Զորամասն ինքնակամ լքած զինծառայողի՝ հակառակորդի կողմում հայտնվելու տվյալներ չկան. դատախազություն - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Զորամասն ինքնակամ լքած զինծառայողի՝ հակառակորդի կողմում հայտնվելու տվյալներ չկան. դատախազություն




ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնում է, որ Վարդենիսի տարածաշրջանում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասն ինքնակամ թողած ժամկետային զինծառայող Ն. –ի՝ հակառակորդի կողմում հայտնված լինելու վերաբերյալ տվյալներ չկան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը և հավելել, որ զինծառայողի գտնվելու վայրն այս պահին դեռևս հայտնի չէ:

«Ն.Մ-ին ծառայության վայրում ծեծի ենթարկելու, նրա նկատմամբ բռնություն գործադրելու, պատիվն ու արժանապատվությունը ստորացնելու մասին որևէ տվյալ այս պահին առկա չէ: Տվյալներ չկան նաև զինծառայողի՝ հակառակորդի կողմում որևէ ձևով հայտնված լինելու վերաբերյալ: Չնայած տվյալ տարածաշրջանում պետական սահմանի հատվածում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ իրականացվում է ուժեղացված ծառայություն, տվյալ զինծառայողը մայիսի 18-ի դրությամբ չի գտնվել թշնամական ուժերի հետ անմիջական շփման հատվածում: Ամեն դեպքում որոնողական աշխատանքները շարունակվում են»,- հայտնել է Աբրահամյանը:

Փաստի կապակցությամբ ՀՀ ՊՆ Վարդենիսի ՌՈ բաժնում նախապատրաստվում են նյութեր, միջոցներ են ձեռնարկվում ոչ միայն զինծառայողին հայտնաբերելու, այլ նաև դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Աբրահամյանը գրել է, որ հանգամանքների պարզման պարագայում ՀՀ դատախազությունը պատշաճ կերպով կտեղեկացնի հանրությանը: