ՀՀ Սև լճին հարակից տարածքում մայիսի 20-ին ադրբեջանական զինծառայողների սադրած միջադեպից հետո հոսպիտալում գտնվող ՀՀ զինծառայողներին այսօր այցելել են Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները. մանրամասներ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

ՀՀ Սև լճին հարակից տարածքում մայիսի 20-ին ադրբեջանական զինծառայողների սադրած միջադեպից հետո հոսպիտալում գտնվող ՀՀ զինծառայողներին այսօր այցելել են Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները. մանրամասներ



Մարդու իրավունքների պաշտպանի հանձարարությամբ աշխատակազմի զինծառայողների և նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանության բաժնի ներկայացուցիչներն այցելել են զինվորական հոսպիտալ և հանդիպել Սև լճին հարակից տարածքում ադրբեջանական զինծառայողների սադրած միջադեպից վնասվածքներ ստացած ՀՀ զինծառայողներին: 

Մասնավորապես, Մարդու իրավունքների պաշտպանին 2021 թվականի մայիսի 20-ի երեկոյան ահազանգ էր ներկայացվել այն մասին, որ նույն օրը Հայաստանի և Ադրբեջանի զինծառայողների միջև տեղի է ունեցել միջադեպ, որի արդյունքում մեր մի շարք զինծառայողներ ստացել են տարբեր վնասվածքներ: ▫ Ահազանգից քիչ անց տեղեկությունը հրապարակվել էր նաև զանգվածային լրատվության միջոցներով: ▫Ահազանգից անմիջապես հետո Պաշտպանի աշխատակազմը ձեռնարկել է փաստերի հավաքմանն ու ուսումնասիրությանն ուղղված անհրաժեշտ քայլեր: ▫ՀՀ զինծառայողներին երևանյան հոսպիտալ տեղափոխելուց անմիջապես հետո իրականացվել է այց հոսպիտալ: 

Պայմանագրային զինծառայողների հետ անցկացվել են առանձնազրույցներ, ուսումնասիրվել են վնասվածքներ ստացած զինծառայողների բժշկական փաստաթղթերը, տեղեկություններ են փաստագրվել նրանց, ինչպես նաև Հայաստանի մյուս զինհոսպիտալում բուժում ստացող զինծառայողների առողջական վիճակի մասին: ▫Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ուսումնասիրությունների, այդ թվում առանձնազրույցների ընթացքում պարզվել է, որ ադրբեջանական զինված անձինք 2021թ. մայիսի 20-ին, նորից վկայակոչելով ինչ-որ բացահայտ կեղծ քարտեզ, փորձել են զբաղեցնել բլուր, որը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզի Սև լճին հարակից տարածքում՝ Խոզնավար գյուղի ուղղությամբ ավելի խոր հատվածում:

ՀՀ զինծառայողներն ադրբեջանական զինվորականներից պահանջել են վերադառնալ իրենց ելման դիրք: Նրանք սկզբում նշել են, թե համաձայն են կատարել պահանջը, բայց որոշ ժամանակ անց՝ երեկոյան ժամին, ագրեսիվ պահվածք դրսևորելով, դիտավորյալ հրահրել են ծեծկռտուք և մի քանի տասնյակ զինծառայողների խմբով հարձակվել ՀՀ զինծառայողների վրա:

Ընդհանուր առմամբ, միջադեպը տևել է 20-30 րոպե, ինչից հետո ադրբեջանական զինվորականները ստիպված լքել են նշված տարածքը:

Պաշտպանի ներկայացուցիչներն ՀՀ զինծառայողների առողջական վիճակը քննարկել են հոսպիտալի բուժանձնակազմի հետ:

Բժիշկների գնահատմամբ՝ բոլոր զինծառայողների առողջական վիճակը բավարար է, նրանք հիմնականում ստացել են ձեռքի, դիմածնոտային կամ այլ թեթև աստիճանի վնասվածքներ, ներկայում շարունակում են ստանալ անհրաժեշտ բուժօգնություն:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ամփոփվում են հավաքագրված տեղեկությունները: Մեր զինծառայողների առողջական վիճակը Պաշտպանի անմիջական ուշադրության ներքո է:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ադրբեջանական զինված ծառայողների նկարագրված կոնկրետ արարքը դիտարկում է որպես լուրջ սադրանք, որն իրականում ուղղված է ՀՀ Սյունիքի գյուղերի քաղաքացիական բնակչության դեմ հաշվի առնելով Խոզնավար գյուղի ուղղությամբ անօրինական առաջանալու նրանց փորձը:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն ադրբեջանական զինված ուժերի ծառայողներիև այս արարքները դիտարկում է 2021թ. մայիսի 12-ին ու 13-ին ՀՀ ինքնիշխան տարածք անօրինական ներխուժելու և Գեղարքունիքի ու Սյունիքի գյուղերի հովիվներին զենքի ցուցադրումով սպառնալու, սահմանային հատվածներում գյուղերի հարևանությամբ սադրանքներ հրահրելու, քաղաքացիական բնակչության մոտ լարվածություն առաջացնելու համատեքստում: ▫Այսինքն ադրբեջանական զինվորականների այս բոլոր բացահայտ անօրինական, քրեորեն պատժելի արարքները պետք է դիտարկել միասնական դիտավորության մեջ:

Անհրաժեշտ է նաև հատուկ ընդգծել, որ նշված միջադեպերը հրահրող ու տարբեր սադրանքներ ձեռնարկող ադրբեջանական զինված ծառայողների գերագույն գլխավոր հրամանատարը Ադրբեջանի նախագահն է, ով անընհատ խոսում է Հայաստանի ողջ բնակչության, հայ ժողովրդի մասին սպառնալիքների լեզվով, ուղերձներով ու քաղաքականությամբ խրախուսում է թշնամանք ու հայատյացություն:

Միջազգային կառույցները պետք է այս գործոնների միջև իրական կապը պարտադիր հաշվի առնեն և նոր գնահատեն, թե ով է իրականում խաթարում խաղաղությունն ու անդորրը տարածաշրջանում, որոնք են մարդու իրավունքների խախտումների ու վայրագությունների իրական պատճառները:

Տեղի ունեցածը ևս մեկ անգամ հաստատում է անվտանգության գոտի ստեղծելու ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի առաջարկի բացարձակ անհրաժեշտությունը:


ՀՀ ՄԻՊ

Տեղեկացնենք, որ EXCLUSIVElife.am-ը այս օրերին աշխատում է հատուկ ռեժիմով։ Մենք ներկայացնում ենք Հայաստանի և Արցախի «սահմանների ճշգրտման» կարևորագույն լուրերը միաժամանակ ներկայացնելով նորությունները հայկական շոու բիզնեսից։