Արցախի ԱԳՆ-ի մեկնաբանությունը Եվրախորհրդարանում ընդունված բանաձևերի վերաբերյալ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Արցախի ԱԳՆ-ի մեկնաբանությունը Եվրախորհրդարանում ընդունված բանաձևերի վերաբերյալ




Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Եվրախորհրդարանում ընդունված բանաձևերի վերաբերյալ։ Այն ներկայացնում ենք ստորև։

«Ողջունում ենք հրատապ քննարկումների արդյունքում Եվրոպական խորհրդարանի կողմից մայիսի 20-ին ընդունված բանաձևը, որում Եվրոպական խորհրդարանը պահանջում է անհապաղ և առանց նախապայմանների ազատ արձակել ադրբեջանա-թուրքական տանդեմի կողմից Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված պատերազմի ժամանակ և դրանից հետո գերեվարված բոլոր հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց: Բարձր ենք գնահատում այս կարևոր հումանիտար հարցի լուծմանն ուղղված Եվրախորհրդարանի անդամների զգալի մեծամասնության ջանքերը՝ շարունակական ճնշման միջոցով ապահովելու Ադրբեջանի կողմից սեփական միջազգային հանձնառությունների, մասնավորապես, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով և Ժնևյան կոնվենցիաներով նախատեսված պարտավորությունների կատարումը։ Այս բանաձևը զգալիորեն կնպաստի հայ գերիների հայրենադարձմանն ուղղված միջազգային հանրության հավաքական ջանքերին։

Գոհունակությամբ ենք նշում, որ բանաձևում մեծ նշանակություն է տրվում Արցախի անվտանգությանը և ադրբեջանական օկուպացիայի տակ գտնվող տարածքներում Արցախի մշակութային ժառանգության պաշտպանությանը: Կարևորում ենք Եվրոպական խորհրդարանի այն պնդումը, որ Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակի որոշման համար պարտադիր սկզբունքներ են ժողովուրդների հավասար իրավունքներն ու ազգերի ինքնորոշման իրավունքը։

Ողջունում ենք նաև Եվրախորհրդարանի կողմից մայիսի 19-ին ընդունված բանաձևը, որով ԵՄ-ին և նրա անդամ երկրներին կոչ է արվում «ռասիստական աջ ծայրահեղական» «Գորշ գայլեր» շարժումը դասակարգել որպես ահաբեկչական, ինչպես նաև արգելել այդ շարժման միությունների ու կազմակերպությունների գործունեությունը ԵՄ անդամ երկրներում: Բանաձևն էական քայլ է տարածաշրջանում ծայրահեղականության և ռասիզմի դեմ պայքարում։ Այն նաև հստակ և կարևոր ուղերձ կլինի վտարյալ պետություններին առ այն, որ միջազգային հանրությունը դիմակայում է նրանց ցեղասպան քաղաքականությանը»,- նշված է կայքում։