիսին պետք է լինի գեղեցկության մրցույթների մասնակիցը, հատկապե, երբ խոսքը պլաստիկ վիրահատություններին է վերաբերում. «Մեր հասարակությունը չի հետեւում միջազգային մրցույթներին եւ հաճախ թյուր տեղեկություն է տարածում այն մասին, թե չի կարելի, որ մասնակիցը դիմած լինի որեւէ պլաստիկ միջամտության: Մենք չունենք նման նախապայման: Աղջիկները կարող են շտկել իրենց արտաքինը, եթե կարծում են` դա իրենց կտա ինքնավստահություն: Ես ընդունում եմ աղջիկների կատարած փոքրիկ` չափի մեջ միջամտությունները, որովհետեւ ուզում եմ, որ մեր աղջիկներն ինքնավստահ լինեն արտաքնապես: Միեւնուն է` միայն քթի վիրահատությունով գեղեցկուհի չեն դառնում: Մոնիկայի մոտ եղել է քթի վիրահատություն, մենք դա չենք թացնում, եւ նա այսպես իրեն ավելի լավ է զգում»:

Մոնիկան ներկայացրեց իր կյանքի դժվարագույն փուլը, որով կիսվելու է «Միսս Տիեզերք» մրցույթում` փորձելով տարածել այն հաղորդագրությունը, որ դժվարությունները չպետք է խանգարեն, որ ոտքի կանգնես ու քայլես առաջ. «Խոսելու եմ ծանր մանկությունիցս, որ մեծացել եմ առանց հայրիկիս... Հորս կորցրել եմ 10 տարեկանում, շատ դժվարությունների միջով ենք անցել ընտանիքիս հետ: Իհարկե, եթե մրցույթի ֆորմատը թույլ տա, կխոսեմ նաեւ պատերազմից, որի հետեւանքով հազարավոր հայ երեխաներ դարձան ծնողազուրկ»:



Անդրադառնալով ամաչկոտությունը հաղթահարելուն եւ լողազգեստով ելույթ ունենալուն` գեղեցկուհին նշեց. «Հիմա անհանգստություն չկա: Նախորդ մրցույթում չէի մասնակցել լողազգեստի փուլին, որովհետեւ, լինելով Վանաձորից, կարծում էի` համաքաղաքացիներս համարձակությունս սխալ կհասկանային, ամաչեցի հագնել լողազգեստ, բայց երբ Չինաստանում մասնակցեցի մրցույթի, համարձակություն հավաքեցի, մասնակցեցի լողազգեստով փուլին, հիմա էլ այլ տարբերակ չունեմ, բացի այդ` իմ մարմնի վրա շատ աշխատել եմ եւ պատրաստ եմ ցույց տալ, որ հայ կինը շատ գեղեցիկ է, ինքնավտահ եւ համարձակ»:

Ի դեպ, մյուս շաբաթ «Միսս Տիեզերք»-ը հայտարարելու է առցանց քվեարկություն, որի հաղթողը մտնելու է լավագույն 21-ի մեջ: Հայաստանից եւս հնարավոր կլինի քվեարկել Մոնիկայի օգտին:

Նյութի աղբյուրը այստեղ :