«Ուզում էի հաղթել ադրբեջանցուն, որ նա կանգներ մեր Եռագույնի տակ ու լսեր մեր Օրհներգը»․ Եվրոպայի չեմպիոն Լյովա Գևորգյան - Home - EXCLUSIVElife.am: Armenian Celebrities, Events, Fashion, Presentations & Photoshoot

Լրահոս

«Ուզում էի հաղթել ադրբեջանցուն, որ նա կանգներ մեր Եռագույնի տակ ու լսեր մեր Օրհներգը»․ Եվրոպայի չեմպիոն Լյովա Գևորգյան




Ազատ ոճի ըմբշամարտի ազգային հավաքականը Եվրոպայի առաջնությունից հայրենիք վերադարձավ երեկ լուսաբացին:

Այս մասին փոխանցում է shantnews.am-ը։ Օդանավակայանում մեդալակիր մարզիկներին ու նրանց մարզիչներին հարազատներն ու ընկերներն են դիմավորել։ Մեկ տարվա դադարից հետո անցկացված մրցաշարում մեր հավաքականի արդյունքները լավագույնն են։ Տարբեր հարգի 5 մեդալների շարքում բարձրագույնը նվաճեց ազատ ոճի ըմբիշ, գյումրեցի Լյովա Գևորգյանը՝ հռչակվելով Եվրոպայի չեմպիոն։



Ոսկե մեդալն արդեն 19 ամյա հսկայի տասնյակ մրցանակների ու գավաթների կողքին է: Առաջին մեդալը երիտասարդ չեմպիոնը նվաճել է 8 տարեկանում։ Տարբեր երկրների խորհրդանիշներով մեդալներից Լյովան առանձնացնում է մի քանիսը, վաստակած հաղթանակներն իր համար եղել են կարևոր ու չկրկնվող:

«70-ից ավելի մեդալներ ունեմ, դրանցից մեկը նվաճել եմ 2019 թվականին՝ Ստամբուլում, հենց ապրիլի 24-ին։ Թուրքիայում մենք ապացուցեցինք, որ ուժեղ ենք, մյուս մեդալը նույն թվականի Եվրոպայի պատանիների առաջնության չեմպիոնական մեդալն է, դա իմ առաջին Եվրոպական հաղթական մեդալն է, իսկ վերջինը երիտասարդական խաղերի Եվրոպայի ոսկե մեդալն է, որն էլի առաջինն էր երիտասարդական հավաքականի կազմում »,- պատմում է Եվրոպայի չեմպիոնը։

Պատանիների հավաքականից երիտասարդական տեղափոխվելու ընթացքում չեմպիոնը փոխել է քաշային կարգն ու Եվրոպայի առաջնությանը նախկին 92-ի փոխարեն հանդես եկավ 125 կգ գերծանր քաշային կարգում: Բոլոր քաշային կարգերում և բոլոր գոտեմարտերում մրցակիցների համար Լյովան այդպես էլ մնաց անպարտելի: Միայն իրեն բնորոշ ու անկանխատեսելի հնարքների շնորհիվ հայկական ըմբշամարտի նոր հսկան անզիջում մենամարտերում դարձավ բացարձակ առաջատարը:



Լյովայի համար ամենակարևոր ու պատասխանատու գոտեմարտը ադրբեջանցի ըմբիշի հետ էր: Հայ հսկան մրցելույթի հենց սկզբից, առավելությունը վերցնելով իր ձեռքը, 11-0 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց հակառակորդին՝ զրկելով նրան որևէ միավոր վաստակելու հնարավորությունից։

«Եզրափակիչ գոտեմարտը շատ կարևոր էր ինձ համար, որ հաղթեի ադրբեջանցի ըմբիշին և նա կանգներ մեր դրոշի տակու լսեր մեր օրհներգը․․․ Ինձ համար ամենակարևորը դա էր»,-ասում է Եվրոպայի չեմպիոնը։





Լյովան միայն սպորտում չէ , որ պատվով ու հաղթանակով է ներկայանում։ 19 ամյա չեմպիոնը զինվոր է , այժմ ծառայում է հայկական բանակում։ Հանուն հայրենիքի ծառայելու երդումն ու պատվի առնելու զինվորական պարտականությունը չմոռացավ անգամ մրցագորգում։ Անպարտելի հսկան կիրառեց զինվորի պատվի առնելու ժեստը։



Լյովայի ամենանվիրական նպատակն ու նշանակետը օլիմպիական խաղերին Հայաստանը ներկայացնելն ու հաղթանակով տուն վերադառնալն է: Ասում է՝ երիտասարդական խաղերի Եվրոպայի չեմպիոնությունը դեպի մեծ սպորտ իր հաստատուն առաջին քայլերից մեկն է:

«Ձգտում եմ օլիմպիական ոսկուն հասնել, դեռ երեք տարի ժամանակ կա, վստահ եմ, որ 2024-ին Փարիզում կայանալիք օլիմպիական խաղերին ամեն ինչ լավ է լինելու»։





Առջևում օգոստոսի 16-22-ը Ռուսաստանի Դաշնությունում կայանալիք ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունն է, որտեղ Լյովան կլինի իր քաշային կարգում Հայաստանը ներկայացնող միակ ըմբիշը: