Լրահոս

2020 թ. սեպտեմբերի դրությամբ միջնորդներն ունեին կոնսենսուս, որ 7 շրջանները պետք է վերադարձվեն Ադրբեջանին. Փաշինյան




Միջազգային հարաբերությունների զսպող մեխանիզմները պետք է աշխատեն։ Առաջին հերթին հայ-ռուսական ռազմավարական, դաշնակցային հարաբերությունների խորացմամբ, երկրորդը՝ ՀԱՊԿ-ի մեխանիզմների կատարելագործմամբ, երրոդը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության վերաներգրավմամբ մեր տարածաշրջանի անվտանգային գործերին։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությունում Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Կարող է հարց հնչել՝ բա ինչու՞ 2020 թվականի սեպտեմբերին այդ նույն մեխանիզմները չաշխատեցին։ Շատ պարզ պատճառով։ 2020 թվականի սեպտեմբերի դրությամբ միջնորդները, ըստ էության, ունեին կոնսենսուս, որ 7 շրջանները պետք է վերադարձվեն Ադրբեջանին, Լեռնային Ղարաբաղի տարածքի մի մասը պետք է վերադարձվի Ադրբեջանին և սա, ինչքան էլ խուսափենք դա ասել, պետք է արձանագրենք, որ երկար տարիներ տևած բանակցային ապաշնորհ գործողությունների արդյունք էր։ Եվ այդ պահին այդ իրադրության առաջ էինք և պետք է փորձեինք և փորձում էինք պաշտպանել Հայաստանի շահերը»,- ասել է Փաշինյանը։

Վարչապետի պաշտոնակատարը կարևորել է նաև Իրանի Իսլամական Հանրապետության հետ անվտանգային ոլորտում համագործակցության հնարավորությունների օգտագործումը։

Իսկ ամենակարևոր կոմպոնենտը, ըստ Փաշինյանի, ՀՀ զինված ուժերի բարեփոխումներն է, «Առանցքային էությունը հետևյալն է, որ պետք է անցում կատարենք պրոֆեսիոնալ բանակի։ Իմիջիայլոց, գիտեք, որ 2018 թվականին, նաև 2020 թվականի դրությամբ՝ մեր բանակի դասակի հրամանատար, վաշտի հրամանատար, միջին սպայական կազմում ահռելի մեծ թվով թափուր տեղեր են եղել։ Այսինքն՝ եղել է հաստիք, չի եղել սպա։ Ինչու՞, որովհետև աշխատավարձը և ծառայության պայմանները այնպիսին են եղել, որ այդ աշխատանքը մարդկանց համար գրավիչ ուղղակի չի եղել։

Երբ որ ասում ենք անվտանգություն, առաջին հերթին մտքով հասնում ենք սահման, սահմանին կանգնած զինվոր, բայց պետք է հասկանանք, որ զինվորով անվտանգությունը ոչ թե սկսվում է, այլ ավարտվում է։ Անվտանգությունը սկսվում է տնտեսությամբ, հարկային եկամուտներով, հանրությունը ինչքան բյուջե է գեներացնում, որպեսզի ծախսի անվտանգային կարիքների համար։ Երբ ասում եմ պրոֆեսիոնալ բանակ, դա ,իհարկե, շատ լավ է հնչում, բայց պրոֆեսիոնալ բանակ նշանակում է՝ զինվորից սկսած սպայից վերջացրած բարձր մասնագիտական պատրաստության և կրթության տեր մարդիկ։ 2018 թվականի դրությամբ՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում տեղերը ավելի շատ էին, քան դիմորդները։ Ինչու, որովհետև գրավիչ չէ։ Այսինքն՝ պետությունը, հանրությունը պետք է այնքան բյուջետային եկամուտ գեներացնի, որ ոչ միայն պատշաճ կրթություն ապահովի` սկսած զինվորից վերջացրած սպաներից, այլ նաև պատշաճ աշխատավարձ, և որ ավելի կարևոր է` սոցիալական երաշխիքների կուռ համակարգ։ Մենք այսօր ունենք զինված ուժերում գեներալներ, որոնք տուն չունեն, վարձով են ապրում։ Ինչպե՞ս կարող է զինվորը 25 տարի ծառայի հայրենիքին և տուն չունենա, գեներալը, գնդապետը մտածի, թե երեխու ուսման վարձը ինչպես է վճարելու և այլն և այսպես շարունակ»,- նշել է Փաշինյանը։