Լրահոս

Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակավ խոստովանել է սեփական չկայացածության մասին




Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաջողեցրել է մի քանի ժամ տարբերությամբ հանդես գալ տրամագծորեն հակադիր բովանդակությամբ հայտարարություններով։

Առիթ է հանդիսացել հայ զինծառայող Արթուր Քաթանյանի գերեվարումը։ Հիշեցնենք. զինծառայողը մոլորվել էր մառախուղի պատճառով եւ հայտնվել ադրբեջանական կողմում։ Ինչի մասին էլ տեղեկացրին ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում կատարելով երկրի պաշտպանական գերատեսչությանը։

Առաջին տեղեկացումն ասում է տառացիորեն հետեւյալը. «Հունիսի 8-ին հայ-ադրբեջանական պետական սահմանի Լաչինի տեղամասում Հայաստանի ԶՈւ հետախուզական-դիվերսիոն խումբը թափանցել է ադրբեջանական կողմ, բայց հայտնաբերվել է։

Ադրբեջանի ԶՈւ զգոնության արդյունքում բռնվել է խմբի անդամ, զինծառայող Արթուր Քաթանյանը, խմբի մյուս անդամները կարողացել են հետ գնալ, երեքշաբթի ցերեկը տեղեկացրել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

Նախնական տվյալների համաձայն՝ դիվերսանտները ծրագրել էին ականապատել Ադրբեջանի տարածքները»։



Այսինքն՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը բավականաչափ հիմքեր ուներ պնդելու հայ զինծառայողների խմբի կողմից սահմանը հատելու մասին։ Չէ՞ որ, ինչպես հավաստիացվում է հաղորդագրությունում, «խմբի մյուս անդամները կարողացել են հետ գնալ»։ Հակառակ դեպքում Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կգործեր չստուգված, մտացածին, ոչ հավաստի տվյալներով, մոլորության մեջ կգցեր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներին, ռուս խաղաղապահներին եւ այլն։

Բայց, ինչպես պարզվեց, Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը սեթեւեթ պչրուհու նման փոխում է կարծիքը։ Արդեն մի քանի ժամ հետո նա հանդես եկավ երկրորդ հայտարարությամբ՝ բռնվածին հայկական կողմին հանձնելու մասին։



«Իրականացված հավելյալ քննության արդյունքում պարզվեց, որ Հայաստանի Զինված ուժերի զինծառայող Արթուր Քաթանյանը՝ բռնված 2021թ. հունիսի 8-ին հայ-ադրբեջանական սահմանի Լաչինի շրջանի տարածքում, Ադրբեջանի տարածքում է հայտնվել ոչ դիվերսիոն գործունեության նպատակով։ Նախարարության տվյալներով՝ Արթուր Քարթանյանը (Հայաստանի պաշտպանության նախարարության տարբերակով՝ Քաթանյան), կորցնելով ճանապարհը, հատել է ադրբեջանական սահմանը։ Այն առնչությամբ, որ Արթուր Քարթանյանը նախնական հարցաքննության ժամանակ իրեն կասկածելի է պահել եւ հստակ պատասխան չի տվել, կասկածներ են ծագել, որ նա Հայաստանի Զինված ուժերի դիվերսիոն խմբի զինծառայող է։ Հաշվի առնելով վերոնշյալը՝ Ա.Քարթանյանը վերադարձվել է հայկական կողմին։ Դրանով իսկ, հերթական անգամ մարդասիրություն ցուցաբերելով՝ մենք ապահովում ենք անձի վերադարձը, որը հանցագործություն չի կատարել Ադրբեջանի դեմ»,- ասվում է Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության հաղորդագրությունում։ Ստացվում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը սկզբում հայտարարություններ է անում, մեղադրում ծանր հանցագործության մեջ, եւ հետո արդեն իրեն նեղություն է տալիս ստուգել այն։

Ադրբեջանի պաշտպանության նախարարության՝ սեփական չկայացածությունը խոստովանելու պատճառների մասին կարելի է կռահել, եթե հիշենք, որ Լաչինի ուղղությունը ռուսական կողմի պատասխանատվության գոտում է։