Լրահոս

«Բերնիդ մեռնեմ»․ ինչպես արձագանքեցին գերիների հարազատները` լսելով նրանց վերադարձի լուրը․ Sputnik Արմենիան




Հարազատներից ոմանք լավ լուրը լսելուն պես շտապել են օդանավակայան, ոմանք դեռ չեն հավատում լսածին։

Հայաստան վերադարձած 15 ռազմագերիների մեծ մասը Շիրակի մարզից են։ Այս մասին հայտնում է՝ Sputnik Արմենիան։ Գերիների հարազատներն իրենց որդիների վերադարձի մասին իմացել են համացանցում տարածված լուրերից կամ հարազատների հեռախոսազանգերից։ Ոմանք այնքան են շփոթված լուրից, որ ուրախությունից ու զարմանքից շփոթվել են։

Sputnik Արմենիան փորձեց կապ հաստատել մի քանի գերիների հարազատների հետ։ Կամո Սեֆիլյանի մորաքույրը հեռախոսին պատասխանեց զրնգուն ձայնով։ «Բարև ձեզ»–ը լսելուց հետո իմ հարցերի փոխարենը ինքը սկսեց հարցեր ուղղել․
«Բալա ջան, մեր երեխի լավ լուրն ես տալո՞ւ, բերնիդ մեռնեմ, որ իմանամ` որտեղ ես, կգամ, կտեսնեմ քեզ»,- ասում էր կինն ու անվերջ բարեմաղթանքներ տեղում։

Ասում է՝ լուրերից են իմացել, հիմա օդանավակայանի ճանապարհին են։

«Բալես, բա ո՞ր հիվանդանոցն են տանելու»,- շարունակում էր մեկը մյուսի հետևից հարցեր տալ երջանկացած կինը։

Ալբերտ Պետրոսյանի եղբայրը՝ Էդուարդն էլ նշեց․


«Արդեն օդանավակայանի մոտ կանգնած ենք, սպասում ենք մեր լսած լավ լուրը մեր աչքերով տեսնելու, համոզվելու»։

Վոլոդյա Հակոբյանի եղբայրը՝ Կարենը, լուրեր էր լսել, թե գերիներ են վերադառնում, նրանց թվում եղբայրն էլ կա, բայց դեռ չէր հավատում, ուզում էր իր աչքերով տեսնել։ Երբ լսեց՝ ցուցակը Sputnik Արմենիան է հրապարակել, հաստատ է, Վոլոդյան գալիս է, ուրախությունից կարկամեց։

«Արդեն ինքնաթիռն օդո՞ւմ է, թե՞ նոր պետք է թռնի»,- հարցրեց Կարենը։

Երբ լսեց, թե օդում է, ուր որ է՝ վայրէջք կկատարի, շտապեց անջատել հեռախոսը, որ ճանապարհը ընկնի օդանավակայան՝ եղբորն իր աչքերով տեսնելու։

Արմեն Պողոսյանի եղբայրն էլ արդեն օդանավակայանի մոտ կանգնած էր։

Ասաց՝ չէին սպասում նման լավ լուրի, ուրախությունից բառեր էլ չեն գտնվում։

Ինչպես արդեն հայտնել ենք` տղաները հայրենիք վերադարձան Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար Ռուստամ Մուրադովի ուղեկցությամբ։ Նրանց անուններն արդեն հրապարակել ենք։


Նշենք, որ հենց Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար Ռուստամ Մուրադովի ջանքերի շնորհիվ է հնարավոր եղել Բաքվի դատարանի կողմից դատապարտված Հայաստանի 12 քաղաքացիներից բացի ևս երեք ռազմագերիների ընդգրկել ցուցակում: Հենց այդ բանակցությունների պատճառով էլ այսօր ձգձգվել է ինքնաթիռի թռիչքը Բաքվից։

Հայ ռազմագերիներն Ադրբեջանում պահվում էին 2020 թվականի դեկտեմբերի 16-ից սկսած։ Տղաները գերեվարվել էին անցյալ նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո` Արցախի Խծաբերդ գյուղից։

Նախօրեին նրանք Բաքվում կես տարվա ազատազրկման են դատապարտվել՝ իբրև թե «Ադրբեջանի պետական սահմանը խախտելու» համար, սակայն արդարացվել են առաջադրված մի շարք այլ հոդվածներով:

Նրանց ազատազրկման ժամկետն ավարտվել է։

Հայ գերիների վերադարձի դիմաց հայկական կողմն Ադրբեջանին է փոխանցում Վարանդայի (Ֆիզուլի) և Կովսականի (Զանգելանի) ականապատ դաշտերի քարտեզները։

Ռուստամ Մուրադովը հայ ռազմագերիների նոր խումբ է բերում Երևան

Հիշեցնենք՝ 15 հայ ռազմագերիների նախորդ խումբը հայրենիք էր վերադարձվել հունիսի 12-ին՝ Վրաստանի տարածքով։

Այն ժամանակ գերիների վերադարձի դիմաց ադրբեջանական կողմին հանձնվեցին Ակնայի (Աղդամի) շրջանի ականապատ դաշտերի քարտեզները։


Տեղեկացնենք, որ EXCLUSIVElife.am-ը այս օրերին աշխատում է հատուկ ռեժիմով։ Մենք ներկայացնում ենք Հայաստանի և Արցախի «սահմանների ճշգրտման» կարևորագույն լուրերը միաժամանակ ներկայացնելով նորությունները հայկական շոու բիզնեսից։