Թուրքերեն եմ սովորում, որ հետագայում կարողանամ շփվել Երևանում ադրբեջանցիների, թուրքերի հետ. Արտաշես Ալեքսանյան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Թուրքերեն եմ սովորում, որ հետագայում կարողանամ շփվել Երևանում ադրբեջանցիների, թուրքերի հետ. Արտաշես Ալեքսանյան




Իրավունքի զրուցել է "Մեր տունը Հայաստանն է" կուսակցության պատգամավորության թեկնածու, ՀՀ վաստակավոր արտիստ Արտաշես Ալեքսանյանի հետ:

- Պարոն Ալեքսանյան, ինչպիսի՞ տպավորություններ ստացաք ընտրություններից: Կապիտուլյացիայից հետո արդա՞ր եք համարում Նիկոլ Փաշինյանի` ՔՊ-ի հաղթանակը:

– Վեց հարյուր հիսուն հազարի համար արդար էր, մնացած մասնակիցների համար արդար չէր: Իսկ նրանք, ովքեր որ չեն մասնակցել, դա էլ կարելի է ասել` ամեն ժողովուրդ արժե իր թագավորին: Ամեն թագավոր արժե իր ժողովրդին: Այստեղ տեղին է հիշել Նժդեհի վերջին նամակը, որտեղ ասում է. "Ապերախտ ժողովուրդ, դու ուզեցիր այն, ինչ-որ ուզում էր թշնամին… Վա՛յ քեզ ժողովուրդ, ինչ պատասխան պիտի տաս Աստծուդ, խղճիդ, պատմությանը…ներում եմ, թեեւ պատմությունը չի ների քեզ…Աստված եւ իմ սերը քեզ հետ, ապերախտ ժողովուրդ":

– Ձեր կարծիքով` ինչո՞ւ չմասնակցեցին ընտրություններին: Չէ՞ որ իրենք Հայաստանի Հանրապետության քաղաքացի են, եւ իրենցից յուրաքանչյուրի ձայնն էլ որոշիչ էր:

-Դա իրենց պետք է հարցնել: Երեւի թե հավատքի պակասից էր դա: Մարդիկ այնքան անհավատ են, որ չեն հավատացել ոչ մի բանի, կամ էլ գողացել են հավատքը մարդկանց:

– Իսկ Դուք սպասո՞ւմ էիք այդ հաղթանակին:

– Եթե արդարության մասին եք ասում, ասեմ, որ դատախազությունում, ոստիկանությունում գործեր կան հարուցված: Եթե դա արդար է համարվում, ուրեմն արդար է: Բայց եթե արդեն պատկան մարմինները, կամ դատախազությունը գործում են, չգիտեմ ի՞նչ արդարության մասին է խոսքը: Անդրադառնալով ընտրություններին` այս առիթով ռուսական մի խոսք կա. "Անտառը զգալիորեն կրճատվեց, բայց ծառերը շարունակեցին քվեարկել կացնի օգտին, որովհետեւ կացնի բռնակը փայտից էր, որի համար մտածում էին, որ կացինը իրենցից մեկն է":

– Նորից վերարտադրվեց Նիկոլ Փաշինյանը: Ըստ Ձեզ` ի՞նչ ապագա է մեզ սպասվում:

– Թուրքերեն եմ սովորում, որ հետագայում կարողանամ շփվել Երեւանում ադրբեջանցիների, թուրքերի հետ: Մեր երկիրը օրենքից, Սահմանադրությունից դուրս երկիր է, որտեղ օրենքը եւ Սահմանադրությունը չեն գործում: Նախեւառաջ, եթե նրան համարում էին կապիտուլյանտ, դավաճան, ընդդիմություն կոչվողները չպետք է նրա հետ գնային ընտրության:

– Իսկ դուք շարունակելո՞ւ եք պայքարել:

– Ես իմ ամբողջ կյանքում պայքարել եմ, պայքարում եմ ու կպայքարեմ հանուն ազգային գաղափարախոսության, հանուն մեր ազգի: Ամեն հայերեն խոսացող հայ չի: Ցավոք սրտի, մենք քիչ ենք մնացել: Ես չէի պատկերացնում, որ այսքան այլազգի ունենք մենք երկրի ներսում: Սրանք դրսից ուղղորդված ծրագրեր են, որ իրականացվում են: Իսկ ժողովուրդն էլ էշի ականջում քնած է:

– Իսկ արթնանալու համար ի՞նչ է անհրաժեշտ:

– Արթնանալու համար անհրաժեշտ է հասարակության վերադաստիարակում, իսկ դրան պահանջվում է երկար ու ձիգ տարիներ, 30-40 տարի: Որպեսզի կարողանան սերունդ դաստիարակել, որպեսզի մեծանան հայեցի, հայ գաղափարախոսությամբ: Տեսեք ինչ արեց Ալիեւը: Նա 30 տարի կուտակեց զենք-զինամթերք, իր հարաբերությունները ճշտեց տարբեր երկրների հետ եւ միանգամից անցավ գործողության, որը որ բերեց նրան, որ մենք կորցրինք Արցախի յոթանասունհինգ տոկոսը, էլ չեմ ասում մյուս կորուստները: Ունեցանք անհետ կորածներ, գերիներ, 5000 զոհեր, որոնք պետք է սերունդ տային` իրենցից հետո ժառանգ թողնելով: Շատ վնասներ տվեցինք, եւ ինչի՞ համար, նրա համար, որ երեսուն տարի կողոպտեցին, քայքայեցին մեր հայրենիքը: Իսկ մեղավորը միայն իրենք չեն: Մենք էլ ենք դրա մեղավորը, որ թույլ տվեցինք քանդելու եւ քայքայելու մեր երկիրը: եթե թույլ չտայինք, չէին անի: Եվ եթե դու ունես ազգային մտածելակերպ եւ ունես քո մեջ խիղճ, հավատ, սեր, դու հայրենիքի հանդեպ այդպես չես վարվի:

– Իսկ այսօր կա՞ այդ խիղճը:

– Ընդհանուր առմամբ, մեր կուսակցության նպատակը հենց խիղճը, սերն ու հավատն էր վերադարձնել հասարակությանը, համախմբելով աշխարհի տասը միլիոն հայերին, որպեսզի այդ տասը միլիոն հայերը կարողանային ծառայել հայրենիքին, ոչ թե կոչվեին սփյուռքահայ, ռուսահայ կամ ամերիկահայ: Հայաստանը նրանց հայրենիքն է, իսկ հայրենիքին ծառայելու համար պետք չի, որ դու լինես 4-5 տարվա քաղաքացի: Եթե ընդունում ես հայ, ուրեմն պարտավոր ես ծառայելու քո հայրենիքին: