Հայաստանի իշխանությունները պետք է գիտակցեն, որ բարիդրացիական հարաբերություններն այլընտրանք չունեն. Ադրբեջանի ԱԳՆ - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Հայաստանի իշխանությունները պետք է գիտակցեն, որ բարիդրացիական հարաբերություններն այլընտրանք չունեն. Ադրբեջանի ԱԳՆ




Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ Ադրբեջանի ու Հայաստանի միջև բարիդրացիական հարաբերություններն այլընտրանք չունեն, և սա պետք է գիտակցեն Հայաստանի իշխանությունները։ Նա նշել է, որ 2020-ի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունից հետո Ադրբեջանը մի շարք պրագմատիկ քայլեր է ձեռնարկել խաղաղությունն ու համագործակցությունը խթանելու ուղղությամբ: «Բառացիորեն նոյեմբերի հայտարարության ստորագրումից հետո մեկ շաբաթվա ընթացքում Բաքուն պայմաններ ստեղծեց Լեռնային Ղարաբաղի շրջանի հայ բնակչությանը մարդասիրական օգնություն հասցնելու համար: Միևնույն ժամանակ, Ադրբեջանը բացել է գազի փոխադրման ենթակառուցվածքը Հայաստան վառելիքի տարանցման համար»,-ասել է Բայրամովը Անթալիայում անցկացվող Միջազգային դիվանագիտական ​​ֆորումի նիստերից մեկում: Նա նշել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային ուղիների վերականգնումը համապատասխանում է ամբողջ տարածաշրջանի շահերին, և այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են Ռուսաստանի Դաշնության մասնակցությամբ եռակողմ հանձնաժողովի շրջանակներում:

«Այսօր որոշակի շրջանակներ շարունակում են օգտագործել «հակամարտություն» տերմինը ղարաբաղյան խնդրի առնչությամբ, բայց փաստն այն է, որ հայ-ադրբեջանական խնդիրը լուծված է: Իհարկե, բոլոր հարցերը չեն լուծվել, բայց Ադրբեջանը բազմիցս ձեռք է պարզել Երևանին, և այս առաջարկը մնում է ուժի մեջ: Արժե կենտրոնանալ ապագայի վրա»,- ասել է Բայրամովը: «Հայաստանի իշխանությունները պետք է գիտակցեն, որ բարիդրացիական հարաբերություններն այլընտրանք չունեն: Սա այսօր միակ ճիշտ ուղին է», - եզրափակել է Բայրամովը: