Վաշինգտոնը Ադրբեջանին կոչ է անում անմիջապես ազատ արձակել բոլոր ռազմագերիներին և վերադարձնել իր ուժերը մայիսի 11-ի դրությամբ ունեցած դիրքեր - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Վաշինգտոնը Ադրբեջանին կոչ է անում անմիջապես ազատ արձակել բոլոր ռազմագերիներին և վերադարձնել իր ուժերը մայիսի 11-ի դրությամբ ունեցած դիրքեր



Միացյալ Նահանգները մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի միջազգային սահմանի երկայնքով տեղի ունեցող վերջին զարգացումներով, այդ թվում՝ ադրբեջանական ուժերի կողմից մի քանի հայ զինծառայողների գերեվարմամբ, ասված է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսի հայտարարության մեջ։

«Մենք երկու կողմերին կոչ ենք անում անհապաղ ու խաղաղ կերպով լուծել այս միջադեպը։ Միաժամանակ, մենք շարունակում ենք կոչ անել Ադրբեջանին անմիջապես ազատ արձակել բոլոր ռազմագերիներին ու պահվող այլ անձանց և հիշեցնում ենք Ադրբեջանին միջազգային հումանիտար իրավունքի ներքո պահվող անձանց հանդեպ մարդասիրական վերաբերմունք դրսևորելու իր պարտավորությունների մասին։

Միացյալ Նահանգները Հայաստանի և Ադրբեջանի միջազգային սահմանների չսահմանազատված հատվածներում ցանկացած տեղաշարժ համարում է սադրիչ ու անհարկի։

Մենք մերժում ենք ուժի կիրառումը սահմանազատման հարցում և կոչ ենք անում երկու կողմերին վերադառնալ իրենց նախկին դիրքերին և դադարեցնել ռազմական ամրակայման աշխատանքների իրականացումը չսահմանազատված հատվածում և ականապատումը։

Մասնավորապես, մենք Ադրբեջանին կոչ ենք անում իր ուժերը վերադարձնել մայիսի 11-ի դրությամբ ունեցած դիրքեր։ Մենք նաև Հայաստանին ենք կոչ անում վերադարձնել իր ուժերը մայիսի 11-ի դրությամբ ունեցած դիրքեր և ողջունում ենք այս մտադրությունների մասին հայտարարությունները։ Այս գործողությունները կթուլացնեն լարվածությունները և տեղ կբացեն սահմանների հրատապ սահմանազատման շուրջ խաղաղ բանակցային գործընթացի համար։ Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել այս ջանքերին։

Միացյալ Նահանգները կողմերին հորդորում է հնարավորինս շուտ վերադառնալ առարկայական բանակցությունների ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո՝ հասնելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման», - ասված է հայտարարության մեջ։