«Թեկնածության վճար». ովքեր են ֆինանսավորել քարոզարշավը․hetq.am - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Թեկնածության վճար». ովքեր են ֆինանսավորել քարոզարշավը․hetq.am




Այս ընտրությունների քաղաքական քարոզչությունը հիմնականում ֆինանսավորել են պաշտոնյաներ, գործարարներ և հենց իրենք՝ ընտրացուցակներում ներառված թեկնածուները։ Վերջիններս, սակայն, մեծ մասամբ գումար են նվիրաբերել ոչ թե իրենց անձնական միջոցներից, այլ հարազատների, դրսում գտնվող բարեկամների օգնությամբ, նույնիսկ պարտք վերցնելով։




Հետք Մեդիա Գործարանի թիմն ուսումնասիրել է ընտրություններին մասնակցող ուժերի նախընտրական հիմնադրամների ֆինանսական շարժը՝ 2021 թվականի հունիսի 3-16-ն ընկած ժամանակահատվածում։ Վերլուծել ենք նվիրատվությունների մոտ 1100 էջ բանկային օրդերները։

Ամենից շատ նվիրատվություն ստացել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները։ Ստորև ներկայացնում ենք կուսակցությունների և դաշինքների նվիրատուների վերաբերյալ մանրամասներ։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն

«Քաղաքացիական պայմանագրին» գումար են նվիրաբերել մարզպետներ, վարչության պետեր, ավագանու անդամներ, համայնքապետեր, պետական ապարատի այլ աշխատակիցներ, ինչպես նաև միջին և խոշոր գործարարներ։

Հատկանշական է, որ նշված անձինք բնակվում են Հայաստանի տարբեր մարզերում, բայց նրանց կողմից նվիրատվությունը կուսակցության նախընտրական քարոզարշավի հաշվին մուտք է արվել «Հայէկոնոմբանկի» Երևանի գլխամասային գրասենյակի նույն տարանցիկ հաշվից՝ հունիսի 8-ին։ Հիշեցնենք, որ կուսակցության նախընտրական ցուցակի հինգերորդ համարը՝ գործարար Խաչատուր Սուքիասյանը, բանկի բաժնետերերից է։

Նման պատկեր ստանալու համար ավելի քան 400 անձ նույն օրը պետք է այցելած լիներ «Հայէկոնոմբանկի» գլխամասային գրասենյակ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը գումար նվիրաբերելու համար։ Կամ ամբողջ գումարը պետք է մեկ անձ փոխանցեր՝ 400-ից ավելի մարդկանց անունից։

Իրավիճակը պարզաբանելու համար՝ խոսեցինք կուսակցության ներկայացուցիչների հետ՝։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով պատգամավորի թեկնածու, պետական գույքի կառավարման կոմիտեի նախկին նախագահ Նարեկ Բաբայանը պարզաբանեց, որ իրականացրել են դրամահավաք, որին մասնակցել են «տարբեր ֆինանսական հնարավորություն ունեցող մարդիկ», թեկնածուներ։ Հավաքված գումարը, «թեկնածուների և ոչ միայն թեկնածուների անունից», մուտքագրվել է նախընտրական հիմնադրամի հաշվին։

Բաբայանը նաև նշեց, որ ինքը կանխիկ գումարն անձամբ է մուտք արել՝ «Հայէկոնոմբանկից»։ Հարցին, թե ինչպես են բոլոր նվիրաբերողները որոշել հենց նույն բանկի նույն մասնաճյուղից գումարը մուտքագրել, Նարեկ Բաբայանը պատասխանեց. «Իսկ եթե այդ գումարը մի տեղից վերցվել է և մի տեղ վճարվե՞լ, տրամաբանական է, չէ՞, որ այդ մի տեղը միշտ նույնը լինի։ Եթե ամեն մեկն իր գրպանից արած [նվիրաբերած,-խմբ.] լիներ, ձեր ասածը ճիշտ կլիներ, բայց նորից եմ ասում՝ գրասենյակից վերցվել և մուտք է արվել»,- պարզաբանեց Բաբայանը։

«Արդյոք մի հոգի է վերցրել գումարը գրասենյակից և մոտ 400 հոգու անունից մուտք արել նախընտրական հաշվին» հարցին Նարեկ Բաբայանը պատասխանեց. «Ես ինքս մուտք արել եմ, բայց մյուսների մասին չգիտեմ, որովհետև առաջարկված է եղել էս օրը անել այդ գործը և ում՝ երբ հարմար է եղել, մոտեցել է գրասենյակ, վերցրել և… նույնիսկ, չգիտեմ, եթե մի հոգի, օրինակ, լիազորագրով աներ, էլի որևէ խնդիր չեմ տեսնում, բայց ես անձամբ ինքս տարել եմ, մյուսների մասին չգիտեմ։ Չգիտեմ՝ շուտ եմ գնացել, թե ինչ, համենայնդեպս ուրիշ մարդու չեմ հանդիպել մերոնցից»,- ասաց թեկնածուն։

Նվիրատվության նպատակը՝ «թեկնածության վճար»

«Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական հիմնադրամի ֆինանսական մուտքերի ուսումնասիրությունից պարզվում է նաև, որ կուսակցության թեկնածուները նվիրաբերել են առավելագույն թույլատրելի 5 մլն դրամ՝ նպատակի տողում նշելով «թեկնածության վճար»։

Հարցին՝ արդյոք ընտրություններին մասնակցող ՔՊ թեկնածուները պետք է վճարեին թեկնածության վճար, պատգամավոր, կուսակցության վարչության անդամ և թեկնածու Վահագն Հովակիմյանը պատասխանեց. «Բանկում, երբ թեկնածուները գնացել են, բանկը, որպեսզի տարբերակի, որ թեկնածուն է վճարողը, որ 500 հազար, թե 5 մլն դրամ լինի, բանկն ուղղակի այդպես է ձևակերպել։ Որպեսզի բանկի աշխատողը չսխալվի, գիտակցի, որ թեկնածուից է վերցնում գումար, որովհետև թեկնածուի վկայականով են ներկայացել բանկ»,- ասաց Վահագն Հովակիմյանը։

«Բանկի աշխատողն ի՞նքն է որոշել, թե ինչ պետք է գրվի «փոխանցման նպատակ» դաշտում» հարցրինք պրն Հովակիմյանին։ «Ոչ, բանկի աշխատողն ասել է՝ որ այսպես գրեմ, նորմա՞լ է, թեկնածուն ասել է՝ հա։ Այդտեղ ի՞նչ խախտում կա, կարո՞ղ եք ասել»,- պատասխանեց նա։

Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացրած հայտարարագրերի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը 5 մլն դրամ նվիրաբերած թեկնածուներից ոմանց տարեկան եկամուտն անգամ չի գերազանցում նշված գումարը, նրանցից ոմանք նույնիսկ չեն աշխատում, չունեն դրամական միջոցներ։

Անդրադառնալով այս հարցին՝ Վահագն Հովակիմյանն ասաց, որ թեկնածուները կարող էին իրենց բարեկամներից, ծանոթներից և ընկերներից գումար հավաքել՝ քարոզչությանը նվիրաբերելու համար։

Պատգամավոր, իշխող կուսակցության թեկնածու Մարիա Կարապետյանն, օրինակ, այդ սկզբունքով է առաջնորդվել։ Նրա տարեկան եկամուտն ու դրամական միջոցները միասին չեն գերազանցում 6 մլն դրամը, սակայն վերջինս 5 մլն դրամ է նվիրաբերել իր կուսակցության քարոզչությանը։

Մեզ հետ զրույցում պատգամավորն ասաց, որ ծանոթներից է վերցրել գումարը և փոխանցել հիմնադրամին։ Պատգամավորը նշեց նաև, որ հաջորդ տարվա հայտարարագրում այդ գումարը հայտարարագրելու է։

Միայն ՔՊ թեկնածուները չէ, որ այլ մարդկանց ֆինանսական միջոցներով են իրականացրել քարոզարշավը

«Ես ծնող ունեմ… քեռի ունեմ», «Ունեմ արտասահմանում գտնվող եղբայր», «Քույրիկներ ունեմ ԱՄՆ-ում բնակվող», «Տատիկներ, որոնք մեզ խնայողություն են թողել», «Պարտքով եմ վերցրել շատ հարազատ մարդուց», «Ինչո՞ւ եք կարծում, որ մենք էդքան խեղճ ենք»։

Այս արտահայտությունները մեջբերված են թեկնածուների խոսքից, որոնք պատասխանել են մեր հարցին, թե ինչպես են կարողացել միլիոններ նվիրաբերել իրենց քաղաքական ուժին՝ չունենալով բավարար եկամուտ։

Նախընտրական քարոզարշավի ֆինանսներն ուսումնասիրելիս նկատել ենք, որ պատգամավորի թեկնածուները հիմնականում նվիրաբերել են 5 մլն դրամ, որն առավելագույն թույլատրելի շեմն է։ Այդ թեկնածուների մի մասը, սակայն, չի աշխատում, չունի եկամուտ կամ դրամական միջոց։

Մենք խոսել ենք բոլոր այն կուսակցությունների/դաշինքների թեկնածուների հետ, որոնք կատարել են նվիրատվություններ՝ չունենալով բավարար միջոցներ։

«Հայաստան» դաշինք

Հունիսի 16-դրությամբ՝ «Հայաստան» դաշինքը ստացել է ընդհանուր առմամբ 309 մլն դրամի նվիրատվություն։

Սարգիս Կարապետյանը «Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակի 56-րդ համարն է։ Նա չի աշխատում, հայտարարագրել է տարեկան 3 մլն 210 հազ․ դրամ եկամուտ, ինչպես նաև դրամական միջոցներ՝ 1000 ԱՄՆ դոլար և 6 մլն 500 հազ․ դրամ։ Կարապետյանը դաշինքի նախընտրական հիմնադրամին նվիրաբերել է 5 մլն դրամ։ Մեզ հետ զրույցում Կարապետյանը նշեց, որ գումարը նվիրաբերել է իր դրամական միջոցներից, սակայն չցանկացավ բացատրել այդ դրամական միջոցների ծագումը։

«Այս պահին չեմ աշխատում, բայց այնպես չի, որ չեմ աշխատել։ Չեմ կարող մանրամասնել հիմա ես, թե երբվանից եմ աշխատում կամ չեմ աշխատում։ 42 տարեկան եմ, համարյա 28 տարվա աշխատանքային ստաժ ունեմ»,- ասաց նա։

Դաշինքի պատգամավորի թեկնածու Սիրանուշ Հովհաննիսյանը նույնպես չի աշխատում և քարոզարշավին նվիրաբերել է 5 մլն դրամ։ Մեզ հետ զրույցում թեկնածուն նշեց, որ գումարը փոխանցել է իր անձնական միջոցներից։ Նա որևէ եկամուտ չունի, բայց հայտարարագրել է մոտ 7.4 մլն դրամ։ Ասաց, որ երկար տարիներ աշխատել է, ապահովված է եղել և գումարը ծախսելու տեղ չի ունեցել. «Դրսում էլ քույրիկներ ունեմ. և Ամերիկայում, և Ռուսաստանում։ Քույրիկներս չեն թողել, որ խնդիրներ ունենամ»։

«Հայաստան» դաշինքի թեկնածու Սուսաննա Պողոսյանը նույնպես 5 մլն դրամ փոխանցողներից է։ Ըստ նրա՝ իր նվիրաբերածը մեծ գումար չէ։ Պողոսյանն աշխատում է որպես ՀՅԴ ԳՄ գործավար։ Ըստ թեկնածուի հայտարարագրի՝ ամսական 110 հազար դրամ եկամուտ ունի։ Միևնույն ժամանակ, նրա դրամական միջոցները կազմում են 8.2 մլն դրամ։ Թեկնածուն ասում է, որ այդ գումարն առաջացել է տարիներ շարունակ իր խնայողությունների հաշվին։

Հարցին, թե ինչպես է նման ցածր եկամուտ ունենալով՝ խնայողությունների մեծ մասը նվիրաբերել դաշինքին, Սուսաննա Պողոսյանը պատասխանեց. «Ես նաև դրսից նվիրատվություններ ունեմ, խնայողություններ ունեմ, տատիկներ, որոնք մեզ խնայողություն են թողել»։

«Պատիվ ունեմ» դաշինք

2021 թվականի հունիսի 16-դրությամբ «Պատիվ ունեմ» դաշինքը ստացել է 246 մլն դրամ նվիրատվություն։

Մենք զրուցել ենք «Պատիվ ունեմ» դաշինք-ի նախընտրական ցուցակի 64-րդ համար Սոնյա Հարությունյանի հետ, որը քարոզարշավին նվիրաբերել է 2 մլն դրամ։ Հարությունյանն աշխատում է «Արարատբանկ» ԲԲԸ-ում՝ տարեկան մոտ 3 մլն դրամ եկամտով։ Բացի այդ, հայտարարագրել է նաև 5 մլն դրամ դրամական միջոց։

Մեր զանգելու պահին Սոնյա Հարությունյանը գտնվում էր ավտոբուսում։ Թեկնածուն նշեց, որ երկար ժամանակ է՝ գումար է հավաքում մեքենա գնելու համար։ Նշված գումարից է առանձնացրել 2 մլն դրամ և մուտք արել «Պատիվ ունեմ» դաշինքի հաշվին։

«Արդյոք նպատակահարմա՞ր էր երկար ժամանակ հավաքած գումարը նվիրաբերել «Պատիվ ունեմ» դաշինքին, երբ ինքը 64-րդ համարն է, և շանսերը մեծ չեն՝ պատգամավոր դառնալու» հարցին Հարությունյանը պատասխանեց. «Դե, այս պահին չենք կարող ասել՝ շանսերը մե՞ծ են, թե չէ։ Ամեն դեպքում, դա իմ որոշելիքն է, ճիշտն ասած։ Ես ինքս եմ որոշում՝ իմ գումարն ինչպես ծախսեմ»։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն

2021 թվականի հունիսի 16-ի դրությամբ՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ստացել է 87 մլն դրամ նվիրատվություն։

Կուսակցության թեկնածու Մարկոս Հարությունյանը նշել է, որ չի աշխատում, բայց Երևանի ավագանու անդամ է։ Ըստ հայտարարագրի՝ Երևանի քաղաքապետարանից ստացել է 816 հազար դրամ՝ որպես աշխատավարձին հավասարեցված վճարում։ Հայտարարագրել է նաև 3.7 մլն դրամ և 10 հազար ԱՄՆ դոլար (մոտավորապես 5․2 մլն․ ՀՀ դրամ) դրամական միջոց։

Հարությունյանը նշեց, որ իր դրամական միջոցներից է նվիրաբերել կուսակցության քարոզարշավին։ Մեր հարցին, թե որտեղից են գոյացել իր դրամական միջոցները, երբ որևէ տեղ չի աշխատում, Հարությունյանը պատասխանեց․

«Ես ծնող ունեմ, անցյալ տարի հայրս հողատարածք է վաճառել, եթե չեմ սխալվում՝ 85 հազար դոլարով, ինձ գումար է նվիրաբերել, որը ես եմ տնօրինում։ Քեռի ունեմ՝ դրսից ուղարկում է, հիմա հո պարտադիր չի՞ աշխատեմ»։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության 82-րդ համարի թեկնածու Տիգրան Մուրադյանը ևս չի աշխատում և ոչինչ չի հայտարարագրել։ Մեր հարցին, թե ինչպես է 5 մլն դրամ նվիրաբերել կուսակցության նախընտրական հիմնադրամին, Մուրադյանը պատասխանեց, որ ունեցել է 10,000 դոլար խնայողություն, որը պետք է օգտագործեր ծերության տարիներին, այդ գումարն է նվիրաբերել։ Տիգրան Մուրադյանը 57 տարեկան է։

«Ինձ թվում է՝ իմ գործ․․․չէ, գործընկեր չասեմ, իմ նորընծա ընկերները, որոնք հավատում են ինձ, ու դրանց մեջ մարդիկ կան, որոնց ես եմ հավատում, ինձ ինչ-որ մի բանով կօգնեն, օգտակար կլինեն, ինչ-որ մի բան կաշխատեմ, չգիտեմ»,- ասաց Տ․ Մուրադյանը։


Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում