«Օրդեր ֆիլմ»-ը Հադրութում զոհված հետախույզ, ՀՀ Ազգային հերոս Վահագն Ասատրյանի մասին ֆիլմ է նկարահանում․ Aysor.am - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Օրդեր ֆիլմ»-ը Հադրութում զոհված հետախույզ, ՀՀ Ազգային հերոս Վահագն Ասատրյանի մասին ֆիլմ է նկարահանում․ Aysor.am




«Օրդեր ֆիլմ փրոդաքշն»-ը, որը պարբերաբար վավերագրական ֆիլմերի ֆորմատով ներկայացնում է հերոսներին, սկսել է «Վահագն» փաստավավերագրական ֆիլմի նկարահանումները՝ նվիրված ՀՀ Ազգային հերոս, գնդապետ Վահագն Ասատրյանին:

43-ամյա հետախույզի՝ Արցախյան երկրորդ պատերազմում գործած բազմաթիվ սխրանքների մասին մեկ անգամ չէ, որ խոսվել է, սակայն այն վավերագրելու ու սերունդներին փոխանցելու անհրաժեշտությունը չի նվազել: Հերոսի օրինակով բազմաթիվ վահագներ են ծնվելու, հայրենիքը վաղը պաշտպանող ու վերադարձնող վահագներ:

Aysor.am-ի հետ զրույցում ֆիլմի գործադիր պրոդյուսեր Նարե Աղաբաբյանը խոստովանեց՝ ՊՆ հատուկ ստորաբաժանման լավագույն հրամանատարներից մեկի մասին ֆիլմ նկարահանելը բավական դժվար է. նա հետախույզ էր, ու պետք է կարողանալ և՛ ճիշտ լուսաբանել, և՛ լիովին չգաղտնազերծել վերջինիս աշխատանքը: Ու հենց այդ նպատակով ստեղծագործական խումբը մշտապես համագործակցում է ռազմական մասնագետների հետ:

«Չենք ուզում հանդիսատեսի հետաքրքրությունը բավարարելու համար այնպիսի ինֆորմացիայի արտահոսք անել, որը մեր երկրին վնաս կբերի: Այդ պատճառով էլ առաջին հերթին ռազմական ոլորտի մասնագետների հետ ենք աշխատում: Ուզում ենք, որ սա նաև ուսուցողական ֆիլմ լինի, մեր երկրի համար հիմա առաջնահերթություն է ռազմական գրագիտությունը... Երբ մենք նախորդ տարի Թաթուլ Կրպեյանի մասին ֆիլմ էինք պատրաստում, մտածում էինք՝ այդպիսի հերոսներ այլևս չեն ծնվի, մոնթեներ ու թաթուլներ էլ չեն լինի: Ի՞նչ իմանայինք, որ այդ ֆիլմից ընդամենը 1 տարի անց կլինի այսպիսի պատերազմ ու Արցախյան առաջին պատերազմի հերոսների օրինակով դաստիարակված ու առավել կատարելագործված հերոսներ ի հայտ կգան: Վահագնի համար Մոնթեն կատարելություն էր, ու հենց նրա նման էլ՝ թշնամու համար՝ ահ ու սարսափ էր, մեզ համար՝ պարծանք», - նշեց մեր զրուցակիցը:





Վահագն Ասատրյանը, թեև հետախույզ էր, սակայն պատերազմի առաջին իսկ օրից Հադրութի, Քարվաճառի ու Ջրականի առաջնագծերում է եղել: Հատուկ ստորաբաժանման հրամանատարը կոչմանն ու առաջադրանքին չի նայել, շատ հաճախ շարքային զինվորի գործառույթն է իր վրա վերցրել՝ թույլ չտալով, որ իր զինվորին վտանգ սպառնա: Ֆիլմը ոչ միայն զինվորական Վահագն Ասատրյանի մասին է, այլև Վահագն որդու, ամուսնու, հոր և ընկերոջ:

«Երբ ես ֆիլմի հետազոտական, նախապատրաստական փուլն ավարտեցի, կարծում էի, թե գոնե մոտավոր պատկերացում ունենք՝ ինչ ենք նկարելու: Պարզվեց՝ դա այդքան էլ այդպես չի: ՊՆ-ն, Վահագնի ընտանիքը, բոլոր այն կառույցները, որոնց հետ հրամանատարն առընչություն է ունեցել, սիրով մեզ աջակցության ձեռք մեկնեցին՝ տրամադրելով այնպիսի արխիվային նյութեր, որոնք հանրայնացված չեն: Առաջին իսկ նկարահանումից հասկացանք, որ իրական վավերագրությունը նոր է սկսվում: Ամենատպավորիչը Եռաբլուրում կատարած նկարահանումն էր. իր առաջին հրամանատարին էինք հյուրընկալել, բայց այդ ընթացքում այնքան մարդ եկավ այնտեղ՝ Վահագնին այցելության, որ զարմացել էինք: Այդ մարդիկ միմյանց չէին ճանաչում, հետախույզի ծնողներին, հրամանատարին չէին ճանաչում, նրանց կապող միակ բանը Վահագն էր: Ապշում էինք մեր լսած պատմություններից, զարմանում, թե այդքան կարճ ժամանակահատվածում այդ մարդն ինչպե՞ս կարող էր այսքան աշխատանք կատարել իր երկրի համար: Պատմում էին, թե ինչպե՞ս է տարբեր թեժ կետերում հայտնվել ու իրենց շրջափակումից հանել... Ամեն նկարահանում մի նոր բացահայտում է մեզ համար», - մանրամասնեց պրոդյուսերը:





Զրուցակիցս նկատում է՝ ֆիլմում խոսում են տարբեր քաղաքական հայացքներ ունեցող դեմքեր, բայց հրամանատարի հարցում բոլորի տեսակետը նույնն է, վերաբրմունքն՝ անփոփոխ. Վահագնը Ազգային հերոս է ոչ թե խոսքերով, այլ արարքներով, պատերազմի ընթացքում չի կորսվել ոչ մի կտոր հող, որտեղ այդ պահին ինքն է եղել:

44-ը դեռ չլրացած քասախցի գնդապետն ամուսնացած էր, երկու դպրոցահասակ որդի ունի: Բնակվում էր Երևանում, տարբեր ժամանակներում եղել է Բերդի, Կողբի, Արմավիրի զորամասերի հրամանատար: Վերջին տարիներին ՊՆ հատուկ ստորաբաժանման հրամանատար էր: Զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 12-ին՝ Հադրութում. իմանալով, որ վայրկյաններ անց հերթական անօդաչուն է ընկնելու՝ նա մնացել է վիրավոր զինակից ընկերոջ կողքին՝ չջանալով փրկել սեփական կյանքը:







«Վահագն» ֆիլմի նկարահանումները սկսվել են մոտ 2 ամիս առաջ, այն մեծ էկրան կբարձրանա 2021-ի հոկտեմբերի 12-ին՝ հերոսի մահվան տարելիցին: Նկարահանումները տեղի են ունեցել Եռաբլուրում, Բերդի, Կողբի ու Արմավիրի զորամասերում, Պաշտպանության նախարարությունում, Քասախ գյուղում, հերոսի տանը։

«Նկարահանումներ էինք նախատեսել նաև Արցախում, նրա զինակիցների մի մասն այնտեղ է: Սակայն հետո մտափոխվեցինք, քանի որ Հադրութը, Քարվաճառն ու Ջաբրայիլը, որոնք ասոցացվում են Վահագնի հետ, հիմա մերը չեն... Մենք հիմա նկարահանումներ են անում բոլոր այն վայրերում, որոնք իր հետ կապ են ունեցել, այդ թվում՝ այն երկրներում, որտեղ ուսում է ստացել», - ասաց նա:







Սցենարի հեղինակն Ալինա Օրդյանն է, խմբագիրը՝ Սառա Նալբանդյանը, ռեժիսորը Գարուշ Ղազարյանն է, բեմադրող օպերատորը՝ Էդգար Հարությունյանը:

Ֆիլմի գլխավոր պրոդյուսերն է Հայկ Օրդյանը, համապրոդյուսերը՝ Գոռ Շահսուվարյանը, գործադիր պրոդյուսերը՝ Նարե Աղաբաբյանը:





«Օրդեր ֆիլմ փրոդաքշն»-ը «Վահագն» ֆիլմին զուգահեռ այլ աշխատանքներ էլ է նախաձեռնել: Դրանցից մեկը եզդիների մշակույթը, կրոնը, ցեղասպանությունը ներկայացնող ֆիլմն է, որում անդրադարձ կլինի նաև Արցախյան 2-րդ պատերազմի մասնակից եզդի հերոսներին:

«Մեր բոլոր ֆիլմերում կարմիր գծի նման անցնում է այս պատերազմի թեման, քանի որ այսօրվա մեր իրականությունն է: Վավերագրելով ներկան` չենք կարող չարձանագրել ամենամտահոգիչ ու կարևոր հարցը, որի բարձրաձայնման համար վավերագրական ֆիլմարտադրությունը լավագույն ազդակն է», - Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Նարե Աղաբաբյանը: