Լրահոս

Ադրբեջանը ներգրավված է մարդկանց առևտրի գործում և հայ ռազմագերիները վերջինիս համար ենթակա են առուծախի. Անի Սամսոնյանը հարցը բարձրացրել է ԵԱՀԿ ԽՎ հանձնաժողովում




ԵԱՀԿ ԽՎ Ժողովրդավարության, մարդու իրավունքների և մարդասիրական հարցերի հանձնաժողովում ԱԺ պատգամավոր Անի Սամսոնյանը խոսել է հայ ռազմագերիներին Ադրբեջանում առևտրի առարկա դարձնելու և ադրբեջանական զորքերի կողմից Հայաստանի տարածքային ինքնիշխան տարածքում ապօրինի գտնվելու մասին:
«Տիկին Հենրիկսեն, նախ և առաջ ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ համավարակի այս բարդ պայմաններում Մարդու իրավուքնների վերաբերյալ զեկույց նախապատրաստելու և խորհրդարանական վեհաժողովին ներկայացնլու համար։
Ես ակնկալում էի այս զեկույցում տեսնել հիշատակումներ հայ ռազմագերիների, պատանդների վերաբերյալ, որովհետև խոսքը գնում է մարդու հիմնարար իրավունքների մասին։

Ցավոք սրտի, ստիպված եմ ևս մեկ անգամ խոսել այստեղ այն փաստի մասին, որ Ադրբեջանը շարունակում է խախտել այդ հիմնարար սկզբունքները, չի վերադարձնում հայ ռազմագերիներին, քաղաքացիական պատանդներին՝ ներառյալ կանանց։
Այս օրերին Ադրբեջանում սկսվել են դատավարություններ հայ գերիների նկատմամբ, որը ամբողջությամբ միջազգային մարդասիրական իրավունքի խախտում է, և խախտում է ոչ միայն գերիների, այլև նրանց ընտանիքնի իրավունքները։
Միջազգային մարդասիրական իրավունքը քաղաքականացվում է Ադրբեջանի կողմից։ Ես Ձեզ ցույց կտամ տեսանյութ, որտեղ Ադրբեջանի և Թուրքայի նախագահները զրուցում են հայ ռազմագերիների մասին՝ նրանց համարելով առևտրի առարկա։ Նշվում է, որ նրանց պլանավորում են վերադարձնել միայն Լեռնային Ղարաբաղում ականապատված տարածքների քարտեզների դիմաց։
Սա անժխտելի ապացույց է, որ Ադրբեջանը ներգրավված է մարդկանց առևտրի գործում և հայ ռազմագերիները վերջինիս համար ենթակա են առուծախի։ Նրանք ապօրինաբար բանտարկված են ականապատված տարածքների քարտեզների դիմաց փոխանակվելու համար։

Հետևաբար, հայ ռազմագերիների նկատմամբ բոլոր դատավարությունները կեղծ գործընթացներ են և նպատակ ունեն միայն փակելու ձեր աչքերը իրողության վրա։

Ես ուզում եմ նաև Ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ մայիսի 12-ից ադրբեջանական զորքերը խախտել են Հայաստանի տարածքային ամբողջականությունը և առ այսօր գտնվում են մեր ինքնիշխան տարածքում։

Մենք կոչ ենք արել մեր եվրոպացի բոլոր գործընկերներին կիրառել պատժամիջոցներ Ադրբեջանի դեմ ՄԱԿ-ի Կանոնադրության 2-րդ հոդվածը խախտելու համար։ Մեկ անգամ հայտարարել եմ և ուզում եմ ևս մեկ անգամ նշել, որ որ Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի նման կոպիտ խախտումները ոչ միայն Հայաստանի անհանգստության պատճառը պետք է լինի, այլև ողջ միջազգային հանրության, որովհետև Ադրբեջանի վարքագիծը և անպատժելի մնալու վստահությունը սպառնալիք է միջազգային իրավական համակարգի համար, աշխարհի և տարածաշրջանի անվտանգության և խաղաղության համար։

Հարգելի՛, գործընկերներ,
Ադրբեջանը պետք է դուրս գա Հայաստանի սուվերեն տարածքից և վերադարձնի ապօրինաբար պահվող բոլոր ռազմագերիներին։ Դուք այս հարցում ունեք էական դերակատարում, որովհետև մենք միասնական ջանքերով պետք է պաշտպանենք միջազգային իրավական կարգը, հասնենք անվտանգության և խաղաղության աշխարհում», - ասել է Սամսոնյանը։


Տեղեկացնենք, որ EXCLUSIVElife.am-ը այս օրերին աշխատում է հատուկ ռեժիմով։ Մենք ներկայացնում ենք Հայաստանի և Արցախի «սահմանների ճշգրտման» կարևորագույն լուրերը միաժամանակ ներկայացնելով նորությունները հայկական շոու բիզնեսից։