Լրահոս

Ե՞րբ է «կարելի» և ե՞րբ« չի կարելի» զբաղվել սեքսով. 18+



Որքան էլ հայերս ավանդապաշտ լինենք, միևնույն է, ժամանակը չես կանգնեցնի: Այն իր ազդեցությունն է գործում մեր մտածողության, հայացքների, մոտեցումների վրա: Ու որքան էլ հավաստենք, որ հավատարիմ ենք մեր ազգային նկարագրին, այնուամենայնիվ, չի կարելի ժխտել, որ մենք նույնպես աստիճանաբար փոխվում ենք: 

Կարելի է երկար վիճել փոփոխությունների դրական և բացասական կողմերի շուրջ, սակայն փաստն այն է, որ մեր տատիկները մինչամուսնական սեռական կյանքը չէին ընդունում, հարսանիքից առաջ կուսությունից զրկվելն ամոթաբեր ու պախարակելի էին համարում: Ի տարբերություն մեր տատիկների, մեր մայրերն արդեն չէին ժխտում, որ սեռական կյանքը ոչ միայն ամուսնական պարտականություն է, այլև՝ հաճույք: Մեր ավագ քույրերն ավելի առաջ անցան և կյանքի ընկեր ընտրելիս չէին թաքցնում, որ իրենց համար կարևոր են ոչ միայն հոգևոր, այլև ֆիզիկական հատկանիշները,-այս մասին գրում է kiss.am-ը: 

Հիմա արդեն կարելի է ասել, որ այս առումով մենք փորձում ենք ավելի պրակտիկ լինել: Հասարակական քննարկումների թեմա են դարձել այնպիսի հարցեր, որոնց վրա նախկինում տաբու էր դրված: Սակայն այժմ փորձենք սեռական հարաբերությունները դիտարկել առողջական տեսանկյունից, որը, անկասկած, շատ ավելի հրատապ է: Փորձենք փակագծերը բացել և պարզել՝ երբ է «կարելի» սեքսով զբաղվել և երբ իսկապես «չի կարելի»: 

Սեքսը՝ «կրիտիկական» օրերին 

Նախկինում խորհուրդ չէին տալիս սեռական հարաբերություններ ունենալ, այսպես կոչված, «կրիտիկական» օրերին: Այդ ժամանակ կնոջ արգանդի վզիկը բացված է, և միկրոօրգանիզմների ներս թափանցման վտանգ կա: Դաշտանի ժամանակ սեռական կյանքով զբաղվելիս մեծ է սեռական օրգաններում բորբոքումների առաջացման հավանականությունը:

 Սակայն արդի բժշկությունը շատ ավելի հանդուրժողաբար է մոտենում այդ օրերին սեքսով զբաղվելուն: Բժիշկներից ոմանք նույնիսկ վստահեցնում են, որ կրիտիկական օրերին սեռական կյանքով ապրելը նվազեցնում է ցավի ախտանիշը և հոգեբանորեն դրական ազդեցություն է գործում կնոջ վրա: Այնպես որ դաշտանի օրերին սեքսով զբաղվելը յուրաքանչյուր կնոջ անձնական հարմարավետության խնդիրն է: Իսկ հնարավոր վարակներից պաշտպանվելու համար այդ օրերին խորհուրդ է տրվում պահպանակ օգտագործել: Մի՛ մոռացեք, որ այդ օրերին նույնպես հնարավոր է հղիանալ, քանի որ սերմնաբջիջները կնոջ օրգանիզմում ակտիվությունը պահպանում են մեկ շաբաթ: 

Սակայն հիշեցնենք նաև, որ կան դեպքեր, երբ դաշտանի օրերին սեռական հարաբերություններից պետք է խուսափել: Դա վերաբերում է հատկապես այն կանանց, ում արգանդի դիրքը խորն է և իջած: Դաշտանի ժամանակ սեռական հարաբերություն ունենալու դեպքում նրանց մոտ արգանդից արյունը հոսում է արգանդախողովակներ: Դա հետագայում էնդոմետրիոզի առաջացման պատճառ է դառնում, որը չնայած բուժվում է, սակայն միշտ չէ, որ բուժումը հաջող է ավարտվում: Իսկ դա էլ իր հերթին կարող է հետագայում անպտղության հանգեցնել: 

Սեքսը՝ սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդությունների բուժման ընթացքում Միկոպլազմոզ, խլամիդիոզ, ուրեոպլազմոզ, գարդներելեզ, սնկային վարակներ… Սեռական ճանապարհով փոխանցվող ցանկացած վարակի բուժման ժամանակ բժիշկները հիմնականում խորհուրդ են տալիս խուսափել սեռական մերձեցումներից: Սակայն եթե ձեր ցանկությունը այնքան մեծ է, որ անտեսում եք արգելքները, անպայման պետք է պահպանակ օգտագործել, որպեսզի չվարակեք ձեր զուգընկերոջը և ինքներդ ձեզ պաշտպանեք կրկնակի վարակից: Սեքսը՝ կանանց հիվանդությունների ժամանակ Սեքսով խորհուրդ չի տրվում զբաղվել՝ ցիստիտի ժամանակ: Ի դեպ, ակտիվ սեքսը նույնիսկ կարող է հիվանդության սրացման հանգեցնել, որը այդպես էլ կոչվում է՝ «մեղրամսի ցիստիտ»: Աճուկների բորբոքման ժամանակ, որպես կանոն, ցավի զգացողության պատճառով կինը սեքսով զբաղվելու ցանկություն չի ունենում: Բացի այդ, բուժման ժամանակ հեշտոցի լորձաթաղանթն ավելի խոցելի է դառնում և վնասվելու հավանականությունը մեծ է: 

Հեշտոցի բորբոքման ժամանակ սեռական կյանքը խստիվ արգելվում է: 

Սեքսը վիրաբուժական միջամտություններից հետո 

Հիմնականում այն դեպքերում, երբ վիրահատությունը կատարվել է փոքր կոնքում կամ առնչվում է մարդու վերարտադրման համակարգին, բժիշկներն իրենք են մատնանշում, թե երբ կարելի է վերադառնալ սեռական կյանքին: Ընդհանրապես այդպիսի դեպքերում դա թույլատրվում է վիրահատությունից 2-4 շաբաթ անց: Սկզբում պետք է սեքսով զբաղվելիս զգուշավորություն դրսևորել: 

Աբորտից հետո սեռական հարաբերությունները երեք շաբաթ արգելվում են, քանի որ արգանդն այդ վիրահատությունից հետո երկար ժամանակ բաց վերք է կրում: Ամեն դեպքում այդ հարցը պետք է քննարկել բուժող բժշկի հետ: Այնուամենայնիվ, հիշեցնենք, որ վիրահատությունները չեն կարող սեռական հարաբերություններից հրաժարվելու պատճառ լինել: Նույնիսկ արգանդը հեռացնելուց հետո դրանք հակացուցված չեն, ինչպես երբեմն թվում է վիրահատված կանանց: Եվ, ի դեպ, այդ միջամտությունը ամենևին էլ բարդույթների առիթ չպետք է դառնա, քանի որ ձեր զուգընկերը ոչ մի փոփոխություն չի զգա: 

Սեքսը հղիության ժամանակ 

Ոչ միայն թույլատրվում է, այլև անհրաժեշտ է£ Սեռական մերձեցման ժամանակ կնոջ ապրած հաճելի զգացողությունը բարենպաստ ազդեցություն է ունենում ապագա երեխայի վրա: Պարզապես ամեն ինչում խելացի մոտեցում է պետք: 

Հղիության ժամանակ սեռական հարաբերությունները սահմանափակվում են, եթե՝ 

հղիության ընդհատման վտանգ կա, 
ընկերքի դիրքն առաջնային է, 
հղիությունը բազմապտուղ է, 
առկա են ամնիոնիտի ախտանշաններ, 
հղիությունը բարդություններով է ընթանում, 

տղամարդու սեռական ուղիների միկրոֆլորայի հետազոտման արդյունքները բացասական են (այդ դեպքում խորհուրդ է տրվում ծննդաբերությունից 1-1,5 ամիս առաջ պահպանակներ օգտագործել, պտղի վարակման հավանականությունը նվազեցնելու համար): 

Եթե կինը սեռական հարաբերությունից հետո ցավեր է ունենում, կամ սեռական ուղիներում արյունահոսություն է նկատվում, խորհուրդ է տրվում սեռական մերձեցումները դադարեցնել և անպատճառ բժշկի դիմել: 

Նախկինում բժիշկները խորհուրդ էին տալիս սեռական հարաբերությունները սահմանափակել հղիության առաջին և երրորդ եռամսյակներում, պատճառաբանելով, որ հակառակ պարագայում հնարավոր է վիժում կամ վաղ ծննդաբերություն: Այժմ բժիշկները հետևյալ խորհուրդներն են տալիս (եթե, իհարկե, հղիության ընթացքը ծանր չէ). 

Առաջին եռամսյակ. սեռական հարաբերությունները թույլատրվում են, սակայն պետք է զգուշություն պահպանել: Երկրորդ եռամսյակ. սա մերձեցման ամենահարմար ժամանակահատվածն է: Թունավորվածությունն անցել է, առողջությանը սպառնացող վտանգը նվազագույն աստիճանի է, պաշտպանվելու կարիք չկա: 

Երրորդ եռամսյակ. սեռական կյանքը կրկին զգուշավորության փուլում է թե՛ դիրքերի, թե՛ հաճախականության առումով: Սակայն օրգազմը, ինչպես նախկինում, դրական է ազդում երեխայի վրա: 

Ծննդաբերության կանխատեսվող օրվանից 2-2,5 շաբաթ առաջ խորհուրդ է տրվում խուսափել սեռական հարաբերություններից: Այդ ժամանակ պտղի գլուխը շատ մոտ է գտնվում արգանդի վզիկին, և մեծ է վաղաժամ ծննդաբերության վտանգը: 

Սեքսը ծննդաբերությունից հետո 

Նվազագույնը վեց շաբաթ (իսկ բժիշկներից շատերը գտնում են, որ խելամիտ է երկու ամիս) սեռական մերձեցումների մասին պետք է մոռանալ, քանի որ արգանդը և սեռական ուղիները պետք է վերականգնվեն, ինչպես նաև դրանց վարակման հավանականությունը շատ մեծ է: Երկու ամսից, երբ դուք և ձեր զուգընկերն կարոտագին կգրկախառնվեք, պաշտպանվելու խնդիրը մի անտեսեք: 

Ինչպես տեսնում եք, հիմնականում սեռական հարաբերությունները չեն արգելվում: Եվ մեր մարմինն էլ ոչ թե սթրեսների, այլ հաճույքների աղբյուր է, հատկապես, եթե մենք հոգում ենք մեր առողջության մասին: