Մալխաս Ամոյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Մալխաս Ամոյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ



Լեհաստանում ավարտվող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 72 կգ քաշային կարգում 2020 թ. աշխարհի անհատական գավաթի փոխչեմպիոն Մալխաս Ամոյանը 1:4 հաշվով պարտվեց Ռիո-2016 Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, վրացի Շմագի Բոլկվաձեին եւ բավարարվեց արծաթե մեդալով:

2018թ. աշխարհի ու 2019թ. Եվրոպայի երիտասարդական չեմպիոն Մալխաս Ամոյանը ոսկե մեդալի պայքարը սկսեց մեծ ակտիվությամբ, մեկ րոպե ակտիվ գոտեմարտելուց հետո գորգի մրցավարը պասիվություն տվեց վրացի ըմբիշին եւ պարտեր դրություն տվեց Բոլկվաձեին: Ամոյանը պոկեց վրացի ըմբիշին, բայց գլորման հնարքի գնալիս ինքը հայտնվեց մրցակցի տակ: Գորգի մրցավարը երկու միավոր տվեց վրացի ըմբիշին:

Էդուարդ Սահակյանը բողոքարկեց, բայց մրցավարները չբավարարեցին բողոքարկումը եւս մեկ միավոր տալով վրացի ըմբիշին, հաշիվը դարձնելով 3:1 հօգուտ Բոլկվաձեին:

Երկրորդ մրցափուլում վրացի ըմբիշը եւս մեկ միավոր ավելացրեց իր հաշվին եւ գոտեմարտն ավարտեց 4։1 հաշվով:











Ամոյան - Բոլկվաձե նախորդ դիմակայությունում՝ 2021 թվականի Կիեւի մրցաշարի եզրափակիչում ավարտվել էր Մալխաս Ամոյանի հաղթանակով (9:1):

Եվրոպայի առաջնությունում Ամոյանը մեկնարկել էր 1/8 եզրափակիչից, որտեղ ժամանակից շուտ 9:0 հաշվով հաղթել էր խորվաթ Ալեն Ֆոդորին: Քառորդ եզրափակիչում 6:0 հաշվով ուժեղ էր գտնվել ուկրաինացի Մաքսիմ Եվտուշենկոյից: Կիսաեզրափակիչում էլ Հայաստանի ներկայացուցիչը 6:0 հաշվով վստահ հաղթանակ էր տարել լեհ Ռոման Պաչուրկովսկու նկատմամբ:

Էդուարդ Սահակյանի գլխավորած թիմի կազմում 67 կգ քաշային կարգում բրոնզե մեդալ է նվաճել Սլավիկ Գալստայանը, որը 1 րոպե 56 րոպեում 9:0 հաշվով հաղթեց 2016 եւ 2018 թթ. Եվրոպայի բրոնզե մեդալակիր, մոլդովացի Դոնիոր Իսլամովին:

Քիչ անց բրոնզե մեդալի համար գոտեմարտում մրցագորգ դուրս կգա Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճած Կարախետ Չալյանը: Ապրիլի 25-ին երկու սփոփիչ գոտեմարտերում հաղթանակներ տանելուց հետո Չալյանը բրոնզե մեդալը կվիճարկի Վրաստանի ներկայացուցիչ Աիվենգո Ռիկաձեի հետ։