Ադրբեջանի պաշտպանության նախարարն առաջին անգամ պատմել է Շուշին վերցնելու մասին - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

Ադրբեջանի պաշտպանության նախարարն առաջին անգամ պատմել է Շուշին վերցնելու մասին




Ադրբեջանի պաշտպանության նախարարը պնդում է, որ ինժեներասակրավորական զորքերը ճանապարհ են հարթել «հայերի համար անսպասելի ուղղությամբ»:

Ադրբեջանական զինծած ուժերը Շուշին գրոհելու ժամանակ քաղաքը չեն հրետակոծել։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը «Ռեալ TV» հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Նրա խոսքով՝ երկրի նախագահ Իլհամ Ալիևը մի քանի հանձնարարական էր տվել Շուշիում գործողություն կազմակերպելու վերաբերյալ։ Մասնավորապես, «հատուկ հանձնարարել էր հաշվի առնել այն, որ դա Ադրբեջանի մշակութային կենտրոնն է»։

«Մենք քաղաքին հրետանային հարվածներ չէինք հասցնում, ինչը բարդություններ էր ստեղծում գործողության անցկացման ընթացքում»,-նշել է Հասանովը։

Բացի այդ, ըստ նրա, եղանակը ամպամած էր, այդ պատճառով ադրբեջանական ԶՈւ-ն չէր կարող ԱԹՍ-ներ օգտագործել: Նույնիսկ հետախուզություն վարելու հետ կապված դժվարություններ են եղել, օդանավեր և ուղղաթիռներ չեն օգտագործվել։

Հասանովը պնդում է, որ ինժեներասակրավորական զորքերը կարճ ժամանակում անհավանական աշխատանք են կատարել, նրանք ճանապարհ են հարթել, որը «շոկի մեջ է գցել հայերին»։

«Նրանք (հայկական զինված ուժերը՝ խմբ.) մեր հարձակմանը այլ ուղղությամբ էին սպասում, և իրենց ուժերն այնտեղ էին կենտրոնացրել»,-ասել է նա:

Բացի այդ, ըստ ադրբեջանցի նախարարի, գործողությունն իրականացրել են հետախուզական ստորաբաժանումները և հատուկ նշանակության էլիտար զորքերը:

Նշենք, որ մամուլում բազմիցս հաղորդագրություններ են հայտնվել այն մասին, որ ադրբեջանական զինված ուժերի գործողությունները փաստացի ղեկավարել են Թուրքիայի Գլխավոր շտաբից:

Մինչև օրս Շուշիի և Հադրութի կորուստը Արցախի պատերազմի ամենավիճելի թեմաներն են։ Հայաստանում բազմաթիվ ռազմական փորձագետներ վստահ են, որ քաղաքը հանձնել են, ոչ թե գրավել։