Մայրը լուրերից իմացավ, որ Էդգարն Արցախի հերոս է. ինչպես խոցեց առաջին ու հաջորդ 9 տանկերը. armeniasputnik.am - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Մայրը լուրերից իմացավ, որ Էդգարն Արցախի հերոս է. ինչպես խոցեց առաջին ու հաջորդ 9 տանկերը. armeniasputnik.am



Armeniasputnik.am-ը գրում է․

Սերժանտ Էդգար Մարկոսյանը պատերազմի առաջին րոպեներից թեժ կռվի մեջ էր, բայց ընտանիքին ասել էր, թե իրենք բունկերներում են, կռվին չեն մասնակցում։

Բարձրահասակ, թիկնեղ, հաստաբազուկ․ մոտավորապես այսպես ենք պատկերացնում հերոսներին։ Արի ու տես, որ բացառիկ խիզախությունը, ուժն ու հերոսականությունը փոքր մարմնում էլ են տեղավորվում։ Ժամկետային զինծառայող, սերժանտ Էդգար Մարկոսյանն Արցախյան վերջին պատերազմում ընդամենը 5 օրերի ընթացքում թշնամու 10 տանկ է խոցել։ Հոկտեմբերի 4-ին՝ պատերազմի թեժ օրերին, 23-ամյա հրետանավոր Էդգարին շնորհվեց Արցախի բարձրագույն պետական կոչումը՝ «Արցախի հերոս»։
«Պարտք մնալ չեմ սիրում»

Էդգարը շփվող է, մարդամոտ, բայց իր հերոսության մասին պատմելիս քչախոս է դառնում։ Ասում է՝ շատ տղաներ կային առաջնագծում, որոնք բացառիկ հերոսություններ են արել, բայց նրանց մասին հայտնի չէ, չի խոսվում։

Պոլիտեխնիկական համալսարանի կիբեռնետիկայի ֆակուլտետը գերազանց ավարտելուց հետո անվճար ընդունվում է մագիստրատուրա, բայց որոշում է հայրենիքի առջև պարտքը կատարել, հետո շարունակել ուսումը։



«Պատերազմի առաջին մի 10 րոպեն շոկային էր, մեր կենտրոնացման շրջանում էինք, ես՝ որպես հերթապահ հաշվարկ, բարձր դիրքում էի։ Որ սկսվեց, դուրս եկանք սարի վրա, բաց տեղ էր։ Զարմանքից նայում էինք, թե ինչ է կատարվում, անգամ կինոներում չէինք տեսել նման բան։ Էն պահին ենք ուշքի եկել, որ մեզնից մի 80-100 մետրի վրա սնարյադ պայթեց....ու անցանք գործի»։
Հերթով...

Պատերազմի առաջին օրերն Էդգարն անցկացրել է Թալիշում, հետո Մատաղիս, Եղնիկներ... Իր խոսքով՝ լայն գծով էին կռվում։ Իրեն «Արցախի հերոս» կոչումը բերած 10 տանկերն էլ Թալիշում է խոցել։

-10 տանկ․․․ ինչպե՞ս։

-Հերթով,- համեստաբար ասում է Էդգարը։

Մինչև պատերազմը հակատանկային «Կորնետ» զենքից չէր կրակել։ Սկսել էին դիրքավորվել, երբ տեսան՝ դեպի իրենց միանգամից 3 տանկ են առաջ գալիս։ Առաջին տանկի խոցումը երբեք չի մոռանա։

«Ռակետը կառավարվող է․առաջինը խփեցի, տարա մինչև տանկը, կպավ բաշնյայի տակին, բաշնյան միանգամից շպրտեց մի 150 մետր... Ասեցի՝ էլ հետ գնալու ճանապարհ չկա, տղերք, ռակետները տվեք»։



Արցախի հերոս

Ընտանիքը չգիտեր, որ Էդգարը պատերազմի առաջին րոպեներից թեժ կռվի մեջ է և հերթով-կարգով ադրբեջանական տանկեր է ոչնչացնում։ Մորն ասել էր, թե իրենք երկրորդ գծում են, իսկ կռիվն էլ դեռ առաջին գծում է։ Կապ էլ չկա, որովհետև բունկերում են լինում, տուն զանգելու համար ստիպված է լինում բունկերից դուրս գալ։

«Հոկտեմբերի 4-ին Մարտակերտում էինք` դիտարկում անելու, հետագայում կրակ վարելու տեղ էինք ընտրում։ Եկավ դիվիզիայի հրամանատար գեներալ Շաքարյանը, հոգնած, տանջված, մի կողմի պառկած էի։ Ի դեպ, Շաքարյանն էն գեներալներից է, որ զինվորի կողքին հավասար կռիվ է արել։ Որ տանկ էի խփում, կողքից բալետ էր անում՝ Մարկոսյան խփի։ Շաքարյանն ասաց՝ «Մարկոսյան, արի», մոտեցա, ասեց՝ «մեզ նկարեք»։ Այդպես Էդգարն իմանում է, որ իրեն մեդալով են պարգևատրելու, բայց «Արցախի հերոս» մտքով էլ չէր անցնում։ Րոպեներ անց ընկերոջից զանգ է ստանում՝ «հեռուստացույցով նախագահը հայտարարեց, դու Արցախի հերոս ես»։

«Վայ, մամաս...»,- Էդգարը հասկանում է, որ «բունկեր» ու «երկրորդ գիծ» արտահայտություններով այլևս մորը չի հանգստացնի։

«Էդգարի ընկերը զանգեց. «Անահիտ տյոտյա, աչքներդ լույս, Էդգարն Արցախի հերոս է դարձել»։ Ես չեմ հասկանում, թե ինչ է ասում ընկերը, մեկ էլ տեսնեմ հեռուստացույցով Էդգարի նկարը։ Էլ ոչինչ չեմ լսում, հիստերիկ լաց է սկսվում մոտս...»,- հիշում է տիկին Անահիտը։

«Ու սկսվեցին զանգերը, պապիս զանգեց լացակումած․ ես երբեք նրան լաց լինելիս չեմ տեսել»,–պատմում է Էդգարը։

«Ու սկսվեցին ամենադաժան օրերը... Ամեն օր եկեղեցի էի գնում, խորանի առջև ծնկի գալիս ու խնդրում, որ տղաս հետ գա»,–ասում է մայրը։


Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում