Քոչարյանն ԱԳՆ ղեկավարի պաշտոնի համար թեկնածու ունի - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Քոչարյանն ԱԳՆ ղեկավարի պաշտոնի համար թեկնածու ունի




Նիկոլ Փաշինյանի կառավարությունում գրեթե բոլոր արտգործնախարարները, «Հայաստան» դաշինքի առաջնորդի խոսքով, զայրացած էին ներկայիս իշխանության քայլերի վրա։

«Հայաստան» դաշինքը կարող է գրեթե հավասարազոր 2-3 կառավարության կազմ ձևավորել։ Sputnik Արմենիային, ՌԻԱ Նովոստիին և Ruptly–ին տված հարցազրույցում այս մասին հայտարարեց դաշինքի առաջնորդ, ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

Ըստ նրա` ընտրություններում հաղթելու դեպքում նախևառաջ անհրաժեշտ կլինի վերականգնել արտգործնախարարությունը, որն այսօր, ըստ էության, պարզապես գոյություն չունի։

«Հետաքրքիր է` փորձառու դիվանագետների մեծ խումբ կա, բայց արտգործնախարարություն չկա։ Ֆենոմենալ իրավիճակ է, երբ բոլոր գերատեսչությունները... Ի դեպ, բոլոր այս երեք տարիների ընթացքում բացառությամբ մի նախարարի, որը որոշակի դեր էր խաղում, կարծես թե բոլորը զայրանում էին, թե ինչ է անում այս իշխանությունը։ Արդյունքում դա հանգեցրեց նրան, որ այդ նախարարությունը փլուզվեց», – ասաց Քոչարյանը։

«Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն ընդգծեց, որ հետագայում պետք է փորձել հարաբերություններ կառուցել այն ուղղություններով, որոնք Հայաստանի համար կարևոր են։ Դա վերաբերում է Ռուսաստանին, Իրանին, ԵՄ–ին` ողջ սպեկտրով։
«Չինաստանի հետ պետք է բավական լուրջ, ինստիտուցիոնալ հարաբերություններ կառուցել։ Այն արդեն համաշխարհային տերություն է։ Եթե ոչ համար առաջինը, ապա համարյա։ Կամ գուցե նաև համար առաջինը տնտեսական հնարավորությունների առումով։ Մեծ աշխատանք կա անելու»,– նշեց Քոչարյանը։

Ինչ վերաբերում է կոմպլեմենտար քաղաքականությանը, որը Հայաստանն իրականացնում էր բավական երկար ժամանակ, ապա ժամանակակից աշխարհում այդ միջանցքը բավական նեղացել է, կարծում է նա։

ՀՀ երկրորդ նախագահը նշեց, որ իր կառավարման տարիներին Երևանն այդ ուղղությունը բավական հաջող էր իրականացնում, սակայն այն ժամանակ Ռուսաստանի և Արևմուտքի միջև փոխհարաբերություններն այս աստիճան սուր չէին ։

«ՆԱՏՕ–ն Ռուսաստանի հետ ավելի շատ ծրագրեր ուներ, քան Հայաստանի։ Այդ առումով` կոմպլեմենտարությունն այն ժամանակ ավելի տեղին էր, այսօր շատ լուրջ պետք է նրա չափանիշները վերանայվեն։ Այսինքն, նախկին իրավիճակին, անկասկած, վերադառնալ այլևս չի հաջողվի։ Կարծում եմ` դա ճիշտ էլ չէր լինի։ Սակայն ակտիվ արտաքին քաղաքականության նոր կրեատիվ մոդել կգտնենք», – ասաց Քոչարյանը։

Հարցին, թե արդյո՞ք արտգործնախարարի իր թեկնածուն ունի, նա պատասխանեց` իհարկե, կա։

«Մի անգամ ասացի, որ մենք կառավարության առնվազն 2-3 կազմ ունենք։ Այն թիմից, որն այսօր ինձ հետ է, կրկնեմ, կառավարության առնվազն 2-3 կազմ կա` գրեթե հավասարազոր», – ասաց նախկին նախագահը։

Հիշեցնենք` Հայաստանում հունիսի 20-ին կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնց կմասնակցի 25 քաղաքական ուժ` 21 կուսակցություն և 4 դաշինք։