Ինչո՞ւ Մխիթարյանը չի օգտվում «Ռոմայի» հետ պայմանագիրը երկարաձգելու հնարավորությունից - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ինչո՞ւ Մխիթարյանը չի օգտվում «Ռոմայի» հետ պայմանագիրը երկարաձգելու հնարավորությունից




Իտալական «Ռոմայում» կողմնորոշվել են, թե որ ֆուտբոլիստների հետ են ցանկանում երկարաձգել գործող պայմանագրերը: Ցուցակը գլխավորում է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, գրում է Calciomercato-ն:

Մխիթարյանի ու «Ռոմայի» միջև պայմանագրի կետերից մեկի համաձայն՝ այս մրցաշրջանում 25 հանդիպման մասնակցելուց հետո ֆուտբոլիստը կարող է ավտոմատ երկարաձգել պայմանագիրը: Սակայն 32-ամյա Մխիթարյանը չի շտապում օգտվել այդ հնարավորությունից և իր գործակալ Մինո Ռայոլայի հետ սպասողական վիճակում է: Հայ կիսապաշտպանի համար կարևոր են «Ռոմայի» առաջիկա ծրագրերը, և թե ով է գլխավորելու թիմը հաջորդ մրցաշրջանում:

Մխիթարյանի ու «Ռոմայի» միջև գործող պայմանագիրը նախատեսված է մինչև այս մրցաշրջանի ավարտը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նրա ծառայություններով հետաքրքրված է Թուրինի «Յուվենտուսը»:

Հիշեցնենք, որ Մխիթարյանը 2020 թվականի սեպտեմբերին Լոնդոնի «Արսենալից» է տեղափոխվել «Ռոմա», որի կազմում Իտալիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 29 խաղի և դարձել 9 գոլի ու 9 գոլային փոխանցման հեղինակ:

Հայաստանի հավաքականի ավագը նախկինում հանդես է եկել նաև Երևանի «Փյունիկում» (2006-2009), Դոնեցկի «Մետալուրգում» (2009-2010), Դոնեցկի «Շախտյորում» (2010-2013), Դորտմունդի «Բորուսիայում» (2013-2016) և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում» (2016-2018):