«Վարչապետը պետք է բերդում լիներ, այլ ոչ թե մասնակցեր ընտրություններին».Գայանե Ասլամազյան․ Iravunk.com - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Վարչապետը պետք է բերդում լիներ, այլ ոչ թե մասնակցեր ընտրություններին».Գայանե Ասլամազյան․ Iravunk.com



Iravunk.com-ը գրում է․

Երկրում տիրող իրադարձությունների մասին Iravunk.com-ը զրուցեցինք հաղորդավարուհի Գայանե Ասլամազյանի հետ:

– Ինչպե՞ս եք վերաբերվում պարտված կառավարության հետագա ընտրությունների մասնակցությանը:

– Չեմ հասկանում, թե նրանք ինչու եւ ինչ իրավունքով են շարունակում ղեկավարել մեր երկիրը: Փոխանակ դատական պրոցեսներին ներգրավված լինելուն եւ պատասխան տալուն, թե ինչու մեր երկիրը հայտնվեց այս իրավիճակում, նրանք դեռ հնարավորություն ունեն մասնակցելու ընտրություններին:

– Առաջիկայում տեղի ունեցող ընտրություններին ո՞ւմ կցանկանայիք տեսնել:

– Շատ կուզենայի տեսնել` նոր միտք, նոր ուժ եւ ավյուն: Հայրենասեր երիտասարդների, որոնց սիրտն իսկապես ցավում է սեփական երկրի համար: Բայց, ցավոք սրտի, մեր երկիրն այնպիսի վիճակում է, որ պարտավոր ենք ունենալ մարդկանց, որոնք ուղի են անցել, ունեն գաղափար: Հասկանում են, թե ինչ է տեղի ունեցել եւ կարող են իրենց փորձը ներդնել երկիրը վերականգնելու, վերադարձնելու գոնե ինչ-որ կայուն վիճակի: Այս պահի դրությամբ տեսնում եմ միայն Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը, որովհետեւ միակ կառուցողական միտքը նա ունի:

– Գերիների փոխարեն դատարկ ինքնաթիռը ի՞նչ է վկայում ...

– Ամենեւին էլ զարմանալի չէր, որ ինքնաթիռը վերադարձել էր առանց գերիների, բայց ինչպես ես եմ հասկանում` տարբեր լրատվամիջոցների նյութերից ելնելով, ինքնաթիռը դատարկ չի եկել: Այնտեղ եղել են Ադրբեջանից մասնագետներ, ինչը շատ հավանական է: Գերիների թեման շատ ցավալի է: Այն չպետք է դարձնել փոխարժույթ եւ չի կարելի խաղարկել: Այդ հարցի լուծումը պետք է լիներ հենց առաջին օրերին` կապիտուլյացիայի փաստաթուղթը ստորագրելիս` մինչեւ այն պահը, երբ պարտադրված հայկական կողմը արդեն իրականացնում էր իր խոստումները: Հիմա արդեն ուշ է…մինչեւ չփոխվի այս կառավարության կազմը, գերիների հարցը չի լուծվի: Կամ էլ եթե կա պայմանավորվածություն, ապա ինչ-որ մի քանակի գերիների հարց կլուծվի նախընտրական փուլում, որպեսզի նրանք հնարավորություն ունենան իբրեւ հերոս ներկայանալու:

– Գերիների հարցը այդպես էլ մնաց օդում:

– Ամենատեսանելին ու ամենացավոտը` մեր գերիների հարցն է, որը չի լուծվում: Եվ փորձում են մեղադրել այլ երկրների, մասնավորապես` Ռուսաստանին եւ հատկապես` Մուրադովին: Անհասկանալի է, թե ինչո՞ւ: Եկեք հասկանանք, որ այդ խնդիրն ի պաշտոնե մեր կառավարության իրավասության տակ է գտնվել:

