Լրահոս

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» պատասխանը Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տեղական օլիգարխների փայերն անցնելու են ժողովրդին ու կառավարությանը




«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Պարագ Յոհաննես Բհատը պատասխանել է Նիկոլ Փաշինյանի՝ կոմբինատի հասցեին երեկ արված հայտարարությանը։

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունը միշտ զերծ է մնացել և չի միջամտել քաղաքական գործընթացներին, ինչպես նաև չի խոչընդոտել իր աշխատակիցների քաղաքական ու քաղաքացիական դիրքորոշումների արտահայտմանը՝ բացառելով նաև այդ հողի վրա ցանկացած խտրականության դրսևորում:

Մեր ընկերության առաջնահերթություններից է հանդիսանում արտադրական գործունեության անխափանության ապահովումը, աշխատակիցների կյանքի, առողջության և սոցիալական բարեկեցության պաշտպանությունը, պետության և մեր գործընկերների հանդեպ ստանձնած պարտավորությունների անխախտ կատարումը:

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությունը միշտ գործում և իր շահերը պաշտպանում է բացառապես օրենքների և օրինականության շրջանակներում։ Այս անգամ ևս, արձագանքելով երեկ՝ 2021 թվականի հունիսի 15-ին, ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան և Կապան համայնքներում ՀՀ վարչապետի պաշտոնակատարի կողմից «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության և նրա աշխատակիցների հասցեին հնչեցված անհիմն մեղադրանքներին, տրված որակումներին ու հաշվեհարդարի սպառնալիքներին, դրանք գնահատում ենք որպես պետության բարձագույն պաշտոնատար անձի կողմից Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, ՀՀ կողմից վավերացված միջազգային պայմանագրերի և գործող օրենսդրության կոպտագույն խախտում, «ԶՊՄԿ» ՓԲ ընկերության տնտեսական գործունեության ազատության իրացման խոչընդոտում, սեփականությունից զրկելու և մասնավոր տնտեսական գործունեությանը միջամտելու սպառնալիք՝ այդ թվում զուգորդված ֆիզիկական հաշվեհարդարի ակնարկներով, ինքնադատաստանի կոչերով, աշխատողներին աշխատանքային անկարգապահության հորդոր և այլն:

Հայտնում ենք, որ հերթական անգամ չենք տրվելու սադրանքների և չենք ներքաշվելու քաղաքական բանավեճերի ու գործընթացների մեջ:

Անընդունելի ենք համարում որպես տարբեր քաղաքական զարգացումների մեղավոր «ԶՊՄԿ» ՓԲ ընկերությանը կարգելը, առավել ևս դա նախապես պլանավորված և հետևողականորեն իրագործելը, ընկերության շուրջ արհեստական «անցուդարձ» ստեղծելով:

Միաժամանակ, օգտվելով առիթից նախընտրական քարոզարշավին մասնակցող բոլոր ուժերին (այդ թվում նաև իշխանությանը) հորդորում ենք զերծ մնալ մեզ սեփական քաղաքական նպատակներով օգտագործելու գայթակղությունից, ապատեղեկատվություն տարածելուց, ինչպես նաև քաղաքական պրոցեսները չօգտագործել որոշ անձանց և շրջանակների անձնական ու խմբային տնտեսական շահերը սպասարկելու նպատակներով։

«ԶՊՄԿ» ՓԲ ընկերությունը և ամենօրյա քրտնաջան աշխատանքով բարիք ստեղծող իր բազմահազարանոց կոլեկտիվը չեն հանդուրժելու ՀՀ Սահմանադրությամբ և միջազգային պայմանագրերով սահմանված ու երաշխավորված իրենց իրավունքների և ազատությունների ոտնահարման փորձերը և բոլոր օրինական, պիտանի ու արդյունավետ միջոցներով պաշտպանելու են դրանք ազգային ու միջազգային ատյաններում: Տեղեկացնում ենք նաև, որ ընկերությունը պատրաստվում է վերը նշված խախտումների վերաբերյալ համապատասխան դիմում (հաղորդում) ներկայացնել իրավասու պետական մարմիններին։

Գլխավոր տնօրեն՝

Պարագ Յոհաննես Բհատ