13 տարի անց «Արարատը» նվաճեց Հայաստանի գավաթը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

13 տարի անց «Արարատը» նվաճեց Հայաստանի գավաթը. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ




Հայաստանի գավաթի խաղարկության եզրափակչում Երևանի «Արարատը» 3։1 հաշվով պարտության մատնեց Երևանի «Ալաշկերտին» ու իր պատմության մեջ 6-րդ անգամ դարձավ Հայաստանի գավաթակիր։ Խաղը տեղի ունեցավ Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում։

Հանդիպման հաշիվը շատ արագ բացվեց։ 12-րդ րոպեին ստանալով Էդգար Մալաքյանի փոխանցումը՝ Աղվան Պապիկյանը հեռվից կատարած հարվածով գրավեց «Ալաշկերտի» դարպասը՝ դառնալով գեղեցիկ գոլի հեղինակ։

Ալաշկերտը դեռ չէր հասցրել ուշքի գալ բաց թողած գոլից հետո, երբ 18-րդ րոպեին երկրորդ գնդակն ընդունեց։ Դավիթ Խուրցիձեի փոխանցումից հետո հարվածային դիրքում հայտնվեց Մորի Կոնեն և հաշիվը դարձրեց 2։0։

Երկրորդ կեսում ևս շատ արագ գոլ խփվեց և «Արարատի» առավելությունը արդեն խոշոր դարձավ։ 55-րդ րոպեին Կարեն Մուրադյանի հրաշալի փոխանցումից հետո կրկին նպաստավոր դիրքում հայտնվեց Մորի Կոնեն և երրորդ գնդակն ուղարկեց «Ալաշկերտի» դարպասը՝ դառնալով դուբլի հեղինակ։ 85-րդ րոպեին «Ակաշկերտը» Միհրան Մանասյանի խփած գոլի շնորհիվ կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը, սակայն բեկել խաղի ընթացքը այդպես էլ չհաջողվեց։ Այսպիսով, Երևանի «Արարատը» դարձավ Հայաստանի գավաթի 2020-21թթ․ խաղարկության հաղթող։

Իր պատմության ընթացքում «Արարատը» Հայաստանի գավաթը նվաճել է նաև 1993, 1994, 1995, 1997 և 2008 թվականներին։ Երևանյան թիմի վերջին տիտղոսները 2008 թվականին նվաճած Հայաստանի գավաթն ու սուպերգավաթն էին։

Նշենք, որ «Արարատն» ու «Ալաշկերտը» պայքարում են նաև Հայաստանի չեմպիոնության համար։ Այս պահին «Ալաշկերտը» 37 միավորով 2-3-րդ հորիզոնականներն է կիսում «Արարատ-Արմենիայի» հետ, իսկ «Արարատը» 36 միավորով՝ 4-րդն է։ Մրցաշարային աղյուսակը 38 միավորով գլխավորում է «Նոան», թեպետ վերջինս և «Արարատ-Արմենիան» մեկ խաղ ավել են անցկացրել։





Լուսանկարները՝ «Արարատի» մամուլի ծառայության