Լրահոս

«Աչքերիս մեջ նայի ու ասա, ու՞ր է իմ տղեն». անհետ կորած զինծառայողի հայր․ hetq.am



hetq.am-ը գրում է․

Անհետ կորած գյումրեցի Խաչատուր Ավետիսյանի հայրը՝ Վարդան Ավետիսյանը, դիմավորում է մեզ Գյումրիում, լուռ ուղեկցում տուն, դռնից ներս մտնելիս դառնացած, ցածր ձայնով ասում՝ պատմությունս էնքա՜ն խորն է որ, էնքա՜ն խորը, էկեք, էկեք նստենք: Խաչատուրի հորաքույրը սուրճ է բերում՝ խմեք չպաղի: Գլխով ենք անում, բայց սուրճի բաժակներին այդպես էլ ձեռք չենք տալիս:

2020 թ.-ի հոկտեմբերի 3-ին Մեղրու զորամասի ինը ամսվա զինծառայող, հրետանային դասակի կապավոր, սերժանտ Խաչատուր Ավետիսյանը Մեղրու հրետանավորների հետ տեղափոխվել է Ջաբրայիլ: Հոկտեմբերի լույս 4-ին հասել են տեղակայման վայր, իսկ այդ օրը ադրբեջանական զորքերն արդեն Ջաբրայիլում էին: Մեղրու հրետանավորները հոկտեմբերի 4-ից 18-ը մարտերի են մասնակցել: 18-ին ստացել են նահանջի հրաման, նահանջի ժամանակ Ջրական- Իշխանաձոր ճանապարհին ադրբեջանական ԱԹՍ-ն հարվածել է շարասյան «Ուրալներից» մեկին, որի առջևում նստած էր դասակի հրամանատար կապիտան Արսեն Հայրապետյանը, դասակի սերժանտներ Սերգեյ Երիցյանը, որը վարորդն էր, և Խաչատուր Ավետիսյանը: Առաջին հարվածից հնարավոր է լինում դուրս փախչել մեքենայից, զոհեր չեն լինում, զորքը դուրս է գալիս մեքենաներից, թաքնվում ճանապարհի մոտակայքում, տասնհինգ-քսան րոպե հետո դասակի հրամանատարը հրաման է տալիս նստել մեքենաները և արագ շարունակել նահանջը։ Մեքենաները նստելուց ու շարժվելուց րոպեներ անց ԱԹՍ-ն նորից է հարվածում շարասյան «Ուրալ» մեքենաներից մեկի թափքին, որտեղ, ըստ նախնական տվյալների, հինգ զինծառայողների հետ գտնվում էր գյումրեցի Խաչատուր Ավետիսյանը: Նրանցից չորսը զոհվում են, մեկը ծանր վիրավորվում, իսկ Խաչատուրին դեռևս չի հաջողվում գտնել։ Պայթեցված մեքենայից աճյունները հայտնաբերել և տարհանվել են դեպքից երկու ամիս անց՝ դեկտեմբերի 19-ին, Արցախի ԱԻՆ-ի որոնողական ջոկատի և ուղեկցող՝ զոհվածների դասակի հրամանատար Արսեն Հայրապետյանի կողմից:

Խաչատուր Ավետիսյանի հայրը թվարկում է արդեն հարազատ դարձած զոհվածների անունները, նշում է ԴՆԹ թեստի պատասխանների օրերը, հիշում հուղարկավորման օրերը.

«Արգիշտի Շիրինյանը Ջանֆիդայից, Սերգեյ Երիցյանը Դրախտիկից, Հրաչ Թադևոսյանը Զանգակատնից, Արտակ Գրիգորյանը Դողսից ու իմ տղեն՝ Խաչիկս, էս հինգ հոգին հոկտեմբերի 18-ին ասեցին զոհվել են ԱԹՍ-ի հարվածից: Երկու ամսից նոր միայն կարացանք մտնել, արդեն ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներ ու դուրս բերել աճյունները: Մեր էրեխեքից հինգ հոգու աճյուն էինք փնտրում, բայց գտանք չորսը, ԴՆԹ պատասխանները ստանալուց հետո համոզվեցինք, որ իմ տղեն զոհվածների մեջ չկար։ Դեպքի վայրը կես կիլոմետր շառավիղով, սաղ ստուգել են, Խաչոյից ոչ մի բան, ոչ մի մասունք, ոչ բռոնիկ, ոչ զենք-զինամթերք, ոչ մի բան չկար, միչև էդ էլ, դրանից հետո էլ անցել եմ սաղ մորգերով, հարյուրներով դիակների մեջ էրեխուս էի փնտրում, չկա, չկա ոչ մի տեղ չկա»,-ասում է հայրը։

Մինչև որոնողական աշխատանքները, Խաչատուր Ավետիսյանի հորը, որդու սպաները ասել էին, որ իր տղան եղել է այն թափքում, որը որ ԱԹՍ-ի հարվածից պայթել էր, սակայն որոնողական աշխատանքներից հետո, երբ Խաչատուր Ավետիսյանից ոչ մի մասունք չի հաջողվել գտնել, սպաները մեկնաբանել են, որ չի բացառվում, որ Խաչատուրը չի եղել այդ մեքենայում:

Հրամանատար Արսեն Հայրապետյանը մեզ հետ զրույցում ասաց, որ շատ խառը պահ էր, ու հնարավոր է, որ Խաչատուրը չի նստել մեքենան և գնացել է այլ ուղղությամբ։


Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում