Ադրբեջանի կողմից գերեվարված լիբանանահայ Վիգեն Էուլջեկջյանը հոսպիտալացվել է - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ադրբեջանի կողմից գերեվարված լիբանանահայ Վիգեն Էուլջեկջյանը հոսպիտալացվել է




Նոյեմբերի 10-ին Շուշիի մերձակայքում ադրբեջանական զորքերի կողմից գերեվարված լիբանանահայ Վիգեն Էուլջեկջյանը հոսպիտալացվել է: Այս մասին Asbarez-ին տեղեկացրել են նրա 18-ամյա դուստրը` Քրիստինան եւ մայրը` Բեատրիսը: Նրանք պատմել են Վիգենի հետ իրենց վերջին հեռախոսային խոսակցության մասին, երբ նրան բանտից տեղափոխում էին հիվանդանոց:

Վերջին վեց ամիսների ընթացքում Քրիստինան ստիպված է եղել արագ մեծանալ: Նա խոսում է հանգիստ ու հասուն եւ դարձել է հայ ընտանիքի ձայնը, որը փափագում է վերադարձնել որդուն, եղբորը ու հորը, որի միակ հանցանքը Հայաստանում ավելի լավ ապագայի երազանքներն էին, գրում է թերթը:

Այս երազանքները փշրվեցին, երբ Ադրբեջանը անսպասելի պատերազմ սկսեց Արցախի դեմ: Չիմանալով, որ քաղաքն արդեն գրավված է, հրադադարի մասին համաձայնագրի հաջորդ օրը Վիգենը Շուշիի մոտ գերեվարվել էր: 2020-ի նոյեմբերի 10-ին նա, Մարալ Նաջարյանի հետ միասին, գնացել էր Շուշի՝ նախքան քաղաքը Ադրբեջանին հանձնելը իրերը հյուրանոցից վերցնելու: Նրանց կանգնեցրել էին ադրբեջանական զորքերը եւ ավտոբուսով տեղափոխվել Բաքու` բազմաթիվ այլ հայ գերիների, քաղաքացիական անձանց եւ զինվորների հետ միասին: Մարալ Նաջարյանը ազատ էր արձակվել 2021 թվականի մարտին, իսկ Վիգենը շարունակում է մնալ գերության մեջ, որտեղ նրա դեմ քրեական գործ է հարուցվել Ադրբեջանի կողմից:

Միջազգային Կարմիր խաչի ներկայացուցիչներին միայն 2021 թվականի փետրվարին էր թույլատրվել բանտում այցելել Վիգենին: ԿԽՄԿ-ն նպաստել է նրա եւ Բեյրութում նրա ընտանիքի պարբերաբար հաղորդակցությանը, նամակների փոխանակմանը: Ապրիլին Վիգենին հինգ ամսվա ընթացքում առաջին անգամ թույլատրել են զանգել ընտանիքին: Նա նրանց ասել է, որ իրեն լավ են վերաբերվում, եւ որ իր փաստաթղթերը կվերանայվեն երեք ամսից իրեն ազատ արձակելու համար։

Այս հույսերը կրկին փլուզվել են, երբ մայիսի 5-ին, դրանից մի քանի շաբաթ անց, Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ Վիգեն Էուլջեկջյանի հետաքննությունն ավարտված է եւ նրա գործը ուղարկվել է դատարան: Նրան մեղադրում են «ահաբեկչության», «որպես վարձկան ռազմական հակամարտությանը մասնակցելու» եւ «ադրբեջանական սահմանն ապօրինի հատելու» մեջ: