Վերին Շորժայի սահմանային հատվածում փոխհրաձգության հետեւանքով զոհված զինծառայողը Ավշար համայնքից էր
Այսօր Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում հակառակորդի արձակած կրակահերթից մահացու վիրավորում ստացած Գեւորգ Խուրշուդյանը Արարատի մարզի Ավշար համայնքից էր:
Ավշարի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Հովիկ Ղուկասյանը մեր զրույցում ասաց, որ դեպքի մանրամասներին տեղյակ չեն:
«Գեւորգ Խուրշուդյանն ամուսնացած էր, 2 երեխա ուներ: Ընտանիքի հետ էր ապրում՝ հոր, մոր, կնոջ եւ երեխաների: Մեծ երեխան մինչեւ 10 տարեկան է»,- ասաց նա: Ղուկասյանի խոսքով՝ Խուրշուդյանը 2 եղբայր ունի, մեկը Երեւանում է ապրում, մյուսն արտերկրում:
Ղուկասյանը նշեց, որ Խուրշուդյանն արդեն մի քանի տարի է՝ պայմանագրային ծառայության մեջ էր:
Հիշեցնենք, որ այսօր ՊՆ-ն տեղեկացրել էր, որ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում հակառակորդի արձակած կրակահերթերից հետո սկսված փոխհրաձգության արդյունքում մահացու հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Գ. Յ. Խուրշուդյանը (ծնված 1989 թ.)։