ԱԳՆ-ից չեն ներկայացել կառավարության նիստին, քանի որ զբաղված են եղել իրենց այլ կարևոր գործերով. վարչապետի աշխատակազմի ղեկավար - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

ԱԳՆ-ից չեն ներկայացել կառավարության նիստին, քանի որ զբաղված են եղել իրենց այլ կարևոր գործերով. վարչապետի աշխատակազմի ղեկավար



Արտաքին գործերի նախարարությունում կա պաշտոնակատար, լրագրողներին վստահեցրեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը։

«Նա կատարում է իր պարտականությունները», - ասաց Թորոսյանը։

Հարցին, թե ինչո՞ւ երեկ չէին ներկայացել կառավարության նիստին, վարչապետի աշխատակազմի ղեկավարը 
«Որովհետև զբաղված են եղել իրենց այլ կարևոր գործերով, և մենք տեղեկացված ենք եղել, որ նրանք չեն գալու կառավարության նիստին»։

Հիշեցնենք՝ մայիսի 27-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը։ Նույն օրը հրաժարական էր ներկայցրել նաև ԱԳ փոխնախարար Գագիկ Ղալաչյանը։

Ըստ մամուլի՝ հրաժարականի դիմումներ են գրել բոլոր փոխնախարարները, սակայն ԱԳՆ-ից վստահեցրել են՝ ԱԳՆ բոլոր փոխնախարարները կատարում են իրենց պարտականությունները։

Նախարարի ու փոխնախարարի հետ ԱԳՆ-ից հեռացել է նաև նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։

ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հրաժեշտի հանդիպում էր ունեցել ԱԳՆ անձնակազմի հետ: 

«Ես շատ դժվարությամբ եմ այս որոշումն ընդունել, բայց երբ ստանձնել եմ այս պաշտոնը, ինձ համար եղել է մի չափանիշ. այս նախարարությունը, որ ծնունդն է անկախության, պետք է անշեղորեն պաշտպանի մեր ինքնիշխանությունը, մեր անկախությունը, մեր պետական, ազգային շահերը։ Հուսով եմ, որ ձեզ ամոթով չեմ թողել, և իմ հրաժարականի որոշումը պայմանավորված էր հենց այդ պատճառով, որպեսզի երբևիցե որևէ կասկած չլինի, որ այս նախարարությունը կարող է ինչ-որ քայլ անել կամ համաձայնություն տալ ինչ-որ գաղափարների, նախաձեռնությունների, որոնք մեր պետականության, մեր ազգային և պետական շահի դեմ են եղել։ Մենք միասին երկար ճանապարհ ենք անցել, և այսօր ես ձեզ հրաժեշտ եմ տալիս ամենաբարի հիշողություններով», - հայտարարել էր Այվազյանը։