ՊՆ–ն հերքում է ադրբեջանական լուրերը - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

ՊՆ–ն հերքում է ադրբեջանական լուրերը




ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի ՊՆ–ի այն հայտարարությանը, թե ՀՀ զինված ուժերը մայիսի 24-ից 26-ը Ադրբեջանի զինված ուժերի մարտական դիրքերը գնդակոծել են։ ՊՆ–ն հաղորդագրություն է տարածել` անդրադառնալով Ադրբեջանի ՊՆ–ի այսօրվա հայտարարությանը։

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը վերջին օրերին ՀՀ ինքնիշխան տարածքների հանդեպ իրականացված սադրանքները և մայիսի 25-ին պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Գևորգ Խուրշուդյանի սպանության փաստերը կոծկելու հերթական, խղճուկ փորձն է։ Ընդ որում` հատկանշական է, որ ըստ հաղորդագրության` հայկական կողմն արդեն երեք օր է, ինչ գնդակոծում է ադրբեջանական դիրքերը, սակայն Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը միայն այսօր է որոշում կայացրել խոսել այդ մասին»,–նշված է ՊՆ հաղորդագրության մեջ։

Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորախմբի հրամանատարությունից ՀՀ պաշտպանության նախարարությանը հայտնել են, որ Շուշիի ուղղությամբ կրակոցներ նույնպես չեն եղել, ինչպես նշված է Ադրբեջանի ՊՆ հայտարարության մեջ։ ՀՀ պաշտպանության նախարարությունը նույնպես հայտարարում է, որ զինված ուժերը նշված օրերին Ադրբեջանի ուղղությամբ որևէ կրակոց չեն արձակել։

«Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը վերստին շեշտում է, որ բացարձակ անթույլատրելի են ՀՀ ինքնիշխան տարածքների հանդեպ ադրբեջանական ոտնձգությունները, և պահանջում անհապաղ լքել ՀՀ տարածքը, հակառակ պարագայում իրավունք վերապահելով խնդիրը լուծել ցանկացած, այդ թվում նաև ուժի կիրառման տարբերակով»,–նշված է ՀՀ ՊՆ հաղորդագրության մեջ։

Հիշեցնենք` ադրբեջանցի զինվորականները մայիսի 12-ից Հայաստանի Սյունիքի մարզում գտնվող Սև լճի տարածքում են և փորձում են ամրապնդվել այնտեղ։ Նմանատիպ իրավիճակ է նաև Գեղարքունիքի մարզի որոշ հատվածներում։

Ռուսական կողմի միջնորդությամբ բանակցությունների մի քանի փուլ է կայացել։ Հակառակորդն առայժմ հեռանալու մտադրություն դեռ չունի։ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին և ռազմական օգնություն խնդրել Ռուսաստանից։

Ռազմաքաղաքական ղեկավարությունը հայտարարում է, որ ցանկանում է խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով, բայց չի բացառում նաև ուժի կիրառման տարբերակը, եթե բանակցությունները արդյունք չտան։