Գյումրու Դրամատիկականը թարմացնում է մանկական խաղացանկը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Գյումրու Դրամատիկականը թարմացնում է մանկական խաղացանկը




Հարցազրույց Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի մենեջեր Ադելինա Հարությունյանի հետ՝ մանկապատանեկան ներկայացումների վերաբերյալ։

Տիկին Հարությունյան, Գյումրու Դրամատիկական թատրոնն իր բարձր նշաձողով հայտնի ու ճանաչելի է թե՛ ողջ հանրապետության, թե՛ արտերկրի թատերասերներն։ Ակտիվ ու հարուստ խաղացանկով թատրոնը միշտ ասելիք ունի նաև իր մանուկ ու պատանի հանդիսատեսի համար, ինչ խաղացանկով ենք այժմ ներկայանում ձեր հանդիսատեսին։




Գյումրու դրամատիկական թատրոնն իր վրա հաճելի պատասխանատվություն է վերցրել ապահովելու պատանիների և մանուկների համար ներկայացումներ խաղալը, քանի որ Գյումրիում տիկնիկային թատրոնից զատ մենք միակ թատրոնն ենք։ Համավարակի պատճառով տուժեցին բոլոր ոլորտները, այդ թվում նաև թատերական աշխարհը, հիմա փորձում ենք լրացնել բացը։ Աժմ պատանիների և մանուկների համար միաժամանակ ունենք բազմաթիվ ու գունագեղ ներկայացումներ՝ «Երեք կաթիլ բարություն», «Խելոքներն ու հիմարները», «Փանոսի արկածները», «Տերն ու ծառան», « Բուրատինոյի արկածները», «Սպիտակաձյունիկն ու 7 թզուկները», «Մանչուկը և Կառլսոնը», ներկայացումները, որոնց մի մասը նոր են, մի մասը վաղուցվա բեմադրված, մի մասը վերաբեմադրված, այնպես որ, մեր հանդիսատեսն ունի լայն ընտրություն։

Գիտենք, որ այժմ պատանի հանդիսատեսի համար գործում է ԿԳՄՍՆ ներդրված աբոնեմենտային համակարգը, որքանով է դա օգնում երեխաների ձևավորմանն ու կայացմանը։

Մանուկներին վաղ տարիքից գիտակից ու բազմակողմանի զարգացած քաղաքացի դաստիարակելու պարտականությունը մեծ չափաբաժնով նաև մեզ վրա է, այդ բարդ ու կարևորագույն առաքելությունը թողնել միայն դպրոցի վրա, և՛ ճիշտ չէ, և՛ արդյունավետ չէ։ Մշակույթի նախարարության աբոնեմենտային համակարգը շատ մեծ օգնություն էր այս հարցում, դպրոցն ինքն է որոշում խաղացանկից որ մի ներկայացմանը բերի աշակերտներին։ Հավելեմ, որ ավելի բարձր տարիքի պատանիները հնարավորություն ունեն վայելելու երեկոյան ներկայացումներ, օրինակ այս ամիս նախարարության աբոնեմենտով պատանիների համար կխաղանք Արշիլ Գորկի ներկայացումը, ինչն այս օրերին շատ արդիական է։

Հետաքրքությունը Գյումրու թատրոնի նկատմամբ բավականին մեծ է նաև ամբողջ հանրապետության տարածքում։ 

Ուրախությամբ ու հպարտությամբ պետք է փաստեմ, որ աբոնեմոնտով ստացած տոմսերով մարզերից ևս ցանկություն են հայտնում գալ Գյումրի, նայել մեր ներկայացումները։



Ինչ նորություն ունեք մանուկ հանդիսատեսի համար։

Կոնկրետ քննարկումներն արդեն ավելի առարկայորեն տեսանելի կդառնան մոտ ապագայում, այս պահին ներկայացումների անուններ չեմ կարող հնչեցնել, բայց շատ շուտով մեր պատանի ու մանուկ հանդիսատեսը հնարավորութկյուն կունենա վայելել նոր ու թարմ ներկայացումներ։

Դուք, բացի թատրոնի մենեջերը լինելուց, նար դերասանուհի եք, խաղում եք ինչպես երեկաոյան, այնպես էլ մանկական ներկայացումներում։ Մանուկ հանդիսատեսի համար նախատեսված բեմադրություններում խաղալու նրբությունները որոնք են, հե՞շտ է արդյոք խաղալ երեխայի համար։

Ընդհանուր սով կա հանդիսատեսի մոտ դեպի թատրոն, դեպի արվեստ, երեխաների հետ հավասար ներկայացումները նայում ու վայելում են մեծահասակները։ Ես ինքս դերասանուհի եմ ու շատ եմ խաղում մանական ներկայացումներում, ամեն անգամ ոգևորվում ենք մանկական անկեղծ հրճվանքից։ Այսօր Խելոքներն ու հիմարներն էինք խաղում, աչքս ընկավ մի տատիկի, ով թոռան հետ բռավո էր գոռում, այնքան զգացվեցի, որ կարողանում ենք անգամ մեծահասակներին կտրել առօրյա դժվարություններից, վերադարձնել մանկություն, դերասանի համար դա ամենամեծ ձեռքբերումն է։

Որպես դերասան երբ բեմ ես դուրս գալիս, չպետք է խտրություն դնես, թե ում համար ես խաղում, դու քո առաքելություննես կատարում, քո կերպարն ես կերտում։ Բայց կա մի թյուրընբռնում, որ մանկական ներկայացումն ավելի հեշտ է խաղալ, դա այդպես չէ, մանուկներին ավելի դժվար է համոզելը, քաշել քո տարածքի մեջ։ Այսօր, օրինակ, ներկայացման մեջ հնչեցնում էի մի այսպիսի աֆորիզմ․ «Աղվեսի նենգությունն ավելի վտանգավոր է, քան գայլի դաժանությունը», խոստովանենք, որ այս մտքի խորը իմաստը մանուկ հանդիսատեսին հասցնելը հմտություն, վարպետություն է պահանջում, որ փոքրիկ երեխան դա ընկալի մարդկային հարաբերությունների կոնտեքստում՝ ընկնելուն, վախենալուն, խիզախելուն, դու պետք է նրբորեն քո ձեռքը հավաքես երեխայի ուշադրությունը, լինես նաև փոխադարձ կապի մեջ հանդիսատեսի հետ։



Գյումրեցի հանդիսատեսի խստապահանջ ու առանձնահատուկ լինելու մասին գիտենք բոլորս, իսկ ինչպիսին է գյումրեցի մանուկ հանդիսատեսը։

Գյումրեցի հանդիսատեսը միշտ է եղել լավագույնը, մանուկ հանդիսատեսը նույնպես շատ ուշիմ է ու հետաքրքրասեր, բայց կուզենայի մեր երեխաներին տեսնել անկաշկանդ, էմոցիաներն արտահայտելիս՝ ազատ։ Պետք չէ երեխային լռեցնել, սաստել, թող պարի, թող խոսի կերպարի հետ, թող լիարժեք մտնի իրադրության մեջ, դա մեր գերնպատակն է։