«Ալաշկերտը» չորրորդ անգամ դարձավ Հայաստանի չեմպիոն - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Ալաշկերտը» չորրորդ անգամ դարձավ Հայաստանի չեմպիոն




VBET Հայաստանի ֆուտբոլի Պրեմիեր լիգայում կայացան վերջին` 25-րդ տուրի հանդիպումները:

Կենտրոնական խաղում մրցաշարի առաջատար «Ալաշկերտը» սեփական դաշտում ընդունեց «Արարատ-Արմենիային»:

Դաշտի տերերը հաղթանակի կամ ոչ-ոքիի դեպքում ապահովում էին առաջին տեղը և հռչակվում էին չեմպիոն: Հյուրերը հաղթելու դեպքում ապահովում էին իրենց մասնակցությունը եվրոպական գավաթի մրցաշարում:

Հանդիպումն անցավ անչափ լարված պայքարում և ավարտվեց «Ալաշկերտի» նվազագույն հաղթանակով` 1:0: Միակ գոլը 67-րդ րոպեին խփեց չեռնոգորցի Դեյան Բոլյևիչը:

Այդպիսով, «Ալաշկերտը» վաստակելով 46 միավոր, անհասանելի դարձավ իրեն հետապնդող «Նոայի» համար, որն այս տուրում սեփական դաշտում 1:2 հաշվով անսպասելի պարտություն կրեց և 41 միավորով զբաղեցրեց 2-րդ տեղը: Ալաշկերտցիները չորրորդ անգամ դարձան Հայաստանի չեմպիոն:

Մրցանակային երրորդ տեղը զբաղեցրեց «Ուրարտուն», որն իր հարկի տակ հյուրի կարգավիճակով 1:0 հաշվով հաղթեց «Փյունիկին» և նույնպես վաստակեց 41 միավոր, սակայն խփած և բաց թողած գնդակներով հետ մնաց «Նոայից»:

Չորրորդ հորիզոնականը զբաղեցրեց այս տարվա գավաթակիր Երևանի «Արարատը», որը վերջին խաղում սեփական դաշտում 5:2 հաշվով ջախջախեց մրցաշարի հետնապահ «Շիրակին» և վաստակած միավորների քանակը հասցրեց 40-ի:

Նախորդ երկու առաջնությունների հաղթող «Արարատ-Արմենիան» 38 միավորով բավարարվեց 5-րդ տեղով և զրկվեց եվրոպական գավաթներին մասնակցելու իրավունքից: