Ես Օնիկին հարազատ ախպոր պես վստահել եմ, բայց Կոնդի առանձնատանն ինքն ինձ ասում է՝ որոշում կայացրու ու հրաժարական տուր. Նիկոլ Փաշինյանը մանրամասներ պատմեց իր ու Օնիկ Գասպարյանի հարաբերություններից - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ես Օնիկին հարազատ ախպոր պես վստահել եմ, բայց Կոնդի առանձնատանն ինքն ինձ ասում է՝ որոշում կայացրու ու հրաժարական տուր. Նիկոլ Փաշինյանը մանրամասներ պատմեց իր ու Օնիկ Գասպարյանի հարաբերություններից



Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Տավուշում՝ Աչաջուրում, բացառիկ մանրամասներ ներկայացրեց իր ու Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի խոսակցությունից։

«Ես որ վարչապետ եմ դարձել, Օնիկ Գասպարյանը եղել է ԳՇ պետի առաջին տեղակալ՝ գեներալ-մայորի կոչումով: Հետագայում, իմ միջնորդությամբ, իրեն շնորհվել է գեներալ-լեյտենանտի կոչում, պատերազմի ժամանակ, իմ նախաձեռնությամբ, շնորհվել է գեներալ-գնդապետի կոչում: Երբ ես միջնորդել եմ Օնիկին նշանակել ԳՇ պետ, ես իրեն ասել եմ՝ Օնիկ, ես մենակ մի բանից եմ վախենում, ասել եմ՝ իմ կարծիքով՝ դու նախկին իշխանությունների հետ ամուր կապեր ունես: Ինքը պատասխանել է, որ չէ, «խնդիր չունես, մի անհանգստացի»»,-պատմեց Փաշինյանը։

Նա ասաց, թե Օնիկ Գասպարյանին վստահել է հարազատ եղբոր նման։

«Ես իր ասածները երբեք կասկածի տակ չեմ դրել: Նույնիսկ, հուլիսյան պատերազմի ժամանակ ԱԱԾ-ն ինձ ասաց, որ ինքը մի դրվագ է եղել, քեզ սխալ է զեկուցել, ես ասացի՝ բացառված է, չեմ հավատում»,-ասաց վարչապետի պաշտոնակատարը։

Փաշինյանը պատմեց, թե նոյեմբերի 20-ին Օնիկ Գասպարյանը Սյունիքի մարզում հանդիպել է որոշ շրջանակների հետ, ինչ-ինչ պատճառով ճանապարհին հեռախոսային խոսակցություն է ունենում Սերժ Սարգսյանի հետ։

«Այս ընթացքում իմ մասին ամենավերջին բառերն են ասում, հետո պայմանավորվում են, որ պետք է իրար հետ հանդիպեն, հետո էդ իրիկունը Օնիկի հետ մենք հանդիպում ենք Կոնդի առանձնատանը: Ինքն ինձ ասում է՝ որոշում կայացրու ու հրաժարական տուր: Ես էլ ասում եմ՝ Օնիկ ջան, քանի՞ օր չես քնել, ինքն ասում է՝ երևի չորս-հինգ, ես ասում եմ՝ խնդրում եմ, գնա քնի, հանգստացի։ Հետո կանչում եմ իրեն, ասում եմ՝ Օնիկ տես, ես քեզ անվերապահորեն վստահել եմ, ուզում եմ էլի վստահել»,-պատմեց Նիկոլ Փաշինյանը։

Նա ասաց, թե հետո զգացել է, որ քաղաքական ազդեցություններ կան ԳՇ-ի նկատմամբ, իսկ դրանից հետո ի հայտ են գալիս դրվագներ, որոնցից ինքը համոզվում է, որ շատ բաներ պատերազմի ժամանակ իրեն ճիշտ չեն զեկուցվել:

«Այդ ճիշտ չզեկուցվելու արդյունքում ի հայտ են գալիս պրոբլեմներ: Հետո ինձ համար ակնհայտ է դառնում, որ ԳՇ-ն քայլ առ քայլ անցնում է ընդդիմության շարքերը»,-ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ վերջերս լուրեր են տարածվում, թե, իբր, ինքը նոյեմբերի 9-ի երեկոյան հայտարարությունը ստորագրելիս մղվել է ստորագրելու այդ տխրահռչակ թուղթը՝ Բարխուդարլու, Խրեմլու, բոլոր փաթեթները միասին ու, իբր, Օնիկն Գասպարյանն է իրեն հորդորել, զգուշացրել ու թույլ չի տվել, որ թուղթն այդ տարբերակով ստորագրի։

«Մինչդեռ, իրականությունն ուղիղ հակառակն է: Տասը մարդու ներկայությամբ Օնիկն ասել է, որ պետք է ստորագրել: Ես այդ ժամանակ էլ չեմ մեղադրել իրեն, համարել եմ, որ այդ մարդն այդպես է մտածել: Ես իրեն ուրիշ բանի մեջ եմ մեղադրում, որ հիմա ինքը հետահայաց հակառակ լուրերն է տարածում: Ինչո՞ւ»,-մանրամասնեց Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանը վստահեցրեց՝ ասել է՝ բացառված է, չի ստորագրելու փաստաթուղթը:

«Ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, էդ վերսիայով թուղթը չեմ ստորագրի։ Ինչո՞ւ է տարածվում հակառակ լուրը, ինչո՞ւ է դա արվում: Ու հիմա վերլուծությունն ինձ լրիվ այլ հետևությունների է բերում: Կարո՞ղ է հընթացս ոչ թե ինչ-որ մտահոգության պատճառով էր ինքն ինձ ասում ստորագրի, այլ ինքը մտածում էր, որ ինչքան վատը լինի էդ թուղթը, այնքան ավելի մեծ հնարավորություն կա, որն դա քաղաքական պայթյուն կառաջացնի և կքշի-կտանի մեր կառավարությանն, այդ թվում, ինձ: Այն ժամանակ նման բան իմ մտքով էլ չէր անցնի»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։