– Այսքանից հետո արդյո՞ք ճիշտ է, որ ներկայիս վարչապետն իր թեկնածությունն առաջադրի առաջիկայում կայանալիք ընտրություններին:

– Ըստ իս, ներկայիս վարչապետը այս պահին պետք է բերդում լիներ եւ պատասխաներ հարցերին, թե ինչպես այս ամենը եղավ: Բայց եկեք տեսեք, որ նա շարունակում է կատարել իր նախագծած պլանը: Դեռեւս հեռավոր 2001 թվականին մենք դա ընթերցում էինք "Հայկական ժամանակ" թերթի իր հոդվածներում, որը նա իրականացրեց հիմա:

– Երկու տարի առաջ փոփոխություն կատարվեց "ՀՀ տոների եւ հիշատակի օրերի մասին" օրենքում եւ որոշվեց, որ ապրիլ ամսի վերջին շաբաթը հպարտ քաղաքացիները կտոնեն որպես Քաղաքացու տոն: Այս ապրիլ ամսվա վերջին շաբաթ օրը ապրիլի 24-ն է` Հայոց ցեղասպանության հիշատակի օրը: 2018-ի ապրիլյան հեղափոխականների համար այս ապրիլի 24-ը, փաստորեն, Քաղաքացու տոնն է: Այսքանից հետո ի՞նչ տոնի մասին կարող է խոսք լինել:

– Քաղաքացու տոն նշելու մասին իմ վերաբերմունքը ի սկզբանե շատ բացասական էր, որովհետեւ այն հիմքը, որը դրվեց այդ տոնի սկիզբը դնելուն, անընդունելի եւ անընկալելի էր ինձ համար: Ես չեմ ընկալում իբրեւ բարձր արժեք այն քաղաքացուն, ով Օպերայի բակում կամ Բաղրամյան պողոտայում խորոված է պատրաստում: Եվ այդ հեղափոխական գաղափարը` այն էլ հպարտ քաղաքացու, ընդհանրապես անընդունելի է ինձ համար: Երեք տարի հետո ես ուզում եմ հարցնել` կներեք, ո՞ր քաղաքացու տոնն են ուզում նշել`պարտվա՞ծ, կործանվա՞ծ, թե` սուգ անողի: Այդ տոնի օրը, երբ որոշում էին իրենք, շատ լավ գիտեին, որ պարբերաբար ապրիլի 24-ին շատ մոտ է լինելու այդ օրը: Հատո՞ւկ էին ընտրել: Ուզում էին, որ ապրիլի 24-ից հետո անպայման տո՞ն լինի: Այո, ես միտում եմ տեսնում, որովհետեւ մշտապես փորձում են այս երեք տարիների ընթացքում ջնջել մեր ով լինելը: Եվ այն քաղաքականությունը, որը վարում է ներկայիս իշխանությունը` փորձելով ներարկել մեր արյան մեջ, որ թուրքի հետ պետք է բարեկամություն անել, եւ ոչ մի խանգարող հանգամանք չկա, որպեսզի մենք նրանց հետ չհամագործակցենք դա ոչ մի կերպ չեմ ընդունում: Ես իմ ընտանիքի զավակն եմ, ես իմ պապի եւ տատի արժանի հետնորդն եմ: Եվ չեմ պատրաստվում մոռանալ իմ ընտանիքի պատմությունը: Չեմ մոռանա, որ իմ ազգի կարկառուն դեմքերին բերման են ենթարկել եւ սպանել են հենց 1915 թվականի ապրիլի 24-ին: Չեմ ուզում մոռանալ Թուրքիայում միլիոնուկես հայերի կոտորածը, Սումգայիթի, Բաքվի ջարդերը: Ես ուզում եմ հասկանալ այն մարդկանց բանականությունը, ովքեր մեզ ասում են, որ մենք պետք է բարեկամություն անենք նման ազգի հետ: Ես պահանջատեր եմ…


Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ ։