Լրահոս

Սկանդալային բացահայտում Թուրքիայում. ներքին գործերի նախկին նախարարը ծագումով հայ է




Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) նախկին պատգամավոր Ֆևզի Իշբաշարանը սկանդալային բացահայտում է արել նախկին նախարար Օղուզհան Ասիլթյուրքի ծագման մասին: Վերջինս ժամանակին պաշտոնավարել է ներքին գործերի, ապա նաև արդյունաբերության և տեխնոլոգիայի նախարարությունում։

Իշբաշարանը հայտնել է, որ այդ նախկին նախարարի՝ Օղուզհան Ասիլթյուրքի իրական անուն-ազգանունը Դուրմուշ Դուրդույան է, ուղղակի նա 34 տարեկանում դիմել է դատարան և փոխել իր անուն-ազգանունը, փոխանցում է Ermenihaber-ը։



Նշվում է, որ 52 տարի առաջ կատարած անվանափոխությամբ Օղուզհան Ասիլթյուրքի քաղաքական կարիերան սկսել է վերելք ապրել:

«Շատ լավ, կրոնափոխ լինելով կարող ես մուսուլման դառնալ, անուն-ազգանունդ էլ կարող ես փոխել, սակայն ազգը, որին դու պատկանում ես, չի փոխվում, ամաչելու ոչինչ չկա»,- գրել է Իշբաշարանը: Նաև նշել է, որ Թուրքիայում քրիստոնյա թուրքեր կան, բայց նրանք իրենց անունները չեն փոխել։



Դիմելով Ասիլթյուրքին՝ Իշբաշարանը հետևյալ հարցադրումն է արել.

«Ասենք թե Դուրմուշ Դուրդույան անունդ փոխեցիր, ինչո՞ւ վերցրիր այնպիսի հավակնոտ անուն, ինչպիսին Օղուզհան Ասիլթյուրքն է: Գոնե վերցնեիր Ահմեդ Չելիքի, Հասան Յըլմազի կամ Մուսթաֆա Քեսերի նման անուններ»:

Իշբաշարանը հայտնում է, որ Ասիլթյուրքը Դուրմուշ Դուրդույան անվամբ հիմնական կրթությունը ստացել է Մալաթիայում, այնուհետև ավարտել Ստամբուլի համալսարանի շինարարության ֆակուլտետը: Նույն անվամբ աշխատել է որպես անկախ խորհրդատու/ինժեներ:

«Մի օր ծանոթանում ես (Նեջմեթթին) Էրբաքանի (Թուրքիայի նախկին վարչապետ) հետ ու հետո դառնում Օղուզհան Ասիլթյուրք, հետո պատգամավոր, հետո նախարար… »



Իշբաշարանը պնդել է, որ ընդհանրապես չի ցանկացել գրել այդ ամենի մասին, ուղղակի ցանկացել է պատմել «Թուրքիայի դառը ճշմարտությունը»:

«Իրականում Դուրմուշ Դուրդույանը Օզալի, Դեմիրելի, Էրբաքանի պես Ստամբուլի տեխնիկական համալսարանի շրջանավարտ է, սակայն որպես Թուրքիայի հայ քաղաքացի, նրանց պես բախտավոր չի եղել և կառավարությունում լավ աշխատանքի չի կարողացել անցնել:

Բայց հենց որ դառնում է Օղուզհան Ասիլթյուրք, դռները նրա առաջ բացվում են»,- հեգնել է Իշբաշարանը:

Հիշեցնենք, որ թուրքական ազգայնական «Երջանկություն» կուսակցության խորհրդատվական խորհրդի նախագահ 86-ամյա Օղուզհան Ասիլթյուրքը Էրդողանի մերձավորն է